image

Սա մեր երթն է դէպի տաճար. Ստեփան Ալաճաճեան

Սա մեր երթն է դէպի տաճար. Ստեփան Ալաճաճեան

«Արեւելք» կը շարունակէ թուայնացնել գրող, հրապարակախօս, մտաւորական Ստեփան Ալաճաճեանի՝ տարբեր տարիներու հայաստանեան եւ սփիւռքեան մամուլով հրապարակուած յօդուածները, հրապարակախօսական նիւթերն ու ակնարկները: Այնտեղ գրողի, հայրենասէր եւ հայրենանուէր մտաւորականի մտահոգութիւնն է ազգային, քաղաքական, հասարակական բազում իրադարձութիւններու առթիւ, անոր խոհերն ու առաջարկութիւններն են՝ աւելի ամուր հայկական պետականութիւն ունենալու, աւելի պայծառ Հայաստան ու շէն Արցախ կառուցելու եւ աւելի առաջադէմ հայկական իրականութիւն ունենալու առթիւ:  

Ստեփան Ալաճաճեանի այս յօդուածը, որ կը ներկայացնենք ձեր ուշադրութեան՝ Արցախի մասին է: Գրողը այն գրած է 1997 թուականին եւ ամբողջ հայութեան ուշադրութիւնը հրաւիրած Արցախ աշխարհին վրայ: Ան բոլորին կոչ ըրած է մասնակցելու այդ տարուան թելեթոնին, որու միջոցներն պիտի ուղղուէին Արցախի շինութեան, այնտեղ բնակարաններ, դպրոցներ  եւ այլ շէնքեր շինուելուն եւ նաեւ՝ Արցախը Մայր Հայաստանի կապող ճանապարհի շինարարութեան: Այսօր, երբ ողջ հայութեան ուշադրութիւնը կրկին Արցախի վրայ է, Ստեփան Ալաճաճեանի այս յօդուածը այնքա՜ն արդիական կը դառնայ մեր այսօրուան համազգային ցաւին առընթեր:

«Սա մեր երթն է դէպի տաճար» յուզիչ խորագիրով այս յօդուածն այսօր առանց յուզումի անհնար է ընթերցել, երբ կը տեսնենք, թէ ի՜նչ երազներ եւ հաւատք ունեցած են մեր մեծերը՝ հայ  մտաւորականները, գրողները, Արցախի կառուցման, շինութեան հարցով: Այդ երազանքներու մի մասը իրականացուած է համայն հայութեան ուժերով, բայց այսօր, ամէն երազ կարծես փշրուած է եւ Արցախն ու արցախցին մինակ մնացած է իր ցաւին հետ:

«Երբ հայրենիքից եւ նրա պետութիւնից ակնկալում ենք ինչ-որ բան, ապա հարցնո՞ւմ ենք ինքներս մեզ, թէ ի՛նչ ենք մենք տալիս մեր հայրենիքին ու նրա պետականութեանը»: 

ԱՄՆ-ի նախկին նախագահ Ճոն Քենետի

Բարձունքներին գլխահակ նայել չէք կարող: Շուշին բարձունքի վրայ է՝ որ ճամբով էլ ուզենաք ելնել, ուստի բարձր պահէք ձեր գլուխը ու հպարտ նայէք վերեւ եւ էլ աւելի բարձր, որ Արցախի հողում՝ Լուսաւորչի կանթեղի պէս աստղերն ի վեր նետուող Շուշիի տաճարի զանգակատունը տեսնէք:

Դա մեր գոյութեան փաստն է: 

Հենց այստեղ, այս բարձունքից է հնչում այն, որ սահմանների անխախտութեան օրէնքից եւ ազգերի ինքնորոշման իրաւունքից առաջ գոյութիւն ունի եւ ունեցել է մարդու եւ ազգերի գոյութեան իրաւունքը: Այդ իրաւունքն է, որ պիտի սահմանուի իբրեւ օրէնք, արցախահայու՝ գոյութեան իրաւունքը, որին նուիրուած է այս հեռարշաւը, որ կոչում ենք թելեթոն: 

Ասացէք մարդիկ, ասացէք հայե՛ր, ո՛վ է լիազօրուած արցախցուն գոյութեան իրաւունքից զրկելու: Իսկ թէ նա ունի գոյութեան իրաւունք, ապա եւ ունի ինքնորոշման իրաւունք, եւ իր կեցութեան համար աշխարհագրական տարածք ունենալու եւ նրա սահմանները որոշելու ազնիւ իրաւունք:

Տեսէք, այնտեղ, Շուշիի բարձունքի վրայ եւ դրանից անդին՝ Խաչէնագետի ափերից վեր՝ Գանձասարի ու նրանից էլ անդին, արեւի կողմը թեքուած, Ամարասի վեհ տաճարներն են, իբրեւ վկայ մեր գոյութեան աստուածատուր իրաւունքին:

Էլ գլխիկոր չենք անցնելու ձորերն ի վար, սարերն ի վեր: Ես ցաւոտ ոտքերով եմ անցել այս զառիվերներով:

Մեր լեռների վրայ հիմա մի նոր ողնաշար է դնում հայոց հիմնադրամը՝ իբրեւ առաքելութիւն աշխարհաբնակ դարձած մեր ժողովրդի, իմ եւ քո՛, քո՛ եւ իմ ժողովրդի սրտակոչ յանձնարարութեամբ, եւ այն էլ Հայկական Պար լեռնաշղթայից, որ Արարատի մէջքից է սկսում, Արագածի գագաթներից, Գեղամայ լեռներից ու Սիւնեաց սարերից մինչեւ Սահունասար:

Սա մեր ազգի զգացած հազարամեայ անհրաժեշտութիւնն է, մեր անջատուածութեան մի մասնիկի աւարտը: Սա է մեր ճամբան, որ մենք պիտի բացենք բոլոր ազգերի առջեւ ու կանչենք նրանց Գանձասարի ու Ամարասի վեհութիւնները դիտելու, եւ սա է այն ճամբան, որ առողջ մի յարաբերութիւն է դառնալու համայն հայութեան ու Արցախի միջեւ, հայը հայի հետ, ուր էլ նրանք լինեն, եւ ամէն մի մարդու հետ, որ սրբութիւններ է սիրում եւ բնութեան գեղեցկութիւնը: Մե՛նք պիտի բացենք այս ճանապարհը եւ կառուցենք այնպէս, որ հաստատենք, եւ ունենանք ազգային ինքնաճանաչում եւ ապա ասենք աշխարհին, թէ Արցախի ու Հայաստանի վրայ ապրող ժողովուրդները նոյն արիւնն ունեն, նոյն Աստծուն են աղօթում, թէ մեր բոլոր սարերում Կոմիտասի երգն է հնչում, թէ մեր վարժարաններում նոյն գրերով են կարդում ու գրում, ու Մեսրոպի սքեմաւոր գրչագիրների մագաղաթների թանգարաններն են ամէնուր, այսինքն՝ մեր ազգային ինքնաճանաչմանը կը հետեւի Արցախի եւ Հայաստանի նոյնազգի ժողովրդի ծանօթացումը, նրա տարածքների նոյնութեան ծանօթացումն ամբողջ աշխարհին: Հա՛յ, մասնակցիր այս սուրբ գործին:

Հողահան մեքենայի վարորդ Արշակն ինձ ասաց, որ Գորիսից դէպի Ջաբուղ, Լաչինի ճանապարհը, մեր տղաները՝ Շահէնն ու Մոնթէն, Արաբոն ու Արծիւ Սագոյի ջոկատները անցել են խորտուբորդ դերբուկներով, ափերն ի վեր պղտոր գետը մտնող Միրիկի վտակը ճողփելով: 

-Անցան,-ասաց նա,-ու արիւն թափեցին հողի վրայ ու ջրի մէջ: Զոհեր տուեցինք եւ հրէն (այնտեղ է) Գզրենց Գալոյի աղջիկը: Ոսումնական է, Հէրն ընկաւ ժայռի տակ, իր պայթեցրած ժայռերի տակ… Նրա աչքերում այս կամուրջի կառուցման երազանքը մնա՛ց... ուո՜ւ, նրա փակ կոպերի տակ:

Գզրենց Գալոյի աղջիկը այնտեղ էր՝ Լաչին չհասած, քարափի մօտ... Արցախի եւ Հայաստանի սահմանների միջեւ գետն է իր երազահողերով: Հայոց հողից գալիս են վտակներ ու լցւում մէջը, Արցախի կողմից էլ... 

Ափեզրերի ընդարձակ ու ամայի հողերը դաշոյնի պէս խրուել են հայոց աշխարհի մէջքին ու մեզ բաժանել իրարից: Լաչինն անցնելուդ պէս Հին Շէնն է, վերեւը՝ Մեծ Շէնը, մինչեւ այնտեղ Լենագոր, Զարիստ, Քարինտակ հասնելու է այս ճամբան: Ուստի մեզ հողահան մեքենաներ տուէք ու ժայռեր պայթեցնող նիւթ, ու քար կտրող մեքենայ... կը հերկենք Հագարու ափերը եւ ջրերից լոյս կը հանենք...

Այո՛, ուսումնական Գզրենց Գալոլի աղջիկը: Մեսրոպեան դպրութիւն էր դասաւանդում Գորիսի Մանկավարժական ուսումնարանում, բայց թողել եկել է զոհուած հօրը փոխարինելու:

Արցախի ֆիզիքական վերացումը արգելող ճամբան սա է,-ասում է նա,- իսկ Արցախի վերացումը, միամիտ չլինէք, մեր թուրքալեզու հարեւանի ե՛ւ մօտաւոր ե՛ւ հեռաւոր նպատակն է... հարեւան է… այո՛, բայց ոչ՝ բարեկամ…

Հիմա, մենք Հիմնադրամի միջոցով պիտի մեր մէջքից Հագարու դաշոյնը հանենք ու բռնենք մեր ձեռքին: Եւ սա մեր զօրաշարժի համար, քանզի մեզ՝ երկու կողմի հայերիս հաւաքականութեան դիմագիծ կու տայ... 

Թէ երեխայի, չծնուած երեխայի պորտը կտրես մօրը կապող արիւնատար անօթից, ի՞նչ կը լինի վերջը: Սուրբ Թոմայի վանքը տեսե՞լ էք, մէջքից կտրուած, կէսից անջատուած, մի աւերակ է. ահաւոր մի կայծակ է խփել... իսկ մեզ քանի՜ կայծակներ են զարկել, կիսել են մեզ՝ մէ՛կ հիւսիսից, մէ՛կ հարաւից, մէ՛կ արեւելքից...

Արիւնատար անօթ է այս ճամբան, Հայաստան-Արցախ կապի առաջին մեծ երակը:

Հողագնդի վրայ կապերը ճամբաներն են բացում: Ոտքն ուր ընկնի՝ մի նոր իմաստ կը լսես... Ծերունի Գոգան ասում է, թէ սա մի մեծ բարեգործութիւն է, ամէնէն սրբազան բարեգործութիւնը, որ յաւերժ կը մնայ հողի վրայ: Միակ բարեգործութիւնն է, որի դիմաց մարդկութիւնը, նոյնիսկ չար մարդիկ պատժամիջոց չունին:

Թէ մի ժողովուրդ արիւնով է կապուած իրար, հողի ճամբով ու երկնքով էլ կապուելու իրաւունք ունի: Էս ճամբի կողքերին թէ մէկը մի տնակ շինի, սարեցին-լեռնեցին իջնի ու գիւղ կառուցի, ու թէ մի գերեզման կայ, էն մարդու շիրիմը, որ պայթեցրեց ժայռերը ու մնաց ժայռաբեկորների տակ, շինարարն էլ տուն կ’ունենայ, շինականն էլ... Վաղը պիտի մոռացուի, որ սա հենց մի ճամբայ է որ կայ, չէէէ՜... Հանգստարաններ կը շինուեն, օթեւաններ կը բարձրանան՝ էն բլրի կատարին տղաս կ’ուզէ սրճարան բացի, որ աշխարհի բոլոր կողմերից գան ու մեր երգերի տակ պար բռնեն...

Սալաքարերը տաշելը մեծ գործ է, տուֆը սրբատաշելն էլ մերն է, որմնանկար ու խաչքար դնելն էլ մերն է, քիւազարդումն ու եղնիկների վազքը քիւերի վրայ, ու էն ողկոյզների կախ ընկնելն ու նուռր, մեր նո՜ւռը... ոչ մէկն էլ ճաքած չի փորւում քարի վրայ...

Էլ մի խօսեցնէք որեւէ մէկին: Հայաստանով անցէք Արցախ ու Արցախով եկէք Հայաստան ու դուք, ինքներդ ձեզ հետ կը խօսէք:

Արդեօ՞ք պէտք է մէկս միւսին բացատրենք համահայկականի գործունէութեան նշանակութիւնը. գործունէութիւն, որ արժանապատւութիւն է բարձրացնում ու հոգեւոր թելերն է ամրապնդում ողջ հայութեան, որին բաժան-բաժան, ցիրուցան է դարձրել թշնամին: Մեր լեռներից խլել է լոյսը, մեր ձորերը լցրել է խաւարով, ցամքեցրել մեր աղբիւրները, որոնց կարկաչն է մեր հոյակապ երգերում: 

Արցախի դուռը բացէ՛ք:

Արցախը փակ է մեր առջեւ:

Ու մի՞թէ բանալիները, որոնք ձուլուած են մեր քաջարի տղաների արիւնով, յանձնւում են մեզ այսօր, այն նախաձեռնութեամբ օգնելու, որ բացուեն դռներն ու Արցախն ոչ միայն կեցութիւն ունենայ իր նախնեաց բնակավայրում, այլ շէնացնի այն մեր օգնութեամբ:

Անցած տառապալից դարերի դիմաց սա մեր սերնդի, մեր դարի, մեր այսօրուայ գոյութեան օրհնութի՞ւնը չի լինելու մեր պատմութեան մէջ արձանագրուելու համար: 

Եթէ օրերը վեհութիւն ունեն, ապա այսօր թող վեհագոյնը լինի, քանզի նրա մէջ մտնում է այն գիտակցութիւնը, թէ նոյն հայրենիքի երկու հատուածները կամ նոյն օջախի երկու զաւակները, աւագն ու կրտսերը նոյն ամպհովանու տակ ապրեցնելու պատգամն է սա:

Շուշական բարձունքների կապոյտ ծփանքը Հայաստան երկրի ծփանքի պէս երկնամերձ են, նրանց բարձրութիւնները հաւասար են, եւ մենք, մեր լումաներով պիտի պահպանենք բարձրութիւնները: 

Մեր ապրելու իրաւունքի փայլն է այսօր երեւալու եւ, պե՞տք է կրկնել արդեօք, որ Արցախի գոյութեան իրաւունքի մէջ սա մեր ոգեղէն զօրակցութիւնն է, նիւթական զօրակցութիւնն է, քաղաքական զօրակցութիւնն է, որ ճանապարհ է հարթում աշխարհագրական միաւորմանը:

Նոյն հողի բոյրն է այնտեղ:

նոյն երգի քաղցրութիւնը:

Մեր հատուածական-գաղափարական ու դաւանական տարբերութիւնները, որոնք մարդկային են ու բնական, թող ո՛չ հողի բոյրն այլանդակեն, ո՛չ երգի քաղցրութիւնը դարձնեն լեղի:

Մեր բաժանումը մեր ճակատագրի խարդաւանքը չէ, այլ թշնամու նիւթած չարիքը: 

Արգելաթմբեր է դրել մեր ճամբաների վրայ, որ շնչահեղձ անի մեզ, փակել է մեր երկինքները շրջապատի աչքերից, ու մենք այսօր արգելաթմբերն ենք քանդելու, մեր ճամբաները բացելու գէթ իրար ձեռք սեղմելու համար. թող հայոց արեւը ճառագած մնայ մեր երկնակամարների վրայ, որ նոյն դրօշի փողփողանքը տեսնենք ե՛ւ այնտեղ, ե՛ւ հայրենիքում: Այո, խորշակն էր եկել ու պատանքել Արցախը, մի կարմիր խորշակ, այդ պատրանքն ենք վերացնելու: Ջանք է պահանջում ու մեծ տառապանք, նուիրուածութիւն ու զոհողութիւն բոլորիս համար, բոլոր տարադիր ու հակադիր կեցուածք ունեցողների համար, քանզի այս գործը, իբրեւ: վեհագոյն բարիք, դէմ է շպրտում բոլոր կողմերը եւ պահում միայն մէ՛կը. Օգնե՛լ հայրենեաց, եւ ում մարմնում մի կաթիլ հայի արիւն կայ, նա կը հասկանայ սրբազան գործի նշանակութիւնը:

Այն ինչ կառուցուելու է՝ քաղաքական է ու մարտավարական, մշակութային է ու մարզական, հաղորդակցական է ու պաշտպանական ու այս բոլորը միասին ու այս բոլորով հանդերձ Արցախի ազատութեան ու անկախութեան կառուցումն է: Ազատագրութեան ճանապարհի կառուցման մասնակցութիւնից հեռու մնալ, կանգնել կրաւորական, նեցուկ չդառնալը ամօթալի է, քանզի աղաւնատունն է այն մեր եղբայրների, այսինքն՝ խաղաղութեան կառոյցը: Քաղաքական մարտավարութեան լաւագոյնը՝ խաղաղութեան այս ճանապարհն է, որի վրայ ընկած խոչընդոտող ժայռերը, բացուած փոսերը մեր օգնութեամբ պիտի վերացնենք:

Ճշմարտութիւն է, այո՛, որ Արցախի հայութիւնը մեն-մենակ չմնաց պաշտպանելու հողն ու իր կեանքը Ատրպէյճանի կողմից պարտադրուած պատերազմում: Ճշմարտութիւն թող դառնայ նաեւ այն, որ նա մենմենակ չի մնալու իր հայրենին կառուցելու, իր անկախութիւնը ամրապնդելու գործում: Արցախը արիւնով կապուած է ողջ հայութեան հետ ու պէտք է կապուի նաեւ հոգեւոր, երկրային ուղիներով, անգամ երկինքների թռիչքային ճամբով:

Միջազգային հանրութիւնը թող իմանայ, որ այս հզօր նախաձեռնութեան տակ ընկած է հայութեան բարեգործութեան ոգին, Բարեգործութիւն, որ յաւերժօրէն մնալու է մեր հողի վրայ, ու չեն ջնջուելու բոլոր նրանց անունները, ովքեր մի խճաքար, աւազի մի բուռ, մի դոյլ ցեմենտ, մի ափաչափ ասֆալտ դնել տուին նրա ամրութեան համար:

Ու եթէ զօրավիգ ենք Արցախի գոյութեան իրաւունքին, որ Աստծուց է տրուած, ապա պիտի անբաժին չմնանք նրա գոյութեան համար անհրաժեշտ ամէն ինչ ունենալու, ե՛ւ լոյս, ե՛ւ ջուր, ե՛ւ արտաքին հաղորդակցութիւն, ե՛ւ կեցութեան բարիքներ, միով բանիւ մասնակցել Արցախի հայրենականի կերտումին, սա հայրենիք կերտող մասնակցութիւն է, հայրենիք, որ երէկ ու այսօր հերոսներ ծնեց, վաղն էլ անպայման հերոսներ կը տայ:

Մենք վերջացնում ենք մեր բաժանումը. այն կեղծ սահմանը, որ դրել է օտարը մեր լեռների ու ձորերի միջեւ: Այն միացրել էր արդէն մեր լեզուն, մեր մշակույթը, մեր երգն ու պարը, որոնց համար սահմաններ չկան:

Այս է այդ ուժը ցոյց տա ու պահը, քանզի այդ ուժը, այս ճանապարհը, հայրենին կերտելու վսեմ գաղափարն է մէկտեղելու մեզ եւ մեր հաւատը, մեր համոզմունքը՝ մեր ազգի պայծառ գալիքի հանդէպ: 

Սա փարատումն է այն ահաւոր մթութեան, որ ընկած էր Հայաստան աշխարհի ու զաւակի միջեւ:

Մայր հողի վրայ քանդակուող մեր արժանապատւութեան մի նոր կոթող է, մեր գործնական հայրենասիրութեան հպարտ կոթողը: Ամէն մի լումայ որ յանձնում ենք, հաստատում ենք դրանով մեր ներկայութիւնը հայրենաշէն, սրբազան այս գործին: 

Մեր տուածը մեր ներկայութիւնն է Արցախում:

Տաճարներ նախագծած ու տաճարներ կառուցած ժողովրդի զաւակներն ենք մենք ու հիմա կառուցւում է մի տաճար, տաճարների վեհագոյնը, Արցախը, որի ճանապարհն է շինւում: Մի՞թէ հիմա ետ պիտի կանգնենք մեր հպարտ կոչումից, աստուածատուր շնորհից ու չօգնենք շարունակելու դէպի Հայաստան տանող արիւնատար անօթը: Մերը մի երթ է, սքանչելի մի երթ դէպի այդ տաճարը: Միանանք երթի՛ն եւ անյապաղ միանանք:

«Նոր Օր», Նոյ. 26, 1997