Հայկական ծագումով 15-ամյա Ալիք Ֆիշերը՝ Բոստոնից, հիմնել է հայկական խոհանոցային ձեռնարկություն, որ իր տատիկի՝ հալեպահայ Մելինե Արսլանյանի (Մելո) անունով կոչել է Melo's Kitchen: Ամերիկյան մամուլն անդրադարձել է Բոստոնի դպրոցներից մեկի 11-րդ դասարանի աշակերտուհու այս նախաձեռնությանը. Սիրիայի պատերազմից հետո, երբ բազմաթիվ սիրիացիներ նաև դեպի ԱՄՆ ճանապարհ բռնեցին, Ալիքն այնքան էր ազդվել սիրիացի փախստականների վիճակից, որ ցանկանում էր մի բանով օգնել նրանց: Նրա ընտանիքի մի մասը նույնպես ԱՄՆ է հասել Մերձավոր Արևելքից, սակայն՝ 1970-ականներին: Տատիկը՝ Մելինեն կամ Մելո Արսլանյանը, ծնվել է Հալեպում: Վերջինիս տատիկը ցեղասպանությունից փրկվածներից է եղել, որ կորցրել է ընտանիքի մի մասը և մյուս մասի հետ հաստատվել Հալեպում: Նրանց մեջ է եղել նաև Մելինեի մայրիկը՝ Լուսինեն: Ավելի ուշ Լուսինեն իր ընտանիքի հետ տեղափոխվել է Լիբանան՝ ավելի հեռանկարային ապագա գտնելու նպատակով: Այստեղ Լուսինեի դուստրը՝ Մելինեն գտել է իր երկրորդ կեսին՝ Նորայր Արսլանյանին: Նրանք ունեցել են երկու դուստր՝ Ռինան և Ալինը (մեր պատմության հերոսուհին Ալինի դուստրն է):
Սակայն նորից պատերազմը, ա՛յս անգամ՝ Լիբանանի քաղաքացիական պատերազմը, կրկին ստիպել է շատ հայ ընտանիքների՝ լքել Լիբանանը: Մելինեն, նրա ամուսինը և նրանց աղջիկները, Լիբանանից հեռանալով, հաստատվել են Լեքսինգտոնում:
Այն, ինչ սկզբում միտում ուներ կոչվելու ժամանակավոր տեղափոխում, հետագայում վերափոխվել է մշտականի, քանի որ Լիբանանի քաղաքացիական պատերազմը շարունակվում էր: Ամերիկան այս ընտանիքի նոր տունն է դարձել, և նրանք Բոստոնում հիմնել են ADCO Diamond Corp-ը: Քանի որ Հալեպը Մելոյի ծննդավայրն է, և միևնույն ժամանակ՝ բազում իր հայրենակիցների բնակավայրը, Արսլանյանների ընտանիքը անձնական պարտավորվածություն է զգում ոչ միայն աջակցել այս համայնքի դրամական միջոցների բարձրացմանը, այլ նաև իրազեկել ամերիկյան հասարակությանը՝ դրա գոյության և վիճակի մասին:
Ալինի դստեր՝ Ալիքի ճաշերի պատրաստման գաղափարը սկզբում գործել է Բոստոնի Միջազգային Դպրոցի մի ծրագրում, որտեղ աղջիկը սովորում է, իսկ այսօր այն դարձել է բիզնես: Իսկ ընդհանրապես, մամուլը Melo's Kitchen-ն անվանել է առաքելություն, որով պարմանուհին ուշադրություն է հրավիրում իր տատիկի հայրենի երկրում տիրող պատերազմի վրա:
«Երբ մարդիկ հարցնում են, թե ինչ ազգության եմ պատկանում, ես ասում եմ՝ հայ եմ: Տատիկս ու պապիկս ապրում են մեզ հետ, ուստի ես շատ մոտ եմ իմ ծագմանը»,-մամուլին ասել է Ալիքը:
Նա նշել է, որ ուտելիքը հիմնականում իր տատիկն է պատրաստում, իսկ ինքը ծրագրին օգնում է արձակուրդներին՝ ոգևորվելով ավելի շատ մարդկանց օգնելու գաղափարից: Ռեստորանում հաճախորդներին շատ է դուր գալիս սիսեռածաղը՝ հոմոսը. նրանք առաջին ափսեից հետո անպայման երկրորդն են պատվիրում, իսկ երբ իմանում են, որ գումարն ամբողջությամբ ուղղվում է բարեգործության, երբեմն ավելի են վճարում: Ալիքը մամուլին պատմել է հոմոսի գաղտնիքը, նշելով, որ այն ընդհանուր առմամբ, իր յուրահատկությունը ստանում է համեմունքների համադրության շնորհիվ, ինչպես հայկական խոհանոցում օգտագործվող չամանն ու Հալեպի պղպեղն են:
Մելինե Արսլանյանը
Վերաբնակեցման հարցում աջակցություն ցուցաբերելու համար Ֆիշերը «Մելոյի խոհանոց»-ի ամբողջ եկամուտը նվիրաբերում է «Հալեպ» հայրենակցական բարեգործական կազմակերպությանը: Վերջինս սիրիահայերի ստեղծած մի կազմակերպություն է, որն անհապաղ օգնություն է տրամադրում այն ընտանիքներին, որոնք Սիրիայից տեղափոխվել են Հայաստան:
Ֆիշերը ծրագրում է ֆիլմ նկարահանել «Մելոյի Խոհանոց»-ի մասին. Ֆիլմը կրկին դրամահավաք կազմակերպելու նպատակ ունի: Սակայն դա մի քիչ դժվար հարց է, քանի որ նրա տատիկը չի սիրում խոսել իր՝ Մերձավոր Արևելքում անցկացրած կյանքի մասին: Ֆիշերը միայն փոխանցում է, թե ինչ է զգում տատիկը, երբ լսում է Սիրիայում կատարվող ավերածությունների մասին:
«Ես կարող եմ ասել, թե նա ինչպես է արձագանքում լուրերին, որքան ցավ է պատճառում նրան այդ ամենը: Նրա հայրենի երկիրը ավերված է, և նրա համար ակնհայտ ցավալի է տեսնել այդ ամենը»,-տատիկի զգացումներն է փոխանցում Ալիքը:
Պատրաստեց՝ «Արևելքը»