image
Հրատապ լուրեր:

Դպրական ձեռնադրություն և ուրարի տվչություն Բուխարեստի Սրբոց Հրեշտակապետաց առաջնորդանիստ տաճարում

Դպրական ձեռնադրություն և ուրարի տվչություն Բուխարեստի Սրբոց Հրեշտակապետաց առաջնորդանիստ տաճարում

Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդ գերշ․ Տ․ Տաթև եպիսկոպոս Հակոբյանի   ձեռամբ և օրհնությամբ, մայիսի 21-ին, Բուխարեստի Սրբոց Հրեշտակապետաց առաջնորդանիստ տաճարում տեղի ունեցավ դպրական ձեռնադրություն և ուրարի տվչության կարգ։ Դպրության աստիճանի արժանացան համայնքի 4 արժանավոր երիտասարդներ ու պատանիներ՝ Հրանտ Ջաղինյանը, Հարութ Կափլանյանը, Հովհաննես և Գրիգոր Ազարյանները, որոնք տարիներ ի վեր նվիրվածությամբ ծառայում են հայոց եկեղեցում՝ մասնակցելով պատարագներին և սրբազան մյուս արարողություններին։ Հրանտ Ջաղինյանն արժանացավ նաև ուրար կրելու իրավունքի։

Արարողությանը ներկա էին ձեռնադրվողների հարազատները, թեմական ու ծխական խորհուրդների անդամներ, հայ և ռումին հավատացյալներ, թեմի հոգևոր դասի ներկայացուցիչներ։ Սրբազան Հայրն իր պատգամը հղեց նորոգ ձեռնադրյալ դպրիներին և ուրարակրին, խոսեց Հայ Եկեղեցու նվիրապետական կարգի և ի մասնավորի առաջին աստիճանների մասին, շնորհակալություն հայտնեց նրանց ծնողներին նվիրյալ և արժանավոր զավակներ դաստիարակելու համար։

Ձեռնադրությունից հետո առաջնորդարանի հյուրընկալ հարկից ներս տեղի ունեցավ հյուրասիրություն, Սրբազանը մեկ անգամ ևս շնորհավորեց և նվերներ փոխանցեց Հայ Եկեղեցվո նորաթուխ սպասավորներին։

Այս առիթով Սրբազան Հոր օրհնությամբ նախապես ձեռնադրության խորհրդին նվիրված բրոշուր-գրքույկ էր հրատարակվել՝ առիթ ընձեռելով բոլոր ներկաներին ընթերցելու և ծանոթանալու Հայ Եկեղեցու 7 խուրհուրդներից մեկի՝ ձեռնադրության խորհրդին և նվիրապետական կարգին։ Բրոշուրի պատրաստման և տպման համար մեր երախտագիտությունն ենք հայտնում Հրանտ Ջաղինյանին և Ռումանիոյ հայոց միության ,,Արարատ,, հրատարակչությանը։

 

Ռումանիոյ հայոց թեմի մամլո դիվան