image

Խույր Նոր Ջուղայից․ այն կրում են բարձրաստիճան հոգևորականները՝ եկեղեցական արարողությունների ժամանակ

Խույր Նոր Ջուղայից․ այն կրում են բարձրաստիճան հոգևորականները՝ եկեղեցական արարողությունների ժամանակ

Լուսանկարում՝ խույր, Նոր Ջուղա, 1787թ., մետաքս, մետաղաթել, մարգարիտ

Խույրը կրում են բարձրաստիճան հոգևորականները, կաթողիկոսներն ու եպիսկոպոսները եկեղեցական արարողությունների ժամանակ։ Մի երեսին կենտրոնում Աստվածամայրն է՝ Հիսուսը գրկին, շուրջը բուսանախշեր։ Մյուս երեսին՝ Մկրտության տեսարանն է։ Արձանագրությունը ներքևի եզրին է․ «ՅԻՇԱՏԱԿ Է ՋՈՒՂԱԵՑԻ ԷՄՆԻԱԶԻ ՈՐԴԻ ՄԷԼԻՔՆԱԶԻՆ ՆԿԱՐԵԱԼ Է ՄԿՐՏԻՉ ՄԵԼԻՔՆԱԶՆ ԵՏ ԷՋՄԻԱԾՆԻ ՆՒԻՐԱԿ ԵՓՐԵՄ ՎԱՐԴԱՊԵՏԻՆ»։ 

Բացի այս արձանագրությունը, խույրի երկու երեսին, զարդանախշերի մեջ գրված է ԵՎ (Եփրեմ վարդապետ) և ՄՄ (Մկրտիչ Մէլիքնազ) և թվականը՝ 1787 և 172։

Ցուցանմուշը ցուցադրված է Հայաստանի պատմության թանգարանի «Պետականության վերականգնման ուղիներով. 15–18-րդ դարեր» խորագիրը կրող մշտական ցուցադրության սրահում։

Ցուցադրությունը մշտական  է․ այն  հնարավորություն է տալիս նորովի ընկալելու երեք դարերի բուռն քաղաքական, հոգևոր, մշակութային իրողությունները և հատկապես անկախ պետականության վերականգնման, ինքնության պահպանման ջանքերն ու երկարատև գործընթացները Հայաստանում և գաղթօջախներում: Ցուցադրության մեջ ներառված են եկեղեցական արձանագիր նվիրաբերություններ և փաստաթղթեր, սփյուռքահայ համայնքներից մեզ հասած տպագիր գրքեր, հարյուրավոր դրամներ, և այլ ուշագրավ մասունքային նշանակության թանգարանային ցուցանմուշներ։ Ներկայացված նմուշներն ընդգրկում են 15-18-րդ դարերն ընկած ժամանակահատվածը և համալրված են նոր լուծումներով ու տեղեկատվական նյութերով։