image
Հրատապ լուրեր:

Ազատ Օրդուխանյան. Մենք հանգիստ չենք թողնի Գերմանիայում թուրքական եւ ադրբեջանական դեսպանատները.

Ազատ Օրդուխանյան. Մենք հանգիստ չենք թողնի Գերմանիայում թուրքական եւ ադրբեջանական դեսպանատները.

Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման վերաբերյալ պաշտոնապես որեւէ հայտարարություն անելուց առաջ Գերմանիան, որը նաեւ այս տարի նախագահում է ԵԱՀԿ-ն,  պարտավոր է առաջին հերթին պատվիրակություն ուղարկել Արցախ եւ տեղում մանրակրկտորեն եւ ճշգրիտ ուսումնասիրել իրավիճակը: Այնինչ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը ցուցաբերում է ոչ պրոֆեսիոնալ մոտեցում, «Ռադիոլուր»-ի հետ զրույցում շեշտել է Գերմանիայի հայ ակադեմիականների միության նախագահ, պատմագետ, Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչ Ազատ Օրդուխանյանը:

Հարձակում իրագործող կողմ Ադրբեջանին սաստիչ հորդոր հղելու փոխարեն Շտայնմայերը երկկողմ, ոչ հասցեական հայտարարություններ է ուղղում: Ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է ցուցաբերում նաեւ գերմանական մամուլը:

«Տեղում ոչ մի գերմանական լրատվամիջոց չի աշխատում: Նրանք բոլորը հղում են կատարում գերմանական գործակալություններին, պատճենված տեքստեր ներկայացնում: Դրանք հայերին չեն մեղադրում, բայց մեղադրում են երկու կողմին հավասարապես, ինչն անարդար է եւ մասնագիտորեն ոչ ճիշտ»,- կարծում է պատմագետը:

«Գերմանահայ համայնքում տրամադրությունը մարտական է: Եթե այսպես շարունակվի, մենք հանգիստ չենք թողնի թուրքական եւ ադրբեջանական դեսպանատները, հյուպատոսությունները: Նրանք համարժեք պատասխան կստանան գոնե համայնքային մակարդակով: Ամեն հայ երիտասարդի կյանքի համար նրանք պետք է պատասխան տան»,- շեշտել է Գերմանիայի հայ ակադեմիականների միության նախագահը: 

«Ռադիոլուր»-ի հետ զրույցում նա նաև ասել է.«Էրդողանի հայտարարությունները եւս պետք է դատապարտել: Նա պետք է հասկանա` եթե իրենք պատրաստ են մինչեւ վերջ օժանդակել Ադրբեջանին, ապա պետք է տեղյակ լինեն, որ հայկական մոտ 10 միլիոնանոց Սփյուռքը պատրաստ է նույն ուժգնությամբ, նույն ուժով պաշտպանել իր եղբայրներին Հայրենիքում, Արցախում եւ իր տարածքների վրա»: