«Prime Healthcare» ընկերության նախագահ, առողջապահական համակարգի ձեռներց Մայք Սարյանն աշխատանքի բերումով տեղյակ է, թե կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված ինչ վիճակում է ԱՄՆ առողջապահական համակարգը: Անդրադառնալով «Prime Healthcare» ընկերության ներքո գործող հիվանդանոցներին, նա նշում է, որ ինչպես ԱՄՆ-ի շատ հիվանդանոցներ, իրենց հիվանդանոցային ցանցը նույնպես շատ ծանրաբեռնված է, ունեն մեծ դիմելիություն, մարդիկ Covid-19-ի ախտանիշներով կամ երբեմն էլ առանց ախտանիշների դիմում են՝ իրենց կորոնավիրուս հաստատելու կամ հերքելու համար: Շատերն էլ հիվանդանոց են հասնում «Շտապ օգնության» մեքենաներով, և ամերիկյան հիվանդանոցները, ըստ Մայք Սարյանի, չափազանց ծանրաբեռնված են այս օրերին: Առողջապահական համակարգի գործիչը նշում է, որ հիմնական ախտանիշները, որով դիմում են՝ բարձր ջերմությունն ու շնչահեղձությունն է, սակայն կորոնավիրուսը նույն պահին, ինչպես նշում է, չի հաստատվում և մի քանի օր է տևում, մինչեւ բուժառուն, լաբորատոր արդյունքները ստանալուց հետո, տեղեկանում է՝ կա՞ իր մոտ վիրուսը, թե՞ չէ: Անդրադառնալով դիմողների տարիքային խմբին, Մայք Սարյանը նշում է, որ հիվանդանոցներ են դիմում բոլոր տարիքի մարդիկ, բայց բարձր ռիսկի մեջ, ինչպես նշում է՝ 65 անց մարդիկ են: Կալիֆոռնիա նահանգի 400 հիվանդանոցները գրեթե լեցուն են, ասում է Մայք Սարյանը, նշելով, որ նահանգային իշխանությունները քննարկում են հիվանդանոցային նոր հնարավորություններ ավելացնելու մասին: Ինչ վերաբերվում է կորոնավիրուսով վարակվածներին, Մայք Սարյանն ասում է, որ ինչպես աշխարհի շատ երկրներում, ԱՄՆ-ում նույնպես կորոնավիրուսի բուժման դեմ որևէ դեղամիջոց չի կիրառվում, սիմպոմատիկ բուժում է, որ ստանում են վարակակիրները: Ողջ աշխարհի պես, ԱՄՆ-ում նույնպես, ինչպես նշում է, նույնպես սպասում են Covid-19-ի դեմ պատվաստանյութին:
Ըստ նրա, ցավոք, առաջիկա օրերին բարձրանալու է վարակակիրների թիվը, քանի որ վիրուսը, ինչպես հայտնի է, թաքնված շրջան է ունենում կամ ընթանում է անսիմպտոմ եւ թեսթավորվելուց հետո է միայն հայտնի դառնում վարակակրի մասին: Չցանկանալով խուճապ տարածել, Մայք Սարյան հորդորում է պատրաստ լինել ցանկացած սցենարի, քանի որ ԱՄՆ-ում ներկա ընթացքը տանում է դեպի թվերի բարձրացում: «Անշուշտ, հեշտ է պարագան այն մարդկանց, որոնք ուղեկցող հիվանդություններ չունեն և արագ ապաքինվում ու տուն են գնում: Հաճախ են դեպքերը, երբ կորոնավիրուսով վարակակրին, եթե թեթև է տանում, պարզապես հորդորում են տանը մնալ, և բուժումը ընթանում է տանը: Հիվանդանոցները հանգստյան վայրեր չեն, նրանք այս պահին միայն լուրջ հիվանդների պետք է ընդունեն»,- ասում է Մայք Սարյանը:
Կորոնավիրուսի համաճարակը ցույց տվեց, որ շատ քիչ երկրների առողջապահական համակարգեր էին պատրաստ՝ դիմակայելու նման մեծ մասշտաբի համաճարակին, ԱՄՆ առողջապահական համակարգը, լինելով գերտերության համակարգ, նույնպես կաթվածահար է: Այդ մասին Մայք Սարյանը ասում է հետևյալը.
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Prime Healthcare» ընկերության նախագահ, ամերիկահայ բարերար ու առողջապահական համակարգի ձեռներեց Մայք Սարյանը վերջերս, կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված, թոքեր նկարելու ժամանակակից ու շարժական սարք է նվիրել Հայաստանին: