Կազմակերպությամբ Հայաստանի գրողների միության, միության կլոր դահլիճում սեպտեմբերի 18-ին տեղի ունեցավ լիբանանահայ տաղանդավոր գրող Պետիկ Հերգելյանի (գրական անունով՝ Պետրոս Հերյան) «Ընտրանի» գրքի շնորհանդեսը:
Միաժամանակ ներկայացվեց գրողին նվիրված «Յուշապսակ» գրքույկը: Հայաստանի գրողների միությունն այս գրքույկը հրատարակել է վաղամեռիկ գրողի 70-ամյակի առթիվ, որ լրացավ այս տարի:
«Յուշապսակ»-ն ամփոփում է Պետիկ Հերգելյանի կյանքի եւ ստեղծագործությունների մասին գրողների, գրականագետների, նրան ճանաչողների, մտերիմների գրություններ, գնահատականներ, հուշեր, իսկ «Ընտրանի» գիրքը Պետիկ Հերգելյանի ստեղծագործությունների գրեթե ամբողջական ժողովածուն է, որի նախաձեռնությունը եղել է գրականագետ Ալեքսանդր Թոփչյանինը: Նա էլ խմբագրել է գիրքը, գրել առաջաբան, որում անվանի գրականագետը, տալով Պետիկ Հերգելյանի դիմանկարի ուրվագիծը, նշում է, որ հենց առաջին գրքից գրողը գրականություն է մուտք գործել գաղափարական, գեղագիտական որոշակի արտահայտված դավանանքով, որին աննահանջ հետեւել է ամբողջ կյանքում: Ալեքսանդր Թոփչյանն այսպես է գնահատել Պետիկ Հերգելյանի ժառանգությունը. «Վաղամեռիկ տաղանդների մասին երբեմն ցավով եւ, մեր խորին համոզմամբ, հանիրավի, ոմանք գրում են, որ եթե գոնե մի տասը-տասնհինգ տարով ավել ապրեին, ապա ինչպիսի՜ հրաշքներ պիտի արարեին: Հնարավոր է, չենք ժխտում: Սակայն այդ՝ թեկուզ անկեղծ արտահայտված ափսոսանքով, ասես ակամա, ստվեր են գցում այն ամենի վրա, ինչ հասցրեց ստեղծել ժամանակից շուտ գնացածն իր կարճատեւ կյանքում: Մենք ուրիշ կերպ կասեինք:
Եթե Պետրոս ՀԵրյանն իր երեք ժողովածուից, մեկ վիպակից եւ ավարտաճառից հետո այլես ոչինչ չգրեր եւ կամոքն Աստծո այսօր մեր կողքին լիներ, մենք դարձյալ մեր գնահատումի եւ երախտագիտության խոսքը կասեինք այդ թեկուզ ծավալով ոչ մեծ, բայց արժեքավոր ժառանգության համար»:
Շնորհանդեսին ելույթ ունեցողները նշեցին, որ Պետիկ Հերգելյանի գրական ժառանգությունը՝ արձակ եւ չափածո գործերը, իրենց ուրույն տեղն ունեն հայ գրականության մեջ՝ թե՛ իբրեւ գեղարվեստական գործեր, թե՛ ժամանակի շունչն ու ոգին պատկերող ստեղծագործություններ, որոնք սակայն արդիական են միշտ:
Հայաստանի գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը նշեց, որ Պետիկ Հերգելյանը ծանոթ չէր Հայաստանում, եւ բարեբախտաբար, ու շնորհիվ վերջին տարիների մի քանի հրատարակությունների ու նրան նվիրված ձեռնարկների, նա արդեն ճանաչում է գտնում մայր հայրենիքում:
2022 թվականին Երեւանում լույս է տեսել Պետիկ Հերգելյանի ստեղծագործությունների գրեթե ամբողջական ժողովածուն՝ «Ընտրանի» խորագրով,
Էդուարդ Միլիտոնյանն իր խոսքում Հերգելյանի բանաստեղծական տաղանդը գնահատելուց բացի նշեց նաեւ նրա քաղաքական երգիծանքի շնորհը, որը որոշակիորեն շարունակում է արեւմտահայ գրականության նույն ժանրի գրողների գիծը: Գրողների միության նախագահը կարեւորեց նաեւ խաղարկային, սյուժետային բանաստեղծություն գրելու՝ Պետիկ Հերգելյանի տաղանդը, որի արդյունքում ծնվել են այդ ժանրի բազմաթիվ ստեղծագործություններ:
Գրող Հենրիկ Էդոյանն իր ելույթում նշեց, որ մեր գրականության մեջ վաղուց վերացել են արեւմտահայ, սփյուռքահայ, հայրենի գրականություն սահմանումները, ըստ Էդոյանի կա մեկ՝ հայ գրականություն, եւ Պետիկ Հերգելյանը հայ գրականության վառ ներկայացուցիչներից է. «Նա իր գրականության մեջ որոնում է ճշմարտությունը: Եւ հատկանշական է, որ նրա գրածները պաթետիկ չեն, ճառային չեն, ինչով ցավոք սրտի լցված է մեր գրականությունը»,-ասաց Հենրիկ Էդոյանը:
Գրական հանդիպմանը ելույթ ունեցավ նաեւ գրող Վահան Զանոյանը, նշելով, որ թեեւ իր հայրենակից Պետիկ Հերգելյանին չի ճանաչել, սակայն նրա գրածներն ամբողջական ճանաչում են տալիս գրողի մասին, որի գրականության մեջ, Զանոյանի բնորոշմամբ՝ չարչարված, հոգնած բառեր չկան: Նա նաեւ մատնանշեց այնճարցուն բնորոշ այն լավագույն հատկանիշները, որոնք կրում էր Պետիկ Հերգելյանը եւ որոնք արտահայտված են նրա գործերի տողատակերում եւ առանձնացրեց հատկապես հողի պաշտամունքը, ասելով, որ նրա արծարծած տիեզերական, համամարդկային հարցերից բացի հողի այդ պաշտամունքը ամենաայժմեական գիծն է, որ կա իր գրականության մեջ:
Ելույթ ունեցողներից հրատարակիչ Վան Արյանը («Վան Արյան» հրատարակչության տնօրեն) նշեց, որ ոգեւորությամբ եւ ափսոսանքով է ստանձնել գրքի հրատարակությունը. «Ոգեւորությամբ, որովհետեւ նոր գրող եմ հայտնաբերել, իսկ ափսոսանքով, որ կենդանության օրոք չեմ ճանաչել նման տաղանդի»,-ասաց Վան Արյանը:
Պետիկ Հերգելյանին նվիրված միջոցառմանը ելույթ ունեցան նաեւ գրող, հրապարակախոս Սաքո Արյանը, հանրային գործիչ Րաֆֆի Դուդաքլյանը, որ նշեց այն ազդեցությունը, որ Պետիկ Հերգելյանն ունեցել է իր սերնդի եւ ավելի փոքրերի վրա, որոնց համար Պետիկի հետ ամեն մի հանդիպումը սպասված էր:
Բանաստեղծ, հրապարակախոս Սաքո Արյանը կարեւորեց այն գնահատանքն ու արժեւորումը, որ տաղանդավոր, ինքնատիպ բանաստեղծները կարիք ունեն սփյուռքում, որտեղ գաղութները սովորաբար ավանդական են եւ նորարարությունը, ինքնատիպությունը միշտ չէ, որ գրկաբաց են ընդունվում: «Պետիկը երբ գրում էր, նույնանում էր իր տեքստի հետ, եւ Պետիկը ճանապարհ էր բացում բոլոր նրանց համար, ովքեր իր հետեւից եկան, որոնք այսօր խմբագիր են, տնօրեն են, պաշտոնյաներ են, եւ Պետիկը ինչ-որ առումով հիմնադիր դարձավ մի սերնդի, նախակարապետը, որ հող պատրաստեց շատ շարժումների համար»,-ասաց Սաքո Արյանը:
Պետիկ Հերգելյանի մասին խոսք ասաց նաեւ նախկին դիվանագետ Հովսեփ Սեֆերյանը, իսկ ասմունքողներ Մանե Այնթապլյանն ու Նարեկ Ղազարյանը հատկանշական գործեր ասմունքեցին Պետիկ Հերգելյանի պոեզիայից:
Միջոցառման վերջում Պետիկ Հերգելյանի ընտանիքից (եղբորորդին) արվեստաբան, ֆինանսիստ Հերակ Հերգելյանն իր երախտիքի եւ շնորհակալության խոսքերն ուղղեց ներկաներին եւ բոլոր այն մարդկանց, որոնք արժեւորել են Հերգելյան գրողի գործն ու վաստակը:
«Մուսալեռ» հայրենակցական միության նախագահ Պերճ Ղազարյանը Պետիկ Հերգելյանին հետմահու պարգեւատրեց «Մուսալեռ» հուշամեդալով, որը հուշագրի հետ միասին հանձնվեց Պետիկ Հերգելյանի եղբորը՝ արվեստաբան Մովսես Հերգելյանին: