image
Հրատապ լուրեր:

Պաքուի մէջ պահուող հայ գերիներու դէմ եղող խոշտանգումները անընդունելի են. ՄԻՊ

Պաքուի մէջ պահուող հայ գերիներու դէմ եղող խոշտանգումները անընդունելի են. ՄԻՊ

Մարդու իրաւունքներու պաշտպան Անահիտ Մանասեան ուղերձ յղած է Խոշտանգումներու զոհերու աջակցութեան միջազգային օրուայ առիթով։ Անոր մէջ ըսուած է․

«Հունիսի 26-ին նշւում է ՄԱԿ-ի կողմից հռչակուած` Խոշտանգումների զոհերի աջակցութեան միջազգային օրը:

Կանխարգելման ազգային մեխանիզմի կարգավիճակով Մարդու իրաւունքների պաշտպանի գործունէութիւնն ուղղուած է մեր երկրում խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի այլ ձեւերի կանխարգելմանը:

Տարեկան ու արտահերթ զեկոյցներում Պաշտպանը մշտապէս է ընդգծել վատ վերաբերմունքի հետեւանքով պատճառուած ոչ նիւթական վնասի հատուցման և աջակցման այլ մեխանիզմների բացակայութիւնը։ Սա առաջնահերթ խնդիր է, որը պետութեան կողմից պէտք է պատշաճ հասցէաւորուի։

 

Խիստ կարեւոր է նաեւ խոշտանգում վերապրած անձանց և նրանց ընտանիքներին հոգեբանական, բժշկական և սոցիալ-վերականգնողական ծառայութիւնների տրամադրումը։ Պաշտպանի աշխատակազմում շարունակւում են դիմում-բողոքներ եւ ահազանգեր ստացուել քրէակատարողական հիմնարկներում, ոստիկանութիւնում, քննչական մարմիններում խոշտանգման առերեւոյթ դէպքերի վերաբերեալ։ Այդ հանգամանքը խիստ մտահոգիչ է։

Պետութիւնը պէտք է յստակ քայլեր ձեռնարկի խոշտանգման դէպքերը կանխարգելելու ուղղութեամբ։ Աւելին, այդ դէպքերին պէտք է արձագանքել արագ ու համարժէք, հետեւողական լինել արդիւնաւէտ քննութեան ապահովման եւ մեղաւորներին պատասխանատուութեան ենթարկելու տեսանկիւնից։

Այդ առումով մեր պետութիւնում առկայ են տարատեսակ խնդիրներ, որոնք ունեն շուտափոյթ յաղթահարման անհրաժեշտութիւն։ Վստահ եմ` պէտք է մէկտեղենք ջանքերը` մեր ամէնօրեայ աշխատանքով Հայաստանում այնպիսի միջավայրի ձեւաւորման նպատակով, որտեղ խոշտանգումներն ու վատ վերաբերմունքի այլ ձեւերը բացառուած կը լինեն։

Ցանկանում եմ յատուկ անդրադարձ կատարել ատրպէճանական իշխանութիւնների որդեգրած քաղաքականութեանը, այդ թուում` Ատրպէյճանում պահուող հայ ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի ենթարկելու առումով։ Այդ հանգամանքն անընդունելի է ժամանակակից քաղաքակիրթ աշխարհի որդեգրած բոլոր արժէքների տեսանկիւնից, եւ միջազգային հանրութեան կողմից պէտք է արժանանայ պատշաճ գնահատականի»։