image

Իմ սիրելի Մոնթե', քո մասին անցյալով չեմ կարող խոսել. զոհված զինվորի ուսուցչուհին՝ նրա մասին

Իմ սիրելի Մոնթե', քո մասին անցյալով չեմ կարող խոսել. զոհված զինվորի ուսուցչուհին՝ նրա մասին

«Փոքր Մհեր» կրթահամալիրի գրականության ուսուցչուհի Նարինե Առաքելյանն իր ամենասիրելի աշակերտներից մեկի հուղարկավորությունից օրեր հետ էլ չի կարողանում զսպել արցունքները:

Ապրիլի 8-ին Եռաբլուրում հողին հանձնվեց ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում զոհված ավագ լեյտենատ Բենիամին Եղոյանի մարմինը: Բենիամինին  «Փոքր Մհեր» կրթահամալիրում բոլորը «Մոնթե» էին ասում. «Նա այնքան հայրենասեր էր, ծնվել էր կռվելու և հաղթելու համար: Նրան ոչ ոք իր անունով չէր դիմում, «Մոնթե» էին կանչում  նաև այն պատճառով, որ Մոնթեն եղել է Բենիամինի հոր ընկերը՝ Արցախյան ազատմարտում- «Արևելքի» հետ զրույցում ասաց Բենիամին-Մոնթե Եղոյանի դասղեկը, նշելով, որ զոհված զինվորի հայրը Արցախյան շարժման մասնակից, գնդապետ Ներսես Եղոյանն է, որը պատերազմի դաշտում ստացած հիվանդություններից հետո այսօր անվասայլակով է տեղաշարժվում: Նարինե Առաքելյանն ասաց, որ Բենիամինը կռվի դաշտ է մտել եռագույն դրոշը տանկի վրա դրած, 24-ամյա լեյտենանտը վերջերս էր ամուսնացել…

«Նա հայրենասիրական այնպիսի ոգի ուներ… Եւ առհասարակ, այդ սերնդից շատ մեծ հայրենասիրական ոգի է սկիզբ առել և այսօր էլ նոր աշակերտների մեջ է մտած»,-իր աշակերտների մասին ասում է Նարինե Առաքելյանը: Նա արդեն կրթահամալիրի տնօրինությանն է դիմել՝ իր դասարանը  Բենիամին Եղոյանի անունով կոչելու առաջարկով և, ինչպես նշեց, պատրաստվում է «Փոքր Մհեր» կրթահամալիրում միջոցառում կազմակերպել՝ նվիրված ապրիլյան զոհերի հիշատակին:

 


 

«Ի՛մ սիրելի Մոնթե, հայրենասիրությունը քո արյան մեջ է: Դեռ փոքր տարիքից էիր երազում թշնամուն վերացնելու, զոհված հերոսների վրեժը լուծելու մասին: Քո մասին անցյալով չեմ կարող խոսել, դու միշտ  մեզ հետ ես, մեր սրտերում... Պետք է ապրեիր՝ ապրեցնելով քեզ սիրողներին...»,- աշակերտի մասին գրել է ուսուցչուհին: 

 

Բենիամին Եղոյանը