image

Հրաժեշտի ուղերձ. Դեսպան Հրաչյա Փոլադյան

Հրաժեշտի ուղերձ. Դեսպան Հրաչյա Փոլադյան

Օրերս, ավարտելով Իրաքում ՀՀ  արտակարգ եւ լիազոր դեսպանի իր ծառայությունը եւ տեղափոխվելով Եգիպտոս, դեսպան Հրաչյա Փոլադյանը  հանդես է եկել   հրաժեշտի ուղերձով, որ  ներկայացնում ենք ստորեւ

Երեք տարի անց ավարտելով դիվանագիտական առաքելությունս բարեկամ Իրաքի Հանրապետությունում որպես Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան` պարտքս եմ համարում երախտիքս հայտնել Իրաքի Հանրապետության բարձրագույն ղեկավարությանը, պետական հաստատություններում աշխատող պաշտոնյաներին և Իրաքի ժողովրդին՝ այս տարիների ընթացքում Հայաստանի հետ հարաբերություններում աշխատանքային ակտիվ մթնոլորտը պահպանելու, մի շարք կարևոր հարցերում օժանդակելու և իհարկե հայ-իրաքյան բարեկամական հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու համար: 

Վստահ եմ, որ այդ հարաբերությունները ժամանակի ընթացքում զարգանալու են` որպես խորհրդանիշ երկու երկրների ժողովուրդների պատմական, մշակութային ջերմ կապերի և նաև մեր ժողովուրդների խաղաղասիրության: Եվ չնայած մշտապես խաղաղությանը միտված լինելուն` մեր ժողովուրդները միշտ էլ պատրաստ են եղել ու կլինեն հարկ եղած պարագայում պայքարել աշխարհի չարիքների դեմ: 

Առանձին ցանկանում եմ անդրադառնալ իրաքահայ իմ սիրելի համայնքին: Զգացմունքները բազմազան են, սակայն միևնույն ժամանակ պիտի շեշտեմ, որ այդ  հույզերը մեր բոլորիս անցած երկար և, ինչն ամենակարևորն է, արդյունավետ, պետականաշեն ճանապարհի մաքուր արտացոլանքն են: 

Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, դուք, ինձ համար ապավեն դարձած, ամեն վայրկյան աշխատել եք մեզ հետ միասին, շենացրել եք մեզ հետ միասին, կերտել եք մեզ հետ միասին` երբեմն հասնելով անիրական թվացող նպատակների, և վերջապես մեզ հետ միասին բիբլիական Արարատի  բարձրությանը հավասար եք պահել մեր սրբազան երկրի պատիվը: 

Եվ ահա, այսօր հեռանում եմ Իրաքից` այստեղ թողնելով հազարավոր հայերի, որոնք հարազատ են դարձել ինձ և իմ ընտանիքին: Վստահ եղեք, մենք միասին կառուցելու ենք այն երկիրը, որի մասին երազում ենք, դրա ճանապարհին ենք և այդ ճանապարհի հենասյուներից մեկը դուք եք, հավատացեք՝ հենց դուք: 

Մնաք բարով և մինչ հանդիպում։

07.09.2021թ.

Հրաչյա Փոլադյան 

Իրաքում ՀՀ դեսպան