72 տարեկան հասակին կեանքէն հեռացած է Հայաստանի Հանրապետութեան նախագահի խորհրդական, թարգմանիչ, դիւանագէտ Համլէթ Արամայիսի Գասպարեանը․
«Համլէթ Գասպարեանը իր երկրի ու ժողովրդի նուիրեալ զաւակն էր: Նա այդպիսին էր թէ՛ կեանքում, թէ՛ աշխատանքային գործունէութեան ողջ ընթացքում, թէ՛ մարդկային յարաբերութիւններում:
Համլէթ Գասպարեանը հեղինակել է բազմաթիւ յօդուածներ, կազմել եւ խմբագրել գրքեր, թարգմանել գեղարուեստական ստեղծագործութիւններ:
Համլէթ Գասպարեանը մի առանձին սէր ու համակրանք ունէր Շարլ Ազնաւուրի հանդէպ: Ազնաւուրի հեղինակած ու Ազնաւուրի մասին գրեթէ բոլոր գրքերը, որոնք հայերէն հասանելի են ընթերցողին, իրենց վրայ ունեն Համլէթ Գասպարեանի անխոնջ աշխատանքի կնիքը:
Համլէթ Գասպարեանի լրագրողական դպրոցն ինքնատիպ վարպետութեան դասընթաց էր, որի միջով անցան բազում լրագրողներ, որոնք այսօր էլ յայտնի դէմքեր են հայկական լրատուական դաշտում: Նա իր գործի իսկական մասնագէտն էր, պետական արժանապատիւ պաշտօնեայ, ազնիւ ընկեր ու ընտանիքի նուիրեալ հայր:
Հանրապետութեան նախագահի աշխատակազմը ցաւակցում է Համլէթ Գասպարեանի ընտանիքին, հարազատներին, մերձաւորներին ու ընկերներին եւ կիսում նրանց ծանր վիշտը», ըսուած է ՀՀ նախագահի աշխատակազմի յայտարարութեան մէջ: