image

Սիրիահայերի առաջին խումբը Հայաստան կգա դեկտեմբերի 14-ին

Սիրիահայերի առաջին խումբը Հայաստան կգա դեկտեմբերի 14-ին

Հալեպում տեղի ունեցած ռազմական գործողությունները եւ քաղաքի գրավումն ահաբեկիչների կողմից, օր-օրի մտահոգիչ են դառնում քաղաքում մնացած բնակչության համար, որոնք դեպքերի առաջին օրերին չեն հասցրել անվտանգ վայրեր գնալ:

Այդ բնակչության մեջ նաեւ մոտ 10-12 հազար հայ կա, որոնք նույնպես վտանգի գոտում սպասում եւ հետեւում են իրադարձությունների զարգացմանը: Այս օրերին շատ է խոսվում  նրանց տարհանման եւ այլ վայրեր անվտանգ տեղափոխման մասին:

Այդ վայրերից մեկն էլ, բազմաթիվ սիրիահայերի համար, կարող է լինել Հայաստանը: 

Ինչպես տեղեկացանք՝ սիրիահայերի առաջին խմբի ժամանումը Հայաստան, սպասվում է դեկտեմբերի 14-ին։ Նրանք Հայաստան կփոխադրվեն Դամասկոս-Երեւան չվերթով: Առայժմ հայտնի չէ, թե նրանք հալեպահայե՞ր են, թե Սիրիայի այլ քաղաքներում բնակվող հայեր: 

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձների ինտեգրման վարչության պետ Հովհաննես Ալեքսանյանը նաեւ հայտնում է, որ Հալեպի իրավիճակին հետեւում են ամեն րոպե, կապի մեջ են համայնքի կառույցների, դեսպանության եւ հյուպատոսության հետ:  

Սիրիայում ՀՀ դեսպանությունը եւ Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը թեժ գիծ են գործարկել մեր հայրենակիցների համար։ Բոլոր կառույցները հետեւում են իրադարձությունների զարգացմանը՝ պատրաստ լինելով ցանկացած պահի օգնության հասնել հալեպահայերին։

Առայժմ չի նշվում, թե դեկտեմբերի 14-ին Դամասկոս-Երեւան չվերթով քանի սիրիահայ է գալիս Հայաստան, սակայն Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի պաշտոնյան հայտնում է, որ Հայաստանի հանրապետությունը պատրաստ է ցանկացած ժամի ընդունել մեր հայրենակիցներին եւ զբաղվել նրանց խնդիրներով։

Հայաստանն անցյալում նրանց ընդունելու փորձ ունի, ինչպես նշում է Հովհաննես Ալեքսանյանը, նախորդ տարիներից պահպանել են սիրիահայերի առողջապահական անվճար պետական աջակցության ծրագիրը, որի շրջանակում պատրաստ են դիտարկել նրանց  կարիքները։ 

Նա նաեւ կոչ է արել գործընկեր կազմակերպություններին՝ սիրիահայերին ընդունելու ուղղությամբ իրականացնել համատեղ ծրագրեր: