Այսօր լրանում է հայ ճարտարապետ, երաժիշտ, կոմպոզիտոր (երգահան), բանաստեղծ, երգիչ, նկարիչ, 1968-1979 թուականներին «Առաքեալներ» ռոք-խմբի հիմնադիր եւ առաջատար, 2018-2020 թուականներին՝ Երեւանի գլխաւոր ճարտարապետ Արթուր Մեսչեանի ծննդեան 75-ամեակը: Հայ երգարուեստում իր ուրոյն տեղն ունեցող երգիչն իր յայտնի երգերից մի քանիսը գրել է դեռեւս դպրոցական տարիներին:
1967 թուականին նրա գլխաւորութեամբ ստեղծւում է «Առաքեալներ» ռոք խումբը, որը սկզբնական շրջանում չունէր սեփական անուանում եւ հանդէս էր գալիս որպէս ճարտարապետական ֆակուլտետի խումբ։ «Առաքեալները» նոյնպէս կարեւոր տեղ ունեն մեր երգարուեստում, յատկապէս հեղինակային ռոք ժանրի զարգացման գործում: Իսկ ընդհանրապէս երգիչն իր արուեստի գագաթնակէտը համարել է «Հաղորդութիւն» խորագրով շարքը: Առաջին անգամ «Հաղորդութիւն»-ը կատարուել է 1996 թուականի յուլիսին՝ Փասատենայի «First Church of the Nazarene»-ի դահլիճում: Այդ ժամանակ Մեսչեանն արդէն տեղափոխուել էր ԱՄՆ, եւ «Հաղորդութիւն»-ը մեծ ընդունելութիւն է գտնում յատկապէս տեղի հայերի շրջանում: «Հաղորդութիւն»-ի ունկնդրութեան առթիւ հայ գրող, հրապարակախօս, թարգմանիչ Ստեփան Ալաճաճեանը յօդուած է գրել, որը նոյն թուականին տպագրուել է «Նոր օր»-ում:
Արթուր Մեսչեանի 75-ամեակի առթիւ ներկայացնում ենք այդ յօդուածը:
Արթիւր Մեսչեանը
(Խօսք «Հաղորդութիւն» համերգի ունկնդրութեան առթիւ)
Հիմա չկայ այդ ծառը, Նորթ Լուիզ փողոցի 1412 առանձնատան բակի հսկայ ու պտղատու ծառը: Կանաչների մէջ շրջագծուած հողի մի գորշ մակերես կայ, որի տակ մնացել է ծառի արմատը:
Հողի մէջ արմատը խորն է եղել, չեն հանել, չեն կարողացել: Երբ արմատը շատ խորն է՝ կարո՞ղ է արդեօք այդ խորութիւնից զգալ, որ կտրել են իր հաստ բունը, բզկտել են դալար ճիւղերը: Տերեւները յանձնել են օդի շարժմանը եւ, ո՜վ գիտէ, քամին ուր է տարել նրանց: Եւ ապա, բունն ու ճիւղերը արդեօ՞ք պահում են արմատից ստացած աւիշն ու կենսաբջիջը, ու գիտե՞ն ուր է իրենց արմատը:
Այս հարցերը ծառացան «Հաղորդութիւն» համերգում:
Հիմա, այդ բակում, արեւը ստուերներ չի նետում խոտերի վրայ, որտեղ աթոռներ կային ու մի տաղաւար, եւ որտեղ նստում էին Արթիւրը, Արամը, Թոմը, Նուարդն ու Աննան եւ նրանց մէջ՝ մի օր ես... ծերունիս:
Պարտէզի հիւսիային կողմը Արամը մի շարք նրբանոճիներ (liy-cypress) է տնկել, որ հասակ են նետել ու դարձել կանաչ ցանկապատ:
Մատղաշ են ծառերը ու ձիգ:
Արի այնտեղ ու կիթառդ բեր, Արթիւր: Երգդ այստեղ էլ օդ կը շնչի ու արեւ:
Երգերիդ մէջ միշտ շող է եղել ու շունչ:
Այն ժամանակ էլ, երբ չհասկացան Ձեզ -Ձեզը «Առաքեալներ» շրջանակն էր պոլիտեխնիկ ուսումնական հաստատութեան մէջ-էլի արեւ ու օդ կար ձեր երգերի մէջ: Էր երբեմն՝ չէին հասկանում...
Կարծում էին, թէ Ձեր եւ քո կողմից ստեղծուած արուեստը սովորականին ու պաշտօնականին հակադրուող արուեստ է կամ, եթէ չի էլ հակադրւում, ապա սոցիալիստականին չյարմարուող արուեստ է:
Ու դա նա էր, երաժշտական նոր ձեւը՝ մեր կեանքի մասին ճշմարտութիւնը ասելու: Հիմա էլ այդպէս է: Եւ դա փախուստ էր գաւառականութիւնից կամ հնի մէջ եղած վատից: Հիմա էլ այդպէս է:
Չհասկացան Ձեզ այն ժամանակ, հիմա շատերն են հասկացել: Նորը շարժում եղաւ միշտ, ու երբ երեւաց Ազատութեան հրապարակում, հարիւր-հազարաւորների ալեկոծման հետ քո ձայնն էլ այդ նորի հետ հնչեց ու վսեմ իբրեւ ժողովուրդի յոյզերի եւ մտքերի համարձակ արտայայտութիւն: Երգերը միշտ շարժւում են ժողովուրդների հետ, ժողովուրդների խօսքերով: Խօսքերի մէջ միտք կայ մարդկանց մասին, իսկ երաժշտութեան մէջ՝ բազմաթիւ զգացմունքների միատեղ պոռթկում:
Ինձ թուացել է, որ Արթիւրը միշտ մենակ է եղել իր կիթառի հետ, ու մենք, ունկնդիրներս ենք, որ եղել ենք նրա հետ: Ի՞նչ էր պէտք է, որ նա իր ու աշխարհի միջեւ եղած տարածութիւնը կրճատէր ու միանար նրան, եթէ ոչ՝ երգը:
Մեր կեանքն է նրա երգերում, մեր հոգսը, մեր ոտնաձայնը եւ ամէն ինչը, անգամ մահը, այն պահը, երբ տանից դուրս ենք գալիս փողոց, ու փողոցը իր մաքրութեամբ ու ժխորով, ու երեխաներ, ու քաղաքը ու քաղաքներ ամբողջ…:
Որքա՜ն հարցեր է տալիս մարդկանց իր երաժշտութեամբ...:
Այնքան շատ եմ մտածել այն մասին, թէ ինչպէս գրերով գծեմ Արթիւրի կերպարը: Այնքան շատ եմ մտածել, թէ ինչպէս ասեմ, որ նա այն դալար ճիւղն է, որ պահում է արմատի կենսաբջիջներն, որ այն հողի աւիշն է վերցրել, որի մէջ իր ազգի արմատն է: Ու ծառը կայ իր արմատով, իր կտրուած ճիւղերի կենսունակութեամբ, արեւի դէմ ու օդի մէջ:
Այնքան եմ մտածել այն մասին, թէ ինչպէս ասեմ, որ «Հաղորդութիւն»ը խոստովանանքից յետոյ է տրւում, որ «խոստովանանք»ը (confession, a vowal…) դեռ չի տրուած, դրանց սկիզբն է միայն եւ խօսքերի ու երաժշտութեան մէջ ես իրապէս զգում եմ մոռացութեան տրուած, ղօղանջներ, մի ժամանակ շատ խորը թաղուած ու հիմա լռութեան միջից յառնող ճիչեր:
Հառաչային ձիչ է նրա համանուագի սկիզբը...
Մարդկանց ցրտահար ձեռքերի ծափը...
Վիրահատուած մեր հողի կանչը…
Երամ առ երամ թռչող կռունկներ… Ինչ-որ տեղ խոտի դէզեր են հրկիզում, ու կրակի միջով փախչում են նժոյգները: Ապա մանուկների լիահագագ ծիծաղն է իրենց չսիրած անձրեւի դիմաց: Անձրեւ, որ գալիս է խոտի դէզերի հրդեհը մարելու:
Արդէն երկինքը լիքն է պայթող փուչիկներով ու պայթիւնից յետոյ կաթիլ-կաթիլ արտասուք է ընկնում անապական կապոյտից:
Այս համերգը իբրեւ «հաղորդութիւն» քնարերգութիւն է, եղերերգ է, երկինք նետուած ճիւղ…
Նա երկինք ունի իր երգերում եւ ոչ թէ առաստաղ:
Առաստաղները չեն դիմանայ բողոքներին, մաքառման, կրակին. ցնցման, մանաւանդ, երբ աղօթք է ասւում գետնից, ծնկաչոք մարդու աղօթք, որ ուղղուած է երկնքին:
Ես զգում եմ նրա ապրումների ու երազների շարժումը: Այո՛, ինչ-որ տեղ խարոյկ է վառւում եւ ինչ-որ տեղ անխարոյկ, անկրակ է մնացել, անլոյս է ու խաւար: Ինչ-որ տեղ, օրերի մէջ, մի սարսափ է թաղուել եւ սարսափից ծնուած մի երեխայ...
Ու յանկարծ ռոք-ն-ռոլը…
Ասես թիթեղ են մկրատում ու երկաթագործները այդ մկրատուած թիթեղներից օղակ են շինում ու շղթայ կազմում:
Տեսնում եմ ամայի փողոցները լսում թափառող, քաղցած շների հաչոցը: Գիտեմ, որ Արթիւրը յարալէզներ է փնտռում ու գտնում է նրանց, քանզի յանկարծ թռիչք է վերցնում ու մատը դնում մէկ մեր վէրքերի վրայ, մէկ՝ մեր երազների…
Նրա խօսքի (բառերի) ու խաղի միջեւ մերթ կտրուածքներ կան, բայց ելեւէջների քաղցրութիւնը շարականային է իր հոսքով ու վերելքով, քանզի միտքը բազում զգացումների ծնունդ է:
Խորունկ արմատներ ունեն խազային շարքերը (Սայաթ Նովա, Կոմիտաս) եւ արմատները նրա հոգում են: Պոոթկուն տաղանդ է, որի դէմքի ու ձեռքերի շարժումները չեն համապատասխանում հոգու տարերքին, չեն դիմանում նրա խորութեան: Բայց երբ երգը դառնում է ամոքիչ ու հանդարտ, երբ հոգու խորքում եղած ժխորը փշրւում է, երաժշտութիւնը թաւիշի պէս շոյում է դէմքը, նայուածքը դառնում է խտխտուն:
Վերը սրնգահարուհին է, սրինգ-ֆլէյտայի օրօրը, միւս կողմը թմբկահարն է: Դրանք ցայտքն են բիւրաւոր շատրուանների: Դրանք մի խենթ խոյանք են դէպի երաժշտախումբը, բազում, անհամար նուագարաններով: Դրանք այն են, ինչ թափ ու կշիռ են տալիս մտքիդ ու մարմնիդ. միտքդ է շարժւում, ոտքդ, ձեռքդ, էութիւնդ: Արթիւրը շատ ինքնատիպ է:
Երաժշտութեան գործիքաւորման մէջ նուագարանների ներդաշնակութեան ու համահաղորդման մէջ ապրումների նոյն կապն է, ապրումների երաժշտական պատկերն ու գոյների, հնչեղութեան միասնութիւնը:
Եւ ապա...
Որքան ցաւ կայ Արթիւրի երգերի մէջ, որքան ընդվզում, որքան բողոք ու պայքարի կոչ ընդդէմ չարի, անարդարութեան ու կեղծիքի, ստի ու ապականութեան դէմ: Ստի ու կեղծիքի դէմ պայքարը, պայքար չէ՞ յանուն ճշմարտութեան:
Դա սէր է մարդու նկատմամբ եւ այն հողի նկատմամբ, որի ծնունդ է մարդը, որի վրայ էլ ապրում է մարդը: Ու կրկնւում է դա, ոչ իբրեւ միապաղաղութիւն, այլ տարբեր իմաստաւորումներով ու ձեւակերպումներով:
Այսպիսի «հաղորդութիւնից» յետոյ պէտք է ակնկալել, սպասե՛լ «խոտովանանքին», ուր էլի արեւ պէտք է լինի եւ օդ:
Հիմա արեւը ստուերներ չի նետում Նորթ Լուիզ փողոցի 1412 առանձնատան բակում: Արմատը յիշեցնում է իր դալար, աւշալի ճիւղերը:
Արի այնտեղ, Արթիւր, ու գիթառդ բեր:
«Նոր Օր», 1996 թ., Յուլիս 3