Ստեփանակերտի 25-30 տոկոսը ջրազրկուած է։ Արցախի «Ջրմուղ-կոյուղին» այս օրերուն աշխատանքային խումբերով, ինքնաշարժներով, առաւօտէն մինչեւ կէսգիշեր Ստեփանակերտի ջրազրկուած թաղամասերու բնակիչներուն անվճար ջուր կը մատակարարէ։
NEWS.am-ի հետ զրոյցին Արցախի «Ջրմուղ–կոյուղի» ՓԲԸ տնօրէն՝ Գագիկ Պօղոսեան ըսած է, որ ջուրի պաշարներու պակասը պայմանաւորուած է երկու հանգամանքով՝ ջուր օգտագործողներուն քանակի յաւելումուվ եւ տեղումներու քանակի պակասով: Ըստ Գագիկ Պօղոսեանին՝ միակ յոյսը այս պահուն անձրեւներն են:
ԵՊՀ աշխարհագրութեան եւ երկրաբանութեան ֆակուլտետի դեկան, դոցենտ՝ Մարատ Գրիգորեան վստահեցուցած է, որ վերջին տարիներուն Արցախը ջուրի խնդիր չէ ունեցած, եւ խնդիրները առաջացած են, երբ Արցախի տարածքներու մեծ մասը անցած Ատրպէյճանի վերահսկողութեան տակ։
«Այդ ջրերի հիմնական ակունքներն արդէն նրանք են հսկում, ինչպէս նաեւ միւս գետերի ակունքները։ Վերջերս մենք լսեցինք, որ Իշխանագետի վրայ նրանք 10-րդ դարի կամուրջ են քանդել եւ ցանկութիւն ունեն գետի հոսքը փոխելու։ Այդ աշխատանքը նրանք կատարում են բոլոր այն գետերի հետ, որոնք սկիզբ են առնում իրենց գրաւուած տարածքներից, որոնք գալիս են դէպի Հայաստան կամ Արցախ»։
Երկրաբանը ըսած է,- «Լուծման ճանապարհը մէկն է՝ պէտք է հնարաւորինս կարողանանք նորից հսկել այդ սնման աղբիւրները, որոնք գալիս են դէպի Արցախ»։