image

Ծնունդդ շնորհավոր, հորս տան շենության եղբայր Դավիթ

Ծնունդդ շնորհավոր, հորս տան շենության եղբայր Դավիթ

Գերմանիայում  հաստատված  հայրենակցուհի Լիզա Բերքյան Աբրահամյանն  գրում է՝  

Իմ կյանք ու արև, բարեհոգի, համեստ և Աղեղնավոր եղբայր, անունդ  կարոտի կանչ է, մեր տան  համուհոտը,  մեր մանկության ձայներն ու կանչերը, որոնք աղոթքի նման ծաղկում են շուրթերիս:  

․․․Սրտիս և հոգուս մեջ  բորբոք է դեկտեմբերի 8-ի՝ էն պարզկա գիշերվա, մեր տան հեքիաթի հիշողությունը. մայրիկը՝ երկունքի ցավերի մեջ, հայրիկը՝ Ախլքալակում: Երեք քույրերով՝ Լիդան՝ 9 տարեկան, Լարիսը՝ 7, ես՝ 5, վազում էինք գիշերվա ճաքճքան, բայց լուսնյակից ու աստղերից պեծ-պեծին տվող ձների վրայով՝ Ֆոնուշ հարսոի, Բուրո աբայի, տատմեր Հերքոի հետևից: Շուշանիկը՝ դեռ երկուս չկար, մնաց մայրիկի հետ:  Էն լարված, բայց երանելի պահը. մենք՝ քույրերով և պապը շվաքում՝ շունչներս պահած, հայացքներս  թոնրատան դռանը մեխած՝ լուրի սպասող: Լուսահոգի Բագրատ պապը՝ ձեռնափայտին կրթնած, թզբեհի հատիկներն էր մտքում «խեր, շառ, Աստված» անում: Այդ օրը չգիտեմ, թե մոլորակները ինչ դասավորությամբ էին,  բայց  պապի Տերողորմյայի հատիկները Աստծո նշաններով էին:  

Երջանկավե՜տ, անմոռանալի՜  պահ՝ կանանց ճչոցները, քո լացի ձայնը, մենք ոտքի ցատկեցինք, նույն պահին՝ շրխկոցով  բացվեց օդայի դուռը՝  Բուրո աբան՝ գիրուկ ու կարճլիկ հասակով,  կանգնեց օդայի շեմին՝ թևերը երկինք պարզած ավետեց քո օրհնված ծնունդը․

- Աչքդ լույս, ախպեր Բակո, Ժորժիկիդ տղա ծնվեց, -աչքներդ լույս, աղջիկներ, ձեզ եղբայր ծնվեց։ 

Հուզումից,  ուրախությունից սկսեցինք արտասվել, թռչկոտել, պապին գրկել, իսկ աբայի ձայնը՝ «Ժորժիկին տղա ծնվեց»,- դեռ արձագանքում է Արագած լեռնաշխարհում, մեր լեռներում ու ձորերում, իմ ականջներում...

Քո ծնունդը, իմ թանկագին եղբայր,  մեր տան ամենամեծ իրադարձությունն էր, ամենամեծ ուրախությունն ու տոնը:  70 տարվա մեր ամեն օրը տոն եղավ մեր կյանքում՝ քեզ  հանդիպելիս, քեզ հետ շփվելիս: 

Իմ անուշ ախպեր, հպարտ եմ քեզնով, որ հորս և մորս հեռանալուց հետո էլ՝ կնոջդ հետ անսասան պահեցիք մեր հյուրամեծար ու հյուրասեր օջախի գեղեցիկ ավանդույթները, և հյուսեցիք ձեր և մեր տան հեքիաթի շարունակությունը: 

Մեր  ջերմ ու բուրավետ հայկական տուն այցի գալը մեր հարազատների և ընկերների համար  օդի և ջրի  պես անհրաժեշտություն է, կարոտի կանչ․․:   

Ծնողներիս, երեք քույրերիս՝ Լիդայի, Լարիսայի և Շուշանիկի հոգիները հրճվում են երկնքում, ես երջանիկ եմ, որ ապրեցի, տեսա այս օրը։ 

Հորս տան շենություն Դավիթ, հեռուներից տուն դարձած որդիներիդ, այս հրաշք օրը քեզ անակնկալ մատուցած բոլոր հարազատներիդ հետ բաժակ եմ բարձրացնում և ասում․ արևդ՝ երկա՜ր, իմ անուշ ախպեր, վերականգնիր առողջությունդ, բերկրանքով լի հաջորդ ամյակներ՝  կնոջդ, որդիներիդ, հարսներիդ, թոռներիդ, բոլոր սիրելիներիդ  հետ: Թող ծաղկեն ու բերքակալեն դալար շիվերդ, որոնց սնիր քո բարի, հյուրամեծար, ազգասեր էությամբ,  թող  օջախդ մնա մեր ճամփան լուսավորող և մեզ տուն կանչող փարոս: 

Բոլորիս աչքները՝ լույս։   Գրկում, համբուրում եմ՝ քեզ անսահման սիրող քույրդ Լիզա

(Լիզա ԲԵՐՔՅԱՆ-ԱԲՐԱՀԱՄՅԱՆ)