Սիրիայի «Հմեյնիմ» ավիաբազայում վայրէջք է կատարել Հայաստանից հումանիտար օգնությամբ բեռնված առաջին օդանավը: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ Արտաքին Գործերի նախարարությունից: Հայաստանը Սիրիա է ուղարկել հիմնականում սնունդ՝ ալյուր, շաքարավազ, միրգ, բանջարեղեն, պահածո: Օգնութան չափը կազմում է մոտ 20 տոննա:
Փաթեթների վրա նշված է «Խաղաղության ջերմ մաղթանքներով Հայաստանից՝ Սիրիայի եղբայրական ժողովրդին», ինչը նշանակում է, որ օգնությունը բաշխվելու է ոչ միայն հայերին, այլև ընդհանրապես սիրիացի ժողովրդին: Մեր տեղեկություններով, օգնության բաշխումը կազմակերպելու է Հալեպում ՀՀ հյուպատոսությունը, որը Լաթաքիայի ռուսական ավիաբազայում ռուսական կողմի հետ կազմակերպել է բեռների ընդունման, պահեստավորման և տեղափոխման աշխատանքները:
Առաջիկայում ևս մեկ օդանավ Հայաստանից հումանիտար օգնություն է հասցնելու Սիրիա: Որոշումը տրվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից: