image

Մեսրոպը եւ մեսրոպականը. Ստեփան Ալաճաճեանի յօդուածին հետքերով

Մեսրոպը եւ մեսրոպականը. Ստեփան Ալաճաճեանի յօդուածին հետքերով

Այսօր աշխարհը նշում է մայրենի լեզուի միջազգային օրը: Մայրենի լեզուի օրն ընդունուել է ԵՈՒՆԵՍՔՕ-ի կողմից եւ նշւում է 2000 թուականի փետրուարի 21-ից, որպէս մայրենի լեզուների իրաւունքների ճանաչման եւ գործածութեան աջակցման օր։

Մայրենի լեզուի միջազգային օրը 2005 թուականից նշուում է նաեւ Հայաստանում։ Հայերէնը աշխարհի հնագոյն լեզուներից է։ Նրա ձեւաւորումը համընկնում է հայ ժողովրդի կազմաւորմանը եւ մեր լեզուի ձեւաւորումը, զարգացումը գալիս է վաղնջական ժամանակներից։ Մեր ինքնութեան անբաժանելի մասն է լեզուն, որը պէտք է պահել, փայփայել աչքի լոյսի պէս: 

Հայոց լեզուի հիմքը հայոց գրերն են. հայոց գրերի ստեղծման, գոյատեւման, պահպանման մասին դեռեւս 1962  թուականին յօդուած է գրել գրող, հրապարակախօս Ստեփան Ալաճաճեանը, եւ այդ յօդուածում արծարծուած շատ հարցեր անհերքելի ճշմարտութիւն են, մանաւանդ, երբ գրողն արծարծում է ինքնութեանը, քրիստոնէութեանն առնչուող խորքային հարցեր, որոնք այսօր կրկին շատ են քննարկուում:

Մայրենի լեզուի օրուայ առթիւ «Արեւելք»-ը ներկայացնում է Ալաճաճեանի այդ յօդուածը: 

 

ՄԵՍՐՈՊԸ ԵԻ ՄԵՍՐՈՊԱԿԱՆԸ
ԱՅՐ ԻՄԱՍՏՈՒՆ, ՄԵԾ ՀԱՅ

- Ա -

Կարո՞ղ էր արդեօք մեր ժողովուրդն ունենալ իր այբուբենը եւ իջնել պատմութեան ասպարէզ, երբ դեռ նոր էր հիմնադրում Արարատեան թագաւորութիւնը, Ուրարտական պետութիւնը:

Դարերը լռում են: Չեն պատասխանում: 

Մենք մեր սեփական գրերն ստեղծելով՝ մեր ինքնուրոյնութիւնը

աւելի շուտ կ՚աւետէինք աշխարհին… 

Տառերը մեր տպագիր ձայնն են... մեր լեզուն յաւերժացնողը… իսկ ի՞նչ էր մեր լեզուն... 

Դարերը մրմնջում են:

Ուրարտական պետութիւնը եւ նրա Արամէ արքան կամ թագաւորը (861-840 ն. Ք.), որ համախմբել էր իր ժողովրդին ըստ ազգակցական ու լեզուական ընդհանրութեան, որ հիմնել էր քաղաքն Արմաւիր, գիր չտուեց... հաւատք տուեց ու պաշտամունք, Խալդէ Աստծոյ պաշտամունքը, այն էլ՝ խուռիրեէն լեզուով՝ որդեգրելով այդ լեզուով սեպաձեւ արձանագրութիւնների կիրառումը, օգտագործեց նաեւ սեպագիր եւ որոշ գաղափարագրեր (idiograms):

Նրան յաջորդող Սարդուր Ա-ն (835-824 ն. Ք, որ հիմնադրեց Տուշպա (Վան) բերդաքաղաքը, արքունական արձանագրութիւնները կազմեց սեպագիր լեզուով, բայց գիր չտուեց...

Մենուա Շինարարը, որ կառուցեց բերդեր, պալատներ, տաճարներ ու ամրոցներ, նոյնպէս գիր չտուեց, այլ օգտագործեց խուռիերէն ու ուրարտերէն սեպագրերը… Դարերը մրմնջում են:

Ունենալ պետականութիւն, ունենալ Աստուա՜ծ, բայց պաշտամունքն ու երգաղօթքը ուրիշի լեզուով մատուցել, կարդալ ու արտասանել ծէսերը անհարազատ խօսքերով՝ «Խալդէ Աստուածն ալ կը վրդովէ»... եւ իրօք, մարդու ստեղծած մարդ-Աստուած Խալդէի պաշտամունքը անհետացաւ ուրարտացիների անկման հետ: Ապա եկաւ Մազդէականութիւնը (VIII-IV ն. Ք.) ու գիր չտուեց:

Յետոյ եկաւ զրադաշտութիւնը՝ զրուանականութեան տարրերով բերեց գրաւոր «Ավեստան»: Դա խորիզմի զաւակ Զարադուշտրայի աստուածահաճոյ խօսքն էր, նրա երգերի (գաթա) ամփոփագիրքը, պաշտամունքի ու ծիսատաղերի պանակը:

Հայոց լեռնաշխարհին գիր չտուեց այդ հաւատը, թէեւ ինքը եկաւ գրով: Ի՞նչ տուեց: Արեգակի պաշտամունք, (անշէջ հրոյ) կրակապաշտութիւն: Մարաստանի պետութեան պաշտօնական կրօնը դարձած զրուանականութիւնը քանի՞ դար թափառեց մեր երկրում:

Աքեմենեանների ժամանակ թափանցած եւ Սասանեանների կողմից պետական կրօն հռչակուած զրադաշտութիւնը պարտադրեցին հայերին, մոգպետութիւն ստեղծեցին, որ ծառայում էր ատրուշաններին իր երգաղօթքներով:

Մենք երգը սիրող (Գողթան երգերը վկայ) եւ աղօթել սիրող ժողովուրդ ենք (մեր կառուցած եկեղեցիները վկայ):

Դարերը չեն լռում: Մեզ գիր էր պէտք:

Արեւի երկրպագութիւնը, ապա կրակապաշտութիւնը պաշտօնականացան Հայաստանում V-IV դարերում ն. Ք., բայց գիր ու գրականութիւն չբերին: Պարսիկները հասկանում էին, որ լեզուն եւ գիրը տուեալ ազգի լինելութեան հիմքերն են ու իրենք ուզում էին ազգերը ձուլել կրօնափոխութեամբ:

Իսկ հայերը հետզհետէ հրաժարուեցին զրադաշտութիւնից եւ ընդունեցին հեթանոսութիւնը:

Հեթանոսութիւնը բազմաստուածութիւն էր եւ տեւեց վեց դար՝ Քրիստոսից առաջ երկու դար, Քրիստոսից յետոյ՝ չորս դար: Կրօնական մի դաւանանք էր, որ ունէր քրմեր ու քրմապետներ: Մեր հեթանոսները աստուածներ բերել տուին Պարսկաստանից եւ Յունաստանից, դրանք կուռքեր էին, արձանիկներ ու քանդակներ, մեհեաններ ու բագիններ, ապա մեհենական տաճարներ կառուցեցին, բայց գրեր չստեղծեցին, մեր այբուբենը չունեցանք:

Մեր աստուածները ունեցանք, բայց ոչ՝ գրերը:

Ասում են մեհենագրութիւն ենք ունեցել, եւ քրիստոնեաները ոչնչացրել են: Գիրը չի ոչնչանում, այն չես կարող ոչնչացնել, պատկերագրերն ու գաղափարագրերը, սեպագրերն ու ժայռափոր գրերը, կաւագիրն ու փորագիրը, մնացորդներով անգամ յիշեցնում են իրենց ժամանակն ու յաւերժութիւնը:

Դարերը կը վկայեն այդ: 

Գիրը դարերի համար է, գիրը մշակոյթ է...

Հեթանոսական հասարակութեան մէջ զարգացաւ եռաթեւ մի մշակոյթ՝ պարթեւական, ասորական եւ յունական: Դա մի ամբողջ քաղաքակրթութիւն էր, որ իր հետ տանում էր գիտութեան (աստղաբաշխութիւն, բնագիտութիւն), փիլիսոփայութեան, ճարտարագիտութեան առաջընթացը ու զարգացնում լեզուն, նաեւ հայոց լեզուն, որ դեռ գիր չունէր, իսկ պարթեւականը, ասորականն ու յունականը իրենց այբուբենն ունէին, իրենց դպրոցներն ու սեփական ծէսերի գրքերը...

Նրանց պէտք էր մի Աստուած, որին հաւատային: Ու եկաւ քրիստոնէութիւնը:

Հայ ժողովուրդը սկսեց դժուարութեամբ, բայց յետոյ գիտակցօրէն հաւատալ եւ ապրել այդ հաւատքով, քանզի այդ հաւատքը ազգին յարատեւում ներշնշեց, յուսադրեց, թօթափել տուեց կուռքերի պաշտամունքը ու ազգի դէմքը դարձրեց դէպի Արարիչը:

-«Կրօնի ուժը նրա տուած ներչնչանքի մէջ է»: Քրիստոնէութեան տուած հոգեւոր ներչնչանքն էր, որ Մեսրոպ Մաշտոցին արարչական ուժով մղեց հայոց այբուբենը ստեղծելու: Նա էր, որ տեսաւ, թէ յունարէն եւ ասորերէն աղօթող հայ շինականը չգիտէ, թէ ի՛նչ է աղօթում, եւ այդ աղօթքը (ուրիշի լեզուով) չի հասնի Քրիստոսին: Պէտք էր սեփական գիր ունենալ ու սեփական աղօթք: Հայոց լեզուով, հայոց գրերով պէտք էր ուսուցանել հայ ժողովրդին իր հաւատքի կռուանները, այդ կռուաններն ամփոփող Աստուածաշունչն ու Աւետարանը:

Այսպէս, քրիստոնէութիւնը բերեց մեզ մեր գիրը, մեր այբուբենը: Չլինէր քրիստոնէութիւնը՝ հայոց գրերի գիւտի անհրաժեշտութիւնը չէր դառնայ սուրբ ներշնչանք: Մաշտոցի այդ ներշնչանքը ազգային դիմագիծ էր տալիս մեզ, երկփեղկուած մեր ժողովրդին միացնում իրար: Մաշտոցն էր, որ զգաց, թէ «արեւի լոյսի չափ ու առաւել իմաստութեան լոյսն է պէտք իր ժողովրդին»:

Բոլորն էին զգում անհրաժեշտութիւնը, բայց... 

Մէկը պէտք էր գնար առջեւից: Մեսրոպը վերցրեց այդ ջահը եւ լուսաւորեց հայ ժողովրդի ճամբան, որ բացուեց դարերի միջով առաջ անցնելու համար:

- Բ-

Ե՞րբ էր եւ ինչ իրադարձութեան մէջ:

Նա ծնուեց, երբ քրիստոնէութիւնը, որպէս պետական կրօն, ընդամէնը 60-61 տարեկան էր Հայոց աշխարհում, եւ ծնուեց Տարօնի Գաւառի Հացեկաց գիւղում, ուր յունարէն եւ ասորերէն էին աղօթում Յիսուսին, իսկ Երիզայում շարունակում էին կործանել բագիններն ու ատրուշանները: Ուսումն ստացաւ յունական դպրոցում, նոյն դպրոցում սովորելով ասորերէնը, որպէսզի քաջ իմանայ Աւետարանը...

Քսանհինգամեայ երիտասարդ էր, երբ իր իսկ աչքերի առաջ բիւզանդացիներն ու պարսիկները 1387 թուին իրենց միջեւ բաժանեցին հայոց աշխարհը եւ երկիրը կոչուեց Արեւմտեան եւ Արեւելեան Հայաստան, որոնք, էլի իր աչքերի առաջ, հետզհետէ սկսեցին իրարից օտարանալ: Արեւելեան Հայաստանում պարսկերէնն էր տարածւում, Արեւմտեան Հայաստանում՝ յունարէնը: Հայոց հողի վրայ ապրող ազնուականներն ու հոգեւորականները սկսեցին կրթութիւն ստանալ յունական կամ ասորական վարժարաններում, իսկ միւս մասում՝ պարսկական: Հայոց վերնախաւերում այդ լեզուները դառնում էին տիրապետող:

Արեւմուտքում իշխող տէրութիւնը Բիւզանդիան էր, որ քրիստոնեայ էր, բայց ի զարմանս աշխարհի վերացրեց հայոց քրիստոնեայ թագաւորութիւնը եւ հայ եկեղեցին դարձրեց յունական եպիսկոպոսութեան ենթակայ յարանուանութիւն: Մինչդեռ Արեւելեան մասում, ուր իշխողները կրակապաշտ պարսիկներ էին, պարտադրելով իրենց արքունական լեզուն իբրեւ պաշտօնական լեզու, պահպանելով իրենց մեհեաններն ու քրմերին, բնաւ չարգելեցին հայոց նոր հաւատը տարածել եւ չստիպեցին հայերին վերադառնալ իրենց հին աստուածներին:

Իրենց երկրի կենտրոնում ամէն ինչ բարեյաջող չէր: Դա Յազկերտից առաջ էր…

Վաղարշապատը դարձրին աթոռանիստ ու Սահակ Պարթեւը դարձաւ կաթողիկոս: Արքայական գահը յանձնեցին Արշակունեաց Վաղարշակ թագաւորին եւ Վաղարշապատը հռչակեցին մայրաքաղաք:

Հայոց երկու հայաստաններում էլ ծէսերը կատարւում էին յունարէն կամ ասորերէն լեզուներով, իսկ հայ հաւատացեալը դրանցից ոչ մէկին չէր տիրապետում, չէր հասկանում իր իսկ աղօթած բառերը: Թէ ո՞ր աստիճանի գրագիտութիւն ունէր հայ շինականը, Սեպուհը կամ ազնուատոհմ իշխանը եւ ո՞ր լեզուին պատկանող դպրոց էր յաճախում, երբ հայ գիրը դեռ չկար, դժուար էր ասել:

Բագիններն ու ատրուշանները քանդել-աւերելուց յետոյ քանի՞ եկեղեցի ու աղօթավայր էր կառուցուել Հայաստանի ողջ տարածքում եւ ամբողջ քրիստոնէութեան համար: Ունէի՞ն այնքան եկեղեցականներ, որ կարենային ծէսեր մատուցանել ամէնուրեք: Ո՛չ: Ամէնուր քահանայում էին օտար հոգեւորականները, որոնք պարտադրում էին իրենց բարքերն ու սովորոյթները, ծիսական արարողութիւնները կատարում էին իրենց լեզուով, իրենց լեզուով էին մեկնաբանում առաքեալների աւետարաններն ու սաղմոսները... Եւ հայ քրիստոնեան ամէն մի ծէսի, աղօթքի, ամէն մի ժամերգութեան, արեւածագի ու մայրամուտի ժամոցներում զգում էր, որ դուրս է մղուել հայոց լեզուն եւ օտար լեզուն է ներթափանցում:

Ի՞նչ իմանար հայոց Տրդատ թագաւորը, որ քրիստունէութիւնը պետական կրօն հռչակելով, հռչակում է հայոց լեզուի, ապա դրան հետեւելիք ֆիզիքական գոյութեան վտանգը, քանզի նրա այն ակնկալութիւնը, թէ կը տիրապետեն յունարէնին եւ ասորերէնին այնպէս, որ իբրեւ աբեղայ ու քահանայ, իբրեւ վարդապետ ու եպիսկոպոս, հայերէն կը բացատրեն աւետարանները, չիրականացաւ:

Մի՞թէ «լեզուական տարբեր իրողութիւնների մէջ ապրելը, եւ տարբեր պետութիւնների իշխանութեան ներքոյ ապրելը գոյութեան վտանգ չէր»: Վտանգ էր: Սպառնալիք: Յոյն եւ ասորի հոգեւոր հոգեւորականները իրենք իրենց հայրենակիցներից աշակերտներ էին պատրաստում եւ ուղարկում հայոց ծայրագոյն գաւառները, որպէսզի թափանցեն հայ աշխարհի բոլոր անկիւնները:

Ահա այսպիսի ծիսական ու պետական լեզուների խառնիճաղանջում, ուր ժողովուրդը իր իսկ աղօթքը չէր հասկանում, Առավան զօրավարը (հազարապետը) Արեւմտեան Հայաստանից Վաղարշապատ առաջնորդեց օտար լեզուների քաջատեղեակ, երիտասարդ ու խոհեմ Մեսրոպ Մաշտոցին:

Եկաւ նա: Եկաւ ու դարձաւ արքունական գրագիր, ատենադպիր ու արձանագրութեանց պետ, եկաւ ու սովորեց պարսկերէն ու վրացերէն: Ասում են՝

-Աշխատեց, փոխարինողներ պատրաստեց ու գնաց:

Քանի՞սն էին փոխարինողները եւ ովքե՞ր: Եւ ո՞ւր գնաց: Չէր գնացել, այլ անցել էր զինուորական ծառայութեան ու ծառայութիւնն աւարտել էր ըստ կարգի՝ երեսուներեք տարեկան հասակում:

Սահակ Պարթեւ Հայրապետի հաւանութիւնն ստացաւ, երբ յայտնեց, թէ ուզում է վանական դառնալ:

Քարոզել քրիստոնէութիւն: 

-Հեթանոսներ կան, Վեհափառ, Մեր ազգի մէջ. «Եւ անպակաս են իմ սրտի ցաւերն իմ եղբայրների եւ ազգակիցների համար»,-ասաց նա... (տես Վարք Մաշտոցի, էջ 98, 1962թ. հր.): 

Աշակերտներ ընտրեց ու մեկնեց մենաստան՝ Երնջակ Գաւառի Մսրավանիս գիւղի մերձակայքը, որ պահպանում էր հեթանոսութիւնը ու այստեղ քրիստոնէութիւնը քարոզեց եւ աւետարանի յունարէն նախադասութիւնները բանաւոր թարգմանեց, մեկնաբանեց իր ժողովրդին: Աղօթատներ գտաւ ու ծէսեր կատարեց: Ու այստեղ կոչուեց՝ Մեսրոպ:

«Անկանիմ առաջի քո Տէ՜ր,

Խնդրեմ զթողութիւն յանցանաց իմոց, 

Մի՛ անտես առներ, հա՛յր, զաղաչանս իմ...»

Այս առաքելութեան ընթացքում, խիստ մտահոգուեց իր ժողովրդի ճակատագրով, երկրի վիճակով: Անգրագիտութեան եւ կրակապաշտութեան, յետամնացութեան ու թշուառութեան բուն պատճառներն ուսումնասիրելով: Անհասկանալի ծէս, անհասկանալի աղօթք, անհասկանալի ու անծանօթ աստուած, ե՛ւ պարսիկներն էին գաւառը ներխուժում, ե՛ւ բիւզանդացիները: Ու աշակերտների հետ վերադարձաւ Վաղարշապատ:

-Ամէն ինչ հրա՛շք է, Վեհափառ, որ կատարւում է Աստծոյ ձեռքով, Աստծոյ միջամտութեամբ ու կենցաղով, այլ լեզուով ու գրով, ոչ այնքան օրէնքներով, որ կարող է ամէն մի պետութիւն որդեգրել, այլ դրանք արտայայտող լեզուով ու գրով: Իմ ժողովուրդը սեփական լեզուով աղօթք չունի, սեփական գիր չունի.

-Եւ ի՞նչ:

-Սեփական գիրը կը պահպանի լեզուն եւ լեզուն կը պահպանի այն գրերը, որով արտայայտում է իրեն... Մեր գիրը կը դառնայ մեր ազգի ինքնաարտայայտման միջոց, մեր մտաւոր գործունէութեան ապացոյցը եւ ազգի ու նրա՝ այսինքն Ձեր թագաւորութեան յարատեւումը արդարացնող հզօր գործօն…

Քաջալերեց նրան Վաղարշակ թագաւորը. 

-Գնացեք Դանիէլ Ասորիի մօտ, նա հայկական նշանագրեր ունի... Մեսրոպը ի մի հաւաքեց աշակերտներին: Մեկնեցին Ասորիք: Նշանագրերն «անբաւարար» էին, ձայնաւորները պակասում էին, վանկակազմումը հնարաւոր չէր, սիղոբանե՜րը…

Ու գնացին Ամիդ, Եդեսիա, Ասորիք, ուր զարգացած էր ասորական-արամէական էստրանգելոն, կակոբեան եւ նեսրոտական տառատեսքը:

Ու գնացին Սամոսատ- բիւզանդական երկրամաս:

Ի մի բերին հնչիւնական համակարգը ու եղաւ լուսերեւոյթը: Եւ չարչարուեցին եւ եղաւ կրկներեւոյթը:

Դասաւորեցին հերթականութիւնը, անուններ տուեցին ամէն մի տառի, բոլորը միավանկ այբ, բեն, գիմ, ի տարբերութիւն երկվանկանի ալֆա, բեթա, գամա յունարէնի, որ ձեւաւորուել էր 9-րդ դ. (ն. Ք  փիւնիկեան բաղաձայնների հնչակարգով: Ու բերին գեղագիր Հռեփանոսի մօտ: Հաստատեցին գեղադրութիւնը:

Իրենց նշանաբանն իրենց հետ, սկսեցին վերադառնալ հայրենիք:

«Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ 

Իմանալ զբանս հանձարոյ»

Բայց իրենցից առաջ ուրախ լուրը հասել էր Վաղարշապատ եւ հայոց Արքան, Սահակ Կաթողիկոսը, իշխանները, սեպուհները, արքունականք եւ վեհարանի հին սպասաւորները մեկնեցին դէպի Մեծ կամուրջը, որ Արաքսի վրայով նետուել էր միւս ափը եւ ցնծութեամբ դիմաւորեցին նրան, Մեսրոպ Մաշտոցին, որ նշանակում էր Սուրբ Մեսրոպ կամ Մեսրոպ Սրբազան, կամ Մեսրոպ ծիսաբան(ծանօթագրութիւնը՝ ներքեւում):

Այնուհետեւ նա դարձաւ հայերէնի ուսուցման՝ դպրոցի առաջին հիմնադիր: Հայերէնի առաջին ուսուցիչը, հայ քրիստոնէութեան առաջին հայերէն ուսուցիչը, մեր թարգմանական գրականութեան սկզբնաւորողը եւ ինքնուրոյն գրականութեան առաջին գրողը: Նա՝ հայոց գրերի արարչագործը, որ նախ գրիչ էր բռնել օտար լեզու ուսանելու համար, ապա սուր էր բռնել հայոց զօրաց շարքերում, ապա խաչ էր բռնել վասն հաւատի ու վերադարձել հայոց գրչին:

Հայոց գրերի գիւտը, բաժան-բաժան դարձած հայ ժողովուրդին լուսաւորեց մայրենի լեզուով տարբեր ափերում հայրենիքի եղած քրիստոնէական աղօթքներով եկեղեցիները մեր պաշտամունքային արարողութիւններով ու ծէսերով միաւորեց. «Թագաւոր երկնաւոր եկեղեցին քո անշարժ պահեայ...»: Մեր դպրութեան շնորհիւ մեր ազգային ինքնութիւնը պահպանելու հրաշափառ գաղափարը արտայայտեց:

Մեսրոպեան գրերը մեր եւ մեր անսասան հաւատքի լինելութիւնը հաստատեցին ի լուր աշխարհի, եւ մեզ, սերունդէ-սերունդ, բերեցին արժանապատւութեան մի նոր զգացմունք, հպարտանալու իրաւունք:

Մեր այբուբենը ծնուեց մեր ինքնութեան կորստի դիմաց, ազատութեան համար հայոց թափած ու թափուելիք արիւնից, մեր լեզուն օտար հնչիւններով ու օտար նշանագրերով չգրելու անհրաժեշտութիւնից, մեր հողը օտարների սմբակների տակ լինելու ցաւից: Լեռնացել էր մեղմ ցաւը, կարծրացել էր մեր հողը, կարծրացանք եւ մենք:

Ու մեզ պէտք էր բարի միտք, բարի խօսք, բարի գործ ու այն բերեց Մեսրոպը, որպէս օրհնագիր, աղօթք, ու ծէս, հոգեւոր խորհուրդ ու արարողութիւն, իբրեւ յաւերժութեան վկայագիր: Հայր Սուրբ Մեսրոպը, հայոց գրերի արարիչը:

 

1962, Հոկտեմբեր

 

(ծանօթ.-Մաշտոց-աւելի է մերձենում հին հայոց մաշտու- սուրբ, սրբազան բառիմաստին, պարսկերէն մադդա բառին, որ հեթանոսական ծէսերին էր տրւում: Մաշտոցի ժամանակ զրադաշտութիւնն էր ուժեղանում եւ Մադդակի շարժումը նուազել էր: Մաշտոց-ը աւելի մօտիկ է արամերէնի meshiba-ին կամ եբրայերէն mashich - կամ յունարէն messias (Մեսիա) առաքեալ պատգամաւորին: