Սիրիահայ Լևոն Բեքերյանը 20 տարուց ավելի է` արծաթագործությամբ եւ ոսկերչությամբ է զբաղվում: 2015թ-ի օգոստոսին, լքելով ծննդավայր Հալեպը, նա հաստատվել է հայրենիքում` Հայաստանում:
«Սիրիայում 2011-ին պատերազմը սկսվել էր, 2012-ին սկսեցին Հալեպի վրա էլ կրակել: Երեք ամիս անգործ մնալուց հետո որոշեցինք` պետք է հեռանալ: Ծնողներիս հետ եկանք Երևան: Դժվար էր սկզբում. Հալեպում արդեն արմատներ էինք գցել, տուն ստեղծել, այստեղ երեխայի պես ամեն ինչ զրոյից պետք է սկսեինք»,- ասում է նա:
Վարպետ Լևոնը, ինչպես և մյուս հայ վարպետները Հալեպում հայտնի ոսկերիչներ էին, նրանց արտադրանքը մեծ պահանջարկ էր վայելում ամբողջ Սիրիայում:
«Հալեպը ոսկերիչների բույնն է, գործն այնտեղ ավելի լավ էր, ավելի շատ էր վաճառվում, քան Հայաստանում: Այստեղ շուկան նեղ է, մրցակցությունն ավելի ուժեղ է, մարդիկ ավելի քիչ են գնում, դժվարությամբ են իրենց գումարից բաժանվում: Հավանաբար դժվարությամբ են վաստակում, դժվարությամբ էլ տալիս են»,- ասում է նա:
Լևոն Բեքերյանըը պատրաստում է ոչ միայն հաճախորդների պատվիրած մոդելները, այլև ինքն է նոր ձևեր հորինում` մոմի վրա փորագրություններ անելով:
«Լինում է` գալիս են, ասում են` վարպետ, մի բան հորինիր: Իրենց համար ինչ-որ նոր բան եմ փորագրում: Վերջին շրջանում հաճախորդները հիմնականում արծաթից զարդեր են ուզում, ավելի էժան մետաղ է»,- ասում է նա:

Հայաստանում դժվարությունները քիչ չեն եղել, վարպետ Լևոնը, սակայն, չի ընկճվել, Երևանում հաստատվելուց կարճ ժամանակ անց Ոսկու շուկայում իր արհեստանոցն է բացել, աշխատել տեղացիներից կրկնակի ու եռակի շատ` ոտքի կանգնելու և անհրաժեշտ ծախսերը հոգալու համար:
«Եթե տեղացին մեկ կվազի, մենք երեք-չորս կվազենք: Իրենք 6-ին կփակեն, մենք առավոտ կգնանք: Պարապությունը լցնելու համար կփորձենք այդ ձեւով լցնել»,- ասում է նա:
Հայաստանում ճակատագիրը բարեհաճ է եղել սիրիահայ Լևոնի նկատմամբ, Երևան տեղափոխվելուց կարճ ժամանակ անց նա հանդիպել է գեղեցկուհի Նինային, սիրահարվել, որոշել` հենց նրա հետ է կապելու կյանքը:
«Որ Նինային հանդիպեցի, այն բարդույթները, որ մարդիկ կստեղծեն չտեսա, ամեն ինչ շատ պարզ եղավ, դա սիրեցի ես»,- ասում է նա:
Երևանաբնակ Նինային ապագա ամուսնու մեջ ամենից շատ կնամեծար լինելն է գրավել, սեփական փորձով է համոզվել` երբ կողքիդ կա սիրելի մեկը, դժվարություններն ու խնդիրներն ավելի արագ են հաղթահարվում:
«Պարզություն, անկեղծություն, բարություն… Կնոջ նկատմամբ վերաբերմունքն ուրիշ ձև է: Հայաստանում տղաների վերաբերմունքը ինչ-որ առումով կոպիտ է, գուցե դժվար պայմաններն են պատճառը, չգիտեմ: Բայց Լևոնը բնավորությամբ շատ մեղմ է, կնամեծար…»,- ասում է Նինան:
Հալեպի խոհանոցի գաղտնիքներին Նինան դեռևս չի տիրապետում, բայց խոստանում է` արագ յուրացնել նաև դրանք, և հայկական ճաշատեսակների կողքին ապագա ամուսնուն ու նրա ծնողներին հրամցնել նաև սիրիական ուտեստներ:
«Ինքը մեր ճաշատեսակներին է հարմարվում, ես` իրենց: Ժամանակի ընթացքում կամաց կհարմարվենք մեր խոհանոցների համային տարբերություններին»,- ասում է Նինան:
Տաթևիկ Սարգսյան/«Արևելքին»