image

Իրանի ժողովուրդն իր ձեռքով իր երկիրը չի քանդի. Թեհրանի հայոց թեմի առաջնորդ

Իրանի ժողովուրդն իր ձեռքով իր երկիրը չի քանդի. Թեհրանի հայոց թեմի առաջնորդ

Իրանի Իսլամական հանրապետության խոշոր քաղաքներում դեկտեմբերի 28-ից սկսած բողոքի լայնածավալ գործողությունները երեկվանից սկսած հանդարտվում են: Այդ մասին «Արեւելքի» հետ զրույցում ասաց Թեհրանի հայկական թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգսյանը, ավելացնելով, որ Իրանի պես հզոր երկիրն անհնար է քանդել:

«Իրանը շատ ուժեղ եւ զորավոր երկիր է, ինչ-որ բաներ, այո՛, եղան, տնտեսական տագնապը որոշ մարդկանց փողոց հանեց, բայց ինչպես տեսնում եք՝ իշխանությունը կացության տերն է, իրանցի ժողովուրդն էլ իր հերթին կապված է իր արժեքներին, իր երկրին եւ արաբների պես իր ձեռքով  իր երկիրը չի քանդի»,-«Արեւելքին» ասաց Թեհրանի թեմի առաջնորդը: Նա նշեց նաեւ, որ հայկական բնակավայրերը զերծ են մնացել խժդժություններից, ավելին, այդ օրերին հայերը տոնել են Նոր տարին, իսկ հիմա, ինչպես ասաց թեմակալ առաջնորդը, պատրաստվում են Սուրբ Ծննդյան տոնին:  

«Նոր  տարվա առաջին օրը  ես  շնորհավորական այցելություններ տվեցի այն հայ ընտանիքներին, որոնք զոհ են ունեցել իրանա-իրաքյան պատերազմում, այցելեցի կարիքավորներին, մինչեւ ուշ երեկո այցելություններով անցկացրի, եւ  նկատելի էր, որ հայկական համայնքում կյանքը չի խաթարվել, բնականոն հունի մեջ է: Ընդամենը երեկ Թեհրանի քաղաքապետը մեծ ընդունելություն-ճաշկերույթ էր կազմակերպել, բոլոր քրիստոնյա համայնքների ներկայացուցիչներին հրավիրել էր,  ավելի քան չորս հարյուր հոգի էր ներկա, ես էլ էի հրավիրված եւ խոսեցի այդ հավաքի ընթացքում»,-Թեհրանի այսօրվա մթնոլորտը ներկայացրեց առաջնորդը: Մեր այն հարցին, թե ի՞նչ կարծիք ունի այն մասին, որ իբր Իրանի վերջին գործողությունները հրահրված են, Սեպուհ արք. Սարգսյանը պատասխանեց.

«Այս դեպքերը կարող են ե՛ւ բնական, ե՛ւ անբնական լինել: Բոլոր երկրներում էլ, բնականաբար նմանատիպ դժգոհություններ լինում են, տնտեսական տագնապը, դժվարությունը երբեմն մարդկանց անել կացության են մատնում, մարդիկ փողոց են իջնում, բայց Իրանը շատ արագ վերագտավ իր խաղաղությունը: Բոլորս պետք է գիտակցենք, որ Իրանի խաղաղությունը օրհնաբեր կարող է լինել հարեւան երկրների համար, այնպես որ բոլորով ցանկանք այդ խաղաղությունը: Ինչպես նաեւ,  մաղթում եմ ողջ հայ ժողովրդին, Հայաստանին, Արցախին շնորհաբեր Նոր տարի, Աստվածային օրհնություններով օծված տարի թող լինի»,-իր մաղթանքները հղեց մեր զրուցակիցը: 

 

Այցելություն իրանա-իրաքյան պատերազմի հայ զոհերի ընտանիքներին