Հայաստանը երբեք չէ բարձրացուցած Գիւմրիի մէջ տեղակայուած 102-րդ ռուսական ռազմակայնը երկրէն դուրս բերելու հարցը։ Այս մասին յայտարարած է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանն Ազգային ժողովէն ներս՝ հարցուպատասխանի ժամանակ։
«2018 թուականից շփւում եմ Ռուսաստանի Դաշնութեան նախագահի եւ այլ բարձրաստիճան պաշտօնեաների հետ եւ երբեք եւ ոչ մի անգամ Հայաստանից 102-րդ ռուսական ռազմաբազան դուրս բերելու հարց չեմ բարձրացրել։ Ընդհանրապէս Հայաստանի ոչ մի ներկայացուցիչ ոչ մի անգամ այդպիսի հարց չի բարձրացրել»,- ըսած է Փաշինեանը։
Վարչապետը յիշեցուցած է Ռուսիոյ նախագահ Վլատիմիր Փութինի՝ Պիշքեքի մէջ ըրած յայտարարութիւնը, համաձայն որու՝ եթէ Հայաստանը ռուսական ռազմակայանի ներկայութեան անհրաժեշտութիւն չի տեսներ, Ռուսիան պատրաստ է այն դուրս բերելու։
«Երբ Բիշքեկից վերադառնում եմ Երեւան, յաջորդ օրը տեսնում եմ, որ Ռուսաստանի նախագահը յայտարարել է, որ եթէ Հայաստանը ուզում է, որ ռազմական բազան դուրս բերենք, մենք դուրս կը բերենք»,- նշած է Փաշինեանը։
Անոր խօսքով՝ ատկէ ետք լրագրողներու հետ ճեպազրոյցին ինքն արձագանգած է Փութինի յայտարարութեան՝ վերահաստատելով, որ հայկական կողմը ռազմակայանի դուրսբերման հարց չէ բարձրացուցած։
«Հայաստանը երբեք 102-րդ ռազմաբազան դուրս բերելու հարց չի բարձրացրել, բայց եթէ Ռուսաստանի Դաշնութիւնը որոշի, որ դուրս է բերում ռազմաբազան, Հայաստանը չի առարկի, որովհետեւ ռազմաբազայի ներկայութիւնը Հայաստանի Հանրապետութիւնում չունի կենսական նշանակութիւն Հայաստանի Հանրապետութեան համար։ Իսկ եթէ Ռուսաստանի Դաշնութիւնն ուզում է պահպանել ռազմաբազան, մենք պատրաստ ենք դա քննարկել։ Սա է ամբողջ պատմութիւնը եւ յայտարարութիւնը՝ ոչինչ աւել եւ ոչինչ պակաս»,- ըսած է Փաշինեանը։