image

Հրաժեշտի ուղերձ. Դեսպան Հրաչեայ Փօլատեան

Հրաժեշտի ուղերձ. Դեսպան Հրաչեայ Փօլատեան

Օրերս, աւարտելով Իրաքի մօտ ՀՀ  արտակարգ եւ լիազօր դեսպանի իր ծառայութիւնը եւ տեղափոխուելով Եգիպտոս, դեսպան Հրաչեայ Փօլատեան  հանդէս եկած է հրաժեշտի ուղերձով, որ  կը ներկայացնենք ստորեւ.-

Երեք տարի անց աւարտելով դիւանագիտական առաքելութիւնս բարեկամ Իրաքի Հանրապետութիւնում որպէս Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան` պարտքս եմ համարում երախտիքս յայտնել Իրաքի Հանրապետութեան բարձրագոյն ղեկավարութեանը, պետական հաստատութիւններում աշխատող պաշտօնեաներին եւ Իրաքի ժողովրդին՝ այս տարիների ընթացքում Հայաստանի հետ յարաբերութիւններում աշխատանքային աշխոյժ մթնոլորտը պահպանելու, մի շարք կարեւոր հարցերում օժանդակելու եւ ի հարկէ հայ-իրաքեան բարեկամական յարաբերութիւնները նոր մակարդակի բարձրացնելու համար: 

Վստահ եմ, որ այդ յարաբերութիւնները ժամանակի ընթացքում զարգանալու են` որպէս խորհրդանիշ երկու երկրների ժողովուրդների պատմական, մշակութային ջերմ կապերի եւ նաեւ մեր ժողովուրդների խաղաղասիրութեան: Եւ չնայած մշտապէս խաղաղութեանը միտուած լինելուն` մեր ժողովուրդները միշտ էլ պատրաստ են եղել ու կը լինեն հարկ եղած պարագայում պայքարել աշխարհի չարիքների դէմ: 

Առանձին ցանկանում եմ անդրադառնալ իրաքահայ իմ սիրելի համայնքին: Զգացմունքները բազմազան են, սակայն միեւնոյն ժամանակ պիտի շեշտեմ, որ այդ  յոյզերը մեր բոլորիս անցած երկար եւ, ինչն ամենակարեւորն է, արդիւնաւէտ, պետականաշէն ճանապարհի մաքուր արտացոլանքն են: 

Իմ սիրելի եղբայրներ եւ քոյրեր, դուք, ինձ համար ապաւէն դարձած, ամէն վայրկեան աշխատել էք մեզ հետ միասին, շէնացրել էք մեզ հետ միասին, կերտել էք մեզ հետ միասին` երբեմն հասնելով անիրական թուացող նպատակների, եւ վերջապէս մեզ հետ միասին աստուածաշնչային Արարատի  բարձրութեանը հաւասար էք պահել մեր սրբազան երկրի պատիւը: 

Եւ ահա, այսօր հեռանում եմ Իրաքից` այստեղ թողնելով հազարաւոր հայերի, որոնք հարազատ են դարձել ինձ եւ իմ ընտանիքին: Վստահ եղէք, մենք միասին կառուցելու ենք այն երկիրը, որի մասին երազում ենք, դրա ճանապարհին ենք եւ այդ ճանապարհի յենասիւներից մէկը դուք էք, հաւատացէք՝ հենց դուք: 

Մնաք բարով եւ մինչ հանդիպում։

07.09.2021

Հրաչեայ Փօլատեան 

Իրաքի մօտ ՀՀ դեսպան