Ատրպէյճանի հետ քննարկուողը ոչ թէ խաղաղութեան պայմանագիր է, այլ Հայաստանը ապազգային դարձնելու ծրագիր: Այս մասին իր դիմատետրեան էջին գրած է Ազգային Ժողովի «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր, ՀՅԴ Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթէլեանը:
«Իլհամ Ալիեւի նոր յայտարարութիւնները՝ Հայաստանի դենացիոնալիզացիայի ծրագրի բացայայտման հերթական վկայութիւն: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի յայտարարութիւնները մէկ անգամ եւս փաստում են, մեր այն պնդումները, որ քննարկուողը ոչ թէ խաղաղութեան պայմանագիր է, այլ Հայաստանի դենացիոնալիզացիայի ծրագիր։
Մեր իրաւունքների պաշտպանութեան գործիքակազմերից հրաժարման, միջազգային դատարաններից հայցերի ետ քաշման, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման, Հայաստանի սահմանադրութեան փոփոխութեան եւ հայկական բանակի վերաբերեալ հնչող պահանջները ոչ թէ ուղղուած են խաղաղութեան հաստատմանը, այլ միտուած են հայկական գործօնի եւ ինքնութեան ոչնչացմանը։
Այս նպատակի իրականացման տրամաբանութեան մէջ են նաեւ Հայաստանում ադրբեջանցիների բնակեցման ծրագրի մասին յայտարարութիւնները։
Մէկ անգամ եւս արձանագրենք պարզ ճշմարտութիւնը, որը բանակցային սեղանին վախենում է բարձրաձայնել Նիկոլ Փաշինեանը.
Հայաստանի տարածքում տարբեր ժամանակներում բնակութիւն հաստատած ադրբեջանցիների վերադարձի հարցը չի կարող նոյնացուել եւ համահաւասարեցուել Արցախից՝ ցեղասպանութեան անմիջական վտանգի տակ բռնի տեղահանուած մեր հայրենակիցների իրաւունքների վերականգնման խնդրի հետ։
Եթէ Ադրբեջանը ցանկանում է բարձրացնել այդ հարցը, ապա այն պէտք է քննարկուի Բաքւում եւ Սումգայիթում բռնի տեղահանուած, կոտորածների հետեւանքով փախուստի դիմած հայերի իրաւունքների համատեքստում։
Արցախահայութեան վերադարձի իրաւունքն ու կարգավիճակը պէտք է լինի հայկական շահերով առաջնորդուող ցանկացած բանակցողի առաջնային եւ գլխաւոր օրակարգը։
Միայն բանակցութիւններում Արցախի հարցի յստակ առաջ քաշումը, մեր իրաւունքների յամառ պաշտպանութիւնը կարող են զսպել Ադրբեջանի նոր պահանջները եւ ագրեսիան։ Հակառակ դէպքում, Ալիեւի կողմից հնչեցուած յայտարարութիւնները մէկ անգամ եւս վկայում են, որ Ադրբեջանին զիջումներով խաղաղեցնելու ծրագիրի վերջնարդիւնքը միայն նոր ու աւելի կոշտ պահանջներն են լինելու»,- գրած է Իշխան Սաղաթէլեանը: