«Փոքր Մհեր» կրթահամալիրի գրականության ուսուցչուհի Նարինե Առաքելյանն իր ամենասիրելի աշակերտներից մեկի հուղարկավորությունից օրեր հետ էլ չի կարողանում զսպել արցունքները:
Ապրիլի 8-ին Եռաբլուրում հողին հանձնվեց ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում զոհված ավագ լեյտենատ Բենիամին Եղոյանի մարմինը: Բենիամինին «Փոքր Մհեր» կրթահամալիրում բոլորը «Մոնթե» էին ասում. «Նա այնքան հայրենասեր էր, ծնվել էր կռվելու և հաղթելու համար: Նրան ոչ ոք իր անունով չէր դիմում, «Մոնթե» էին կանչում նաև այն պատճառով, որ Մոնթեն եղել է Բենիամինի հոր ընկերը՝ Արցախյան ազատմարտում- «Արևելքի» հետ զրույցում ասաց Բենիամին-Մոնթե Եղոյանի դասղեկը, նշելով, որ զոհված զինվորի հայրը Արցախյան շարժման մասնակից, գնդապետ Ներսես Եղոյանն է, որը պատերազմի դաշտում ստացած հիվանդություններից հետո այսօր անվասայլակով է տեղաշարժվում: Նարինե Առաքելյանն ասաց, որ Բենիամինը կռվի դաշտ է մտել եռագույն դրոշը տանկի վրա դրած, 24-ամյա լեյտենանտը վերջերս էր ամուսնացել…
«Նա հայրենասիրական այնպիսի ոգի ուներ… Եւ առհասարակ, այդ սերնդից շատ մեծ հայրենասիրական ոգի է սկիզբ առել և այսօր էլ նոր աշակերտների մեջ է մտած»,-իր աշակերտների մասին ասում է Նարինե Առաքելյանը: Նա արդեն կրթահամալիրի տնօրինությանն է դիմել՝ իր դասարանը Բենիամին Եղոյանի անունով կոչելու առաջարկով և, ինչպես նշեց, պատրաստվում է «Փոքր Մհեր» կրթահամալիրում միջոցառում կազմակերպել՝ նվիրված ապրիլյան զոհերի հիշատակին:

«Ի՛մ սիրելի Մոնթե, հայրենասիրությունը քո արյան մեջ է: Դեռ փոքր տարիքից էիր երազում թշնամուն վերացնելու, զոհված հերոսների վրեժը լուծելու մասին: Քո մասին անցյալով չեմ կարող խոսել, դու միշտ մեզ հետ ես, մեր սրտերում... Պետք է ապրեիր՝ ապրեցնելով քեզ սիրողներին...»,- աշակերտի մասին գրել է ուսուցչուհին:

Բենիամին Եղոյանը