Հրատապ լուրեր:

Հարցազրույց Կաղանդ Պապի հետ.Հարություն Հարբոյեան

 Հարցազրույց  Կաղանդ Պապի հետ.Հարություն Հարբոյեան

 Սուրբ Ծնունդը՝  Որպես Հայ Ժողովրդի Հաղթանակի Եվ Արժանապատվուլյան Վերածնունդ

 

Բեյրութաբնակ Հարություն Հարբոյանը Վենետիկի Մխիթարյան միաբանության սարկավագ է, «Փոքրերի աշխարհ» և «Ծիածան» թատերախմբերի բեմադրիչ, սփյուռքահայության «Վանա ձայն» ռադիոկայանի մանկապատենական հայտագրի հեղինակ և վարող, Սուրբ Նիկողայոս հայրապետի հետևորդ: 

2017 թվականից ի վեր Ձմեռ պապի իր առաքելությունն է իրականացնում Հայաստանում, հայ մանուկներին տրամադրում նվերներ, կազմակերպում անմոռանալի միջոցառումներ: Հարություն Հարբոյանն իր մեծ նվիրումով փափագում է, որ «ուրախ հիշատակներից շողարձակի ամեն մի հայի խանդավառությունը»:   

 

Թ.Մ. – Հետաքրքիր է, թե ովքե՞ր են Կաղանդ պապի ծնողները:

Հ. Հ – Հայոց ցեղասպանության հետևանքով մարաշցի Մարիամ մայրս և բեհեսթինցի Գևորգ հայրս գաղթել են Սիրիա, որտեղ էլ և հանդիպել են միմյանց: Հայրս որբանոցում է մեծացել, հետագայում դարձել է հմուտ կոշկակար, իսկ մայրս՝ հայոց լեզվի ուսուցչուհի:

Նրանք ամուսնանում են, լույս աշխարհ են գալիս ութ զավակները՝ հինգ որդի և երեք դուստր: Հետագայում ապրել են Լիբանանում (Բեյրութ):

Թ.Մ. –  Հայտնի է, որ Սուրբ Նիկողայոս հայրապետը ծնվել է Փոքր Ասիայի Լիկիա գավառի Բաթարա քաղաքում, հայկական Գամիրքում։ Փոքր հասակից կորցրել է մեծահարուստ ու բարեպաշտ ծնողներին և մեծացել մորեղբոր՝ Նիկողայոս եպիսկոպոսի խնամքի ներքո։ 

Սուրբ Նիկողայոսը ե՞րբ է Ձեզ հիացրել:

Հ. Հ. – Մանկությանս օրերից ի վեր տպավորված եմ եղել Սուրբ Նիկողայոս Սքանչելագործ հայրապետի կերպարով: Մանկուց երազել եմ բարեգործության մասին: Չափահաս տարիքում, կարդալով Սուրբ Նիկողայոսի մասին և կարևորելով նրա կերպարը, ավելին, քան տասը տարի ներկայանում եմ որպես  Ձմեռ պապ:

 

Թ.Մ. – Ի՞նչ է Ձեզ համար Սքանչելագործ հայրապետի ավետարանական պատգամը՝ «Վաճառի՛ր ունեցվածքդ և բաժանի՛ր աղքատներին»:

Հ. Հ. – Սուրբ Նիկողայոսի կյանքի նշանաբանը՝ խնամք աղքատների, հիվանդների, բանտարկյալների և որբերի հանդեպ, ինձ համար ուղենշային են եղել: Ես միշտ հիացել եմ նրա կատարած հրաշքներով (յոթ տարեկանում աղոթել, խաչակնքել և բուժել է մի կնոջ, Հիսուս Քրիստոսի անունով վերակենդանացրել է երեք մանուկի)։ 19 տարեկանում քահանա է ձեռնադրվել, ապա՝ Զմյուռնիայի եպիսկոպոս։ 

 

Թ.Մ. – Պատմում եք, որ ծննդյան տոներին Սուրբ Նիկողայոսը փայտից պատրաստված նվերների է արժանացրել փոքրիկներին: Դուք էլ եք սիրում նվերներ բաժանել մանուկներին: Ձեր առաքելությունը:

Հ. Հ. – Իմ առաջնահերթ նպատակն է պատմելով  Ձմեռ պապի մասին՝ ճանաչել տալ փոքրերին ու չափահասներին Սուրբ Նիկողայոս հայրապետին, ում միակ նպատակն էր բարեգործություն կատարել, ավետել մանուկ Հիսուսի ծնունդը:

 

Թ.Մ. – Դուք Ձեզ համարո՞ւմ եք Սուրբ Նիկողայոսի աշակերտը:

Հ. Հ. – Ինձ համար մեծագույն պատիվ է Սուրբ Նիկողայոսին աշակերտելը: Գերնպատակս երիտասարդական շարժում առաջացնելն է, հոգևոր արժեքներ տարածելը և ընդհանրապես բարիք սփռելը: Արդեն 6 տարի է, ինչ Հայաստան եմ այցելում, այդ թվում՝ սահմանամերձ գյուղեր՝ ավետելու Սուրբ ծնունդը և ժպիտ պարգևելու հայ մանուկներին: 

 

Թ.Մ. – Ձեր ուղերձը Հայաստանին և հայ ժողովրդին:

Հ. Հ. – Ինչքա՜ն, ինչքա՜ն ծանր ու դժվար պայմաններ անցան, փոթորիկներ ու խառնակություններ, ամբողջ երկրագունդը ջրհեղեղի տակ անցավ, սակայն, ո՛վ մայր Հայաստան, քո Արարատի գագաթն Աստված ընտրեց, որպեսզի Նոյյան տապանն այնտեղ հանգչեր: Դու դիմացար, կանգուն մնացիր, որպեսզի համայն մարդիկ քեզնով հիանան հավիտյան: Հա՛յ ժողովուրդ, երկրորդ մարդկության առաջին ցամաքը եղավ Հայաստանը: Նոյ նահապետի սերո՛ւնդ, կառչա՛ծ մնացեք սրբազան հողին, Աստված մեզ պարգևեց, շնորհեց օրհնյալ այս երկիրը, մի՛ բզկտեք այն, այլ մեծ սիրով իրար հանդուրժեք: Վստահ եղեք՝ սիրով և միակամ ամենահզոր ազգը կլինենք: Ո՛ղջ մնա, ի՛մ հայ ժողովուրդ, մի՛ հուսահատվիր, դարձյալ կկանգնենք, սիրո ուժով կհաղթենք, Աստված առաջ:

 

Թ.Մ. – Ի՞նչ է պակասում հայ քրիստոնյային այսօր:

Հ. Հ. – Սերն է պակասում. սերն անձից է սկսվում: Թե սիրենք մեր անձը, կսիրենք նաև մեր Արարչին: Հայ քրիստոնյային պակասում է անընդհատ աղոթքը, հոգեկան խաղաղությունը, փոխադարձ հարգանքը, հավատը և հույսը:

 

Թ.Մ. – Սուրբ ծննդյան Ձեր բարեմաղթությունը:

Հ. Հ. – Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ նախ ուզում եմ շնորհավորել մեր քաջարի զոհված զինվորների մայրերին և նրանց ընտանիքներին: Դուք Ձեր ամենաթանկը տվեցիք Արցախի և Հայաստանի պահպանման համար:

Խոնարհվում եմ Ձեր առաջ, աղոթում եմ զոհվածների հոգիների համար: Թո՛ղ Հիսուս մանուկի Սուրբ ծնունդը լինի հայ ժողովրդի համար հաղթանակի և արժանապատվության վերածնունդ:

 

Թ.Մ. – Հարգելի՛ պարոն Հարբոյան, շնորհակա՛լ եմ հետաքրքիր և բովանդակալից զրույցի համար:

Հ. Հ. – Ես նույնպես շնորհակալ եմ:

 

 

 Հարցազրոյցը՝ 

Թեհմինե Մարտոյանի 

Պատմական գիտությունների թեկնածու

Թանգարանային ցուցադրությունների կազմակերպման

բաժնի ավագ գիտական աշխատող

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամ