Արդեն երկրորդ անգամ Նոբելյան մրցանակ է շնորհվում հայ գրողի որդու: Բժշկագիտության ոլորտի 2021 թվականի Նոբելյան մրցանակն ստացած ամերիկաբնակ գիտնական Արտեմ Փաթափությանը սփյուռքահայ հայտնի գրող, թարգմանիչ, խմբագիր Սարգիս Վահագնի որդին է:
Իսկ այս տարի տնտեսագիտության ոլորտի Նոբելյան երեք մրցանակակիրներից մեկը՝ Տարոն Աճեմօղլուն, «Արեւելք»-ի տեղեկություններով, պոլսահայ հայտնի բանաստեղծուհի Իրմա Աճեմյանի որդին է:
Իրմա Աճեմյանը (1938-1990)
Հատկանշական է, որ թե՛ Արտեմ Փաթափությանի մայրը՝ Հայկուհի Աճեմյանը, թե՛ Տարոն Աճեմօղլուի մայրը եղել են հայկական դպրոցների տնօրեններ, երկուսն էլ կրում են Աճեմյան ազգանունը:
Արտեմ Փաթափությանի մայրը՝ Հայկուհի Աճեմյանը (մահացել է 2023-ին) հայկական դպրոցի տնօրեն էր Լիբանանում, իսկ Տարոն Աճեմօղլուի մայրը եղել է Պոլսի Գատըգյուղի Արամյան-Ունջյան հայկական վարժարանի տնօրենը: Բանաստեղծուհին մահացել է 1990 թվականին՝ Փարիզում, ունի հայերեն բանաստեղծությունների երկու գրքույկ («Տալ միայն»-1975, «Իմ տողերս» -1985): Նա երկար տարիներ աշխատակցել է պոլսահայ մամուլին, բայց ամենամեծ ներդրումն ունեցել է կրթական ոլորտում: Նա նաեւ գրել է «Գեւորգ Աճեմօղլու եւ ես՝ Իրմա. Զգացումներից իրականություն» գիրքը: Իրմա Աճեմյանը նաեւ պոլսահայ «Կամար» ամսաթերթի խմբագիրն է եղել:
Տարոն Աճեմօղլուի հայրը Ստամբուլի համալսարանի իրավաբանական բաժնի դասախոս, իրավագետ Գեւորգ Աճեմօղլուն էր՝ Թուրքիայի հայտնի առեւտրական իրավունքի փորձագետներից մեկը, որ մահացել է 1988-ին: Գեւորգ Աճեմօղլուն նույնպես աշխատությունների հեղինակ է:
Տարոն Աճեմօղլուի պապը պոլսահայ ազգային գործիչ Թոգո Աճեմյանն է: Ընտանիքի որդին՝ Տարոն Աճեմօղլուն (ծնված՝ 1967 թվականին, Ստամբուլում) աշխարհի լավագույն տնտեսագետներից մեկն է, Foreign Policy հանդեսը նրան դասել է աշխարհի ամենաազդեցիկ մտածողների շարքում։ Նա ամուսնացած է, ունի երկու որդի: Ըստ մամուլի՝ նրա կինը՝ Ասուման Օզդաղլարը, նույնքան հաջողակ է, որքան՝ իր ամուսինը: 49-ամյա Ասումանը (Ասու) նույնպես գիտնական է` համակարգչային գիտության եւ մեքենայական ուսուցման մասնագետ: Նա Թուրքիայի նախկին պետնախարար Իսմայիլ Օզդաղլարի դուստրն է:
Աճեմօղլուն իր գործընկերներ Սայմոն Ջոնսոնի եւ Ջեյմս Ռոբինսոնի հետ Նոբելյան մրցանակ է ստացել համատեղ հետազոտության համար, թե ինչպես են «հաստատությունները ձեւավորվում եւ ազդում բարեկեցության վրա»:
Երեք տնտեսագետները կկիսեն մրցանակի համար տրված գումարը՝ 11 միլիոն կրոն (1,1 միլիոն դոլար):