image

Իրերը «խոսելու» են. Ստեղծվելու է վերապրած իրերի թանգարան. լուսանկարներ

Իրերը «խոսելու» են. Ստեղծվելու է վերապրած իրերի թանգարան. լուսանկարներ

Կանադայում մի խումբ հայեր որոշել են հիմնել Արևմտյան Հայաստանից մնացած 100 իրի թանգարան, որոնք հայոց ցեղասպանության յուրատեսակ վկաներ կարող են լինել:

Թանգարանն այժմ գործելու է առցանց և ցուցադրելու է իրեր, որոնք ցեղասպանությունից հետո տարածվել են  աշխարհով մեկ և պահպանվելով, հասնելով մեր օրերը,  ներկայացնում են Արևմտյան Հայաստանի կյանքն ու պատմությունը: «Դեռևս հայկական Ցեղասպանության 100-րդ տարելիցին հղացած այս գաղափարն առաջիկայում՝ ցեղասպանության 102-րդ տարելիցին արդեն վերջնական տեսք կստանա, և թանգարանն ապրիլին կբացվի»- «Արևելք»-ին հայտնեց նախաձեռնողներից մեկը՝ Կանադայի Կոնկորդիա համալսարանի դասախոս, նույն համալսարանի  Simone de Beauvoir ինստիտուտի գիտաշխատող Սիմա Աբրահամյան-Հովհաննիսյանը: Հենց նրան է Հայկական Ցեղասպանության 100-րդ տարելիցի Կանադայի հանձնախումբը առաջարկել  ուսումնասիրել նման թանգարան ստեղծելու հնարավորությունները:  

«Մի խումբ մասնագետների հետ, որոնք նման ծրագրերի փորձ ունեին, համախմբվեցինք, խորհրդակցեցինք և սկսեցինք աշխատանքները: Շուտով հավաքվեցին մարդիկ,  պատմեցին իրենց  ունեցած այն իրերի մասին, որոնք հայոց ցեղասպանությունից են հասել մեր օրերը: 2016-ի օգոստոսին Մոնրեալում հատուկ միջոցառում կազմակերպեցինք, որի ժամանակ ցուցադրեցինք որոշ իրեր: Հենց այդ միջոցառման ժամանակ էլ նման իրեր ունեցող մի խումբ մարդիկ՝ Ատոմ Մալխասյանը, Անի Սերոբյանը,  դոկտոր Ռուբեն Փիլոյանը, Դորոթի Բեյկերը ներկայացրին իրենց տներում պահպանված իրերը և դրանց պատմությունները: Շուտով արդեն այդ պատմությունները, լուսանկարները, տեսագրությունները հասանելի կլինեն նաև թանգարանի կայքէջում»,-մեզ հետ զրույցում ասաց դոկտոր Սիմա Աբրահամյան-Հովհաննիսյանը: Լինելով ցեղասպանությունը վերապրածի ժառանգ, նրա ընտանիքը նույնպես իրեր ունի, որոնք արևմտահայության կյանքն են ներկայացնում: Այդ իրերից է Սիմա Աբրահամյան-Հովհաննիսյանի պապից մնացած ոսկի չափելու գործիքը, որը  տեղ է գտնելու թանգարանում: Արաբական տառերով այդ իրն այսօր  եզակի արժեքավոր նմուշ է համարվում, քանի որ ոչ միայն զուտ Արևմտյան Հայաստանից մնացած է իր է,  այլև այն այսօրվան է հասել Մուսա Լեռան հերոսամարտից: Սիմա Աբրահամյան-Հովհաննիսյանի պապը՝ Եսայի Աբրահամյանը, Մուսա Լեռան հերոսամարտի մասնակիցներից է եղել և կարևոր դերակատարություն է ունեցել:

 


Ոսկի չափելու գործիք. մնացել է Եսայի Աբրահամյանից

 

Մեր զրուցակիցը գործունեություն է իրականացնում  ինքնության պահպանման և Ցեղասպանության թեմաների շուրջ և, այդ ուսումնասիրությունների համար նաև ի՛ր ընտանիքի պատմությունն է իբրև նյութ ծառայում:

Վերապրած իրերի թանգարանի գաղափարը փորձում են տարածել, որպեսզի մարդիկ, իրենց հասած իրերը չպահեն դարակներում, այլ լուսանկարեն և թանգարանի միջոցով պատմեն դրանց մասին: Փաստաթղթերը, նամակները, լուսանկարները, գույքի վկայականներն ու ցանկացան նման թուղթ նույնպես փաստաթղթեր են, որոնք, ըստ Սիմա Աբրահամյան-Հովհաննիսյանի, պետք է տեղ գտնեն Ցեղասպանություն թանգարան-ինստիտուտում: