image

Կորեական պատերազմի հայ վետերանի հուղարկավորությունը

Կորեական պատերազմի հայ վետերանի հուղարկավորությունը

Ստամբուլում օրերս կատարվել է Կորեական պատերազմի հայ վետարան Էդուարդ Ժամկոչյանի հուղարկավորությունը:

«Արեւելք»ի Ստամբուլի աղբյուրները տեղեկացնում են, որ Կորեական պատերազմի հայ մասնակիցը հինգ տարի է՝ խնամվում էր Ստամբուլի  «Փըթիթ սեոր» ֆրանսիական ծերանոցում, որտեղ էլ մահացել է:

Էդուարդ Ժամկոչյանը ծնվել է 1931 թվականին, չի նշվում, թե ինչ պայմաններում է մասնակցել Կորեական պատերազմին (1950- 1953), սակայն նրա հուղարկավորության արարողությունը կատարվել է զինվորական կարգով, ներկա են եղել Թուրքիայի հանրապետության բարձրաստիճան զինվորականներ, անվտանգության համակարգի աշխատողներ, որոնց մեջ՝ Կենտրոնական հրամանատարության ամբողջ անձնակազմը՝ ներառյալ հրամանատարը, նաեւ կուսակալի օգնականը եւ Շիշլիի քաղաքապետարանի ապահովության տնօրենը:  Վերջին հրաժեշտի արարողությունը կատարվել է Ս. Վարդանանց հայկական եկեղեցում:

Պոլսո հայոց պատրիարքարանից տեղեկանում ենք, որ Էդուարդ Ժամկոչյանի հուղարկավորությունից օրեր հետո Պոլսո հայոց պատրիարք Սահակ արք. Մաշալյանն այցելել է  «Փըթիթ սեոր» ծերանոց, ցավակցել նրա հարազատներին: Պատրիարքը միաժամանակ տեղեկացել է, որ նույն ծերանոցում ապրում են համայնքից մոտ հիսուն ծերեր, որոնց պարբերաբար այցելում են հայ հոգեւորականները: