Հայաստանի Հանրապետութեան Շրջակայ միջավայրի նախարարութիւնը ստացած է Ատրպէյճանի նամակը Երասխի մէջ կառուցուող մետաղաձուլարանի վերաբերեալ եւ պատասխանած ատոր։ Հայաստանը պատասխան նամակին մէջ հերքած է Ատրպէյճանի մեղադրանքները, թէ գործարանը կը կառուցուի բնապահպանական չափանիշերու խախտումներով եւ իր հերթին պահանջած, որ Ատրպէյճանը դադրեցնէ անօրինական ուժի կիրառումը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրայ։
Ինչպէս «Արմէնփրէս»-ի թղթակցի հետ զրոյցին յայտնած է Հայաստանի շրջակայ միջավայրի նախարարի մամուլի քարտուղար Անի Յակոբեանը, Ատրպէյճանը Հայաստանը կը մեղադրէ Երասխի մէջ մետաղաձուլարանի գործարանի կառուցման ընթացքին Անդրսահմանային ծորէն ներս շրջակայ միջավայրի վրայ ազդեցութեան գնահատման մասին համաձայնագրի դրոյթները չպահպանելու մէջ:
«Մենք պատասխանել ենք մեղադրանքին ու նշել, թէ գործարանն ինչ չափորոշիչներով է գործելու: Գործարանը չի կառուցւում որեւէ խախտմամբ։ Հայաստանը պահանջում է, որ Ադրբեջանը դադարեցնի անօրինական ուժի կիրառումը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրայ՝ կրակելով շինհրապարակի ուղղութեամբ, քանի որ դրա հետեւանքով վնաս է հասցուել աշխատակիցներին, նիւթական կորուստներ կան: Այդ վարքագիծը կոպտօրէն խախտում է հէնց նրանց մատնանշած Կոնվենցիայի յօդուածներից որոշները, իսկ Հայաստանը հաւատարիմ է միջազգային ստանձնած բոլոր պարտաւորութիւններին»,-նշած է ան:
Շրջակայ միջավայրի նախարարութեան մամուլի խօսնակը աւելցուցած է, որ նամակի բովանդակութիւնը համաձայնագրի շրջածիրին մէջ է եւ այդ համաձայնագրի շրջածիրին մէջ ալ պատասխանած են նամակին:
Շրջակայ միջավայրի նախարարութենէն «Արմէնփրէս»-ին տրամադրած են նախարար Յակոբ Սիմիդեանի պատասխան նամակը, որ կը ներկայացնենք ստորեւ․
«Ի պատասխան ձեր՝ 2023թ․ յուլիսի 7-ի գրութեան, Հայաստանի Հանրապետութեան Արարատի մարզի Երասխ գիւղում կառուցուող մետալուրգիական գործարանի՝ Անդրսահմանային ենթատեքստում շրջակայ միջավայրի վրայ ազդեցութեան գնահատման մասին Կոնվենցիայի (Էսպո) ներքոյ «անդրսահմանային վնասակար ազդեցութեան վերաբերեալ արդիւնաւէտ խորհրդակցութիւնների անցկացումն ապահովելու նպատակով բաւարար տեղեկատւութեան փոխանակման»՝ Հայաստանին ուղղուած դիմումի վերաբերեալ յայտնում եմ, որ՝
Հայաստանը չի համարում, որ Էսպո Կոնվենցիայի 3 (1) համաձայն պարտաւոր է Ադրբեջանին ծանուցել, կամ նոյն Կոնվենցիայի 3 (7) յօդուածի համաձայն Ադրբեջանի հետ տեղեկատւութեան փոխանակում իրականացնել նախատեսուող գործունէութեան վերաբերեալ։
3 (1) յօդուածը պահանջում է, որպէսզի նախատեսուող գործունէութեան վերաբերեալ ծագման Կողմը, ծանուցի այն Կողմին, որն իր կարծիքով կարող է ազդեցութեան ենթարկուած Կողմ հանդիսանալ, միայն երկու պայմանների առկայութեան դէպքում՝ (i) նախատեսուող գործունէութիւնը նշուած է Կոնվենցիայի Յաւելուած I-ում, եւ (ii) այն «զգալի անդրսահմանային վնասակար ազդեցութիւն ունեցող գործունէութիւն է»։ Պայմաններից որեւէ մէկն առկայ չէ։
Նախատեսուող գործունէութիւնը՝ փոքր ծաւալների սեւ մետաղի ջարդոնի վերամշակում է բացառապէս ելեկտրականութեամբ աշխատող ինդուկցիոն վառարանի կիրառմամբ, ինչը չի հանդիսանում Կոնվենցիայի Յաւելուած I-ում նշուած գործունէութեան տեսակ։
Ինքը Ադրբեջանը չի պարզաբանել, թէ Յաւելուած I-ի որ կէտին է առնչւում նախատեսուող գործունէութիւնը։ Համապատասխանաբար, Կոնվենցիայի 3 (7) գործընթացը, ինչի վրայ յղում է կատարում Ադրբեջանը եւ որը կիրառելի է այն դէպքերի համար, երբ Կոնվենցիայի 3 (1) յօդուածի համապատասխան ծանուցում չի իրականացուել, չի վերաբերում Հայաստանում նախատեսուող գործունէութեան տեսակին։
Աւելին, ի պատասխան Ադրբեջանի էկոլոգիայի եւ բնական ռեսուրսների նախարարի 2023թ․ յունիսի 7-ի յայտարարութեան, որտեղ նշւում էր, որ Երասխի գործարանի շահագործումը բացասական ազդեցութիւն կ'ունենայ շրջակայ միջավայրի վրայ, Հայաստանի Հանրապետութեան շրջակայ միջավայրի նախարարութիւնը յստակ նշել է, որ գործարանը կառուցւում է բոլոր բնապահպանական ստանդարտներին եւ պահանջներին համապատասխան։ Դրա վերաբերեալ հաւաստիացումներ են տրուել նաեւ գործարանի սեփականատէր հանդիսացող «GTB Steel» LLC ընկերութեան կողմից, որտեղ նշուել է, որ կը ներդրուեն ժամանակակից տեխնոլոգիաներ՝ շրջակայ միջավայրի վրայ հնարաւոր բոլոր բացասական ազդեցութիւնները բացառելու նպատակով։
Հետեւաբար, գործարանի «շինարարական աշխատանքներն անյապաղ դադարեցնելու» վերաբերեալ Ադրբեջանի պահանջի համար Էսպո Կոնվենցիայի համապատասխան որեւէ հիմք առկայ չէ։
Ելնելով վերոգրեալից՝ Հայաստանը պահանջում է, որպէսզի Ադրբեջանը դադարեցնի անօրինական ուժի կիրառումը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրայ՝ կրակակոծելով շինհրապարակի ուղղութեամբ։ Ադրբեջանի գործողութիւնները ծանր վնասուածք են հասցրել երկու անմեղ աշխատակցի, ինչպէս նաեւ զգալի նիւթական կորուստներ պատճառել։ Ադրբեջանի վարքագիծը կոպտօրէն խախտում է Էսպո Կոնվենցիայի 15 Յօդուածով ամրագրուած պարտաւորութիւնը, այն է՝ «Կողմերի միջեւ ծագած վէճի դէպքում, Կողմերը ձգտում են այն կարգաւորել բանակցութիւնների միջոցով կամ ցանկացած այլ եղանակով` իրենց հայեցողութեամբ:
Հայաստանը պահպանում է միջազգային իրաւունքով նախատեսուած իր բոլոր իրաւունքները»։