2024թ. հունվարի 18-25-ը Բուխարեստում տեղի ունեցավ ամենամյա էկումենիկ աղոթքը՝ «Աղոթքի շաբաթ քրիստոնյաների միասնության համար» վերտառությամբ: Որպես կարգախոս և նշանաբան այս տարի ընտրված էր Սուրբգրային հետևյալ համարը. ,,Պիտի սիրես քո Տեր Աստծուն․․․և պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես քո անձը,, (Ղուկ․ 10․ 27)։
Էկումենիկ աղոթքին մասնակցում էին Ռումանիոյ հայոց թեմը՝ ներկայացնելով Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին, Ռումին Ուղղափառ եկեղեցին, Գրեկո-Կաթոլիկ, Ռոմանո-Կաթոլիկ, Լութերական Ավետարանական, Կալվին Բողոքական, Անգլիկան եկեղեցիները:
Էկումենիկ աղոթքի շաբաթը բաժանված էր հետևյալ ընթացակարգով՝
Հունվարի 18 - միասնական աղոթք Ռոմանո-Կաթոլիկ եկեղեցում, հունվարի 19- Հայ Առաքելական եկեղեցում, հունվարի 20 - Լութերական Ավետարանական եկեղեցում, հունվարի 21 - աղոթք բոլոր եկեղեցիներում, հունվար 22 - Գրեկո-Կաթոլիկ եկեղեցում, հունվարի 23 - Կալվին Բողոքական եկեղեցում, հունվարի 24 – Անգլիկան եկեղեցում, հունվար 25 – Ռումին Ուղղափառ եկեղեցում։
Հունվարի 19-ին, Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Տաթև եպս. Հակոբյանի հանդիսապետությամբ միասնական աղոթք բարձրացվեց առ Աստված Հայոց Առաջնորդանիստ Սրբոց Հրեշտակապետաց Մայր Տաճարում, որին ներկա էին Ռումինիայում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան տիար Տիգրան Գալստյանը, Ռումինիայի Կրոնից նախարար տիար Չիպրիան Օլինիչը, Ռումին Ուղղափառ Եկեղեցու Պատրիարք, Նորին Սրբություն Դանիելի ներկայացուցիչ, գերշ. Պաիսիե եպիսկոպոս Սինաիտուլը, Ռոմանո-Կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչ Կորնել եպիսկոպոս Դամիանը, Լութերական Ավետարանական եկեղեցու փոխառաջնորդ գերշ. Դանիել եպիսկոպոս Զիկելլին, Գրեկո-Կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչ քահանա հայրեր, Կալվին Բողոքական եկեղեցու ներկայացուցիչ Զսոլդ քահանա Բելլոն, Հունգար Լութերական եկեղեցու ներկայացուցիչ Մարտոն Իլիեշը, Անգլիկան եկեղեցու ներկայացուցիչ Նեվսկի քահանա Էվերետը, տարբեր եկեղեցիների ներկայացուցիչ քահանաներ ու հավատացյալներ, տաճարական ասպետներ,: Խոսքով հանդես եկան գերշ. Դանիել եպիսկոպոս Զիկելլին և թեմակալ առաջնորդ Տաթև եպիսկոպոս Հակոբյանը՝ իր խոսքում անդրադառնալով նաև արցախահայության խնդիրներին և ստեղծված աշխարհա-քաղաքական բարդ իրավիճակին, Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպան քաղաքականությանը՝ կոչ անելով աղոթել Հայաստանի և համայն աշխարհի խաղաղության համար:
Հունվարի 22-ին միասնական աղոթք տեղի ունեցավ Գրեկո-Կաթոլիկ եկեղեցում, ուր խոսքով հանդես գալու իրավունքը վերապահված էր Հայ Եկեղեցուն՝ ի դեմս Ռումանիոյ հայոց թեմի: Սրբազան Հայրն իր խոսքում մասնավորապես նշում էր.
«Գոհություն և փառք ենք վերառաքում առ Աստված, որ այս տարի ևս առիթ և հնարավորություն ընձեռեց համախմբվելու և կանգնելու միասնական աղոթքի։ Ղուկասի Ավետարանից ընտրված հատվածը, այն է՝ ,,Պիտի սիրես քո Տեր Աստծուն․․․ և պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես քո անձը,, որի շուրջ մտորելու ենք այսօր, բավական արդիական է, քանզի երբեմն թվում է, որ սերն ու բարությունն ընդհանրապես տեղ չունեն մարդկային կյանքից ներս։ Եթե թերթենք Ս․ Գիրքը, այնտեղ բազմաթիվ հատվածներ կգտնենք սիրո մասին, որովհետև սիրո գաղափարը քրիստոնեական վարդապետության ամենից կենտրոնական գաղափարներից մեկն է։ Սիրո առաքինությունը քրիստոնեական բարոյականության հիմնական սկզբունքն է։ Երբ Քրիստոսին հարցրեցին, թե որն է ամենամեծ պատվիրանը, Քրիստոս ասաց․ ,,Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, ամբողջ մտքով և զորությամբ,, (Ղուկ․ 10․ 27)։ Աստված Սեր է, և Աստծո սերն արտահայտվում է տիեզերքի ստեղծագործությամբ։ Սիրուց մղված Աստված ստեղծեց աշխարհը, բուսական ու կենդանական աշխարհը, և ի վերջո մարդուն՝ Իր պատկերով ու նմանությամբ։ Եվ Աստված մարդու մեջ մեջ դրեց սիրո զգացումը և սիրելու կարողությունը՝ որպես մեծագույն շնորհ։ Բայց սերը մարդու մեջ բնազդային զգացում չէ, այլ գիտակցված ապրում, զոհաբերություն։ Աստված այնքան սիրեց մեզ, որ նույնիսկ Իր Միածին Որդուն տվեց, Քրիստոս զոհաբերվեց մեզ համար, որովհետև առանց զոհաբերության սեր չկա։ Երկրորդ ամենամեծ պատվիրանը, ասում է Քրիստոս, առաջինի նման է․ ,,Պիտի սիրես քո ընկերոջը քո անձի պես,, (Ղուկ․ 10․ 27)։ Ուրեմն Քրիստոս չի ասում միայն, որ պիտի սիրես քո ընկերոջը, այլ ասում է պիտի սիրես քո անձի պես, որովհետև մարդու ամենից հիմնական զգացումներից մեկն իր անձի հանդեպ սերն է։ Կարողանալ մեզ հավասարեցնել ուրիշին և կամ ուրիշին հավասարեցնել մեզ սիրո զգացումի առաջ, որքան դժվար, նույնքան էլ էական սկզբունք է քրիստոնյայի համար։ Որովհետև ինշպե՞ս կարելի է սիրել Աստծուն և չսիրել Աստծո պատկերով ու նմանությամբ ստեղծված մեր ընկերոջը։ Հովհաննես առաքյալն ասում է․ ,,Եթե մեկն ասի, թե սիրում է Աստծուն և ատի իր եղբորը, սուտ է խոսում․ ով չի սիրում իր եղբորը, որին տեսնում է, ինչպե՞ս կարող է սիրել Աստծուն, որին չի տեսել,, (Ա Հովհ․ 4․ 20-21)։ Երբ նայում ենք մեր շուրջը, այսօրվա իրականությունը, երբ ամենուր պատերազմներ են, բռնություններ և համատարած անտարբերություն, առաջին հայացքից թվում է, թե ամեն ինչ կորսված է, այլևս անհնար է իրագործել Քրիստոսի այս պատգամը, բայց այդպես չէ։ Շատ հախաճ մենք կարծում ենք, թե սիրում ենք։ Իհարկե սիրում ենք մեր ծնողներին, ընտանիքի անդամներին և դա բնական է, այդ սերը զգում ենք ծնված օրվանից։ Սիրում ենք այլ մարդկանց, որովհետև նրանք լավ են վերաբերվում մեզ, ինչ որ բարիք են գործել մեր հանդեպ։ Իսկ մարդուն տրված սիրելու պատվիրանը արդյո՞ք նման դրսևորում է։ Իհարկե՝ ոչ։ Մեզ վիրավորանք և ցավ պատճառող մարդկանց կարողանու՞մ ենք սիրել արդյոք։ Աստված սիրեց աշխարհը և Իր Միածին Որդուն զոհաբերեց հանուն մարդկության փրկության, այն մարդկության, որ լի էր մեղքերով։ Մարդկային պատկերացմամբ անհնար մի բան է սիրել մեղավորին։ Բայց Աստված մեղավորի մահը չի ցանկանում, այլ ներում է, երես չի թեքում, այլ հնարավորություն է տալիս շտկվելու։ Նույնն էլ պատվիրում է մեզ։ Սակայն վիրավորանքի, ցավի պատճառով շատ հաճախ չենք կարողանում ներել ու սիրել, կամ այդ բացասական զգացմունքներն ավելի ուժեղ են մեր սիրուց ու հաճախ կառավարում են մեզ։ Եթե կարողանանք սիրել մարդուն հենց այն ժամանակ, երբ նա սխալ է թույլ տվել, ուրեմն իսկապես սիրում ենք և սխալն ուղղելու հնարավորություն ենք տալիս։ Չարին չարով չեն հաղթում։ Շվեդական ասացվածքն ասում է․ ,,Սիրիր ինձ այն ժամանակ, երբ ամենաքիչն եմ արժանի դրան, քանի որ այդ պահին դա այն է, ինչի կարիքը շատ ունեմ,,։ Այս սկզբունքը կարող է բանալի դառնալ այսօրվա անտարբեր աշխարհում։ Եվ ի վերջո չմոռանանք, որ սիրել նշանակում է նաև զոհաբերել ինչ որ բան։ Բոլորիս համար էլ պարզ է, որ ամեն մարդ չի կարող զոհաբերություն կատարել, եթե իր սիրտն ու հոգին լեցուն չէ քրիստոնեական սիրով ու հավատքով։ Իրականում յուրաքանչյուր մարդու մեջ դեռ մանկուց պետք է արմատավորել հիմնարար որակներ, այդ թվում՝ բարություն, կարեկցանք և հանդուրժողականություն։ Այս հատկությունները մարդկանց դարձնում են արձագանքող, կարողանում են հասկանալ ուրիշներին և օգնել նրանց։ Մեր աղոթքն ու մաղթանքն է, որ ամեն անհատ, ազգ ու պետություն ապրի աստվածային պատվիրանների հիմնարար սկզբունքներով, շաղախվի աստվածային սիրով, որով աշխարհը կդառնա առավել խաղաղ ու ներդաշնակ՝ հեռու ամեն տեսակ չարությունից, անտարբերությունից, պատերազմներից ու թշնամանքից»:
Էկումենիկ աղոթքի շաբաթն ավարտվեց հունվարի 25-ին, Ռումին Ուղղափառ եկեղեցում, ուր քրիստոնյա եկեղեցիների ներկայացուցիչները մասնակցեցին երեկոյան ժամերգության։ Տաթև Սրբազանին ուղեկցում էին արժ․ Տ․ Գրիգոր քահանա Հոլկան և արժ․ Տ․ Օշական քահանա Խաչատրյանը։
Ռումանիոյ հայոց թեմի մամլո դիվան