«Արեւելքին» հայտնի դարձավ, որ Թուրքիայում նոյեմբերի 1-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրության արդյունքում երկրի խորհրդարանի երեք հայ պատգամավորները` Սելինա Օզուզուն Դողանը («Ժողովրդակա-հանրապետական» կուսակցություն»), Կարո Փալյանը («Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցություն) եւ Մարգար Եսայանը («Արդարություն եւ զարգացում» կուսակցություն) վերընտրվել են: Նրանք Թուրքիայի օրենսդիր մարմնի անդամ են ընտրվել այս տարվա հունիսի 7-ին` դառնալով Թուրքիայի պատմության մեջ առաջին հայ պատգամավորները: Թուրքիայում արտահերթ ընտրություն նշանակվեց, քանի որ հունիսյան ընտրությունների արդյունքում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Արդարություն եւ Զարգացում» կուսակցությունը կորցրել էր մեծամասնությունը եւ հարվածի տակ էր դրվել այլ ուժերի հետ կոալիցիա կազմելու եւ իշխանությունը ընդլայնելու ծրագրերը: Նոյեմբերի 1-ի արտահերթ ընտրություններին քվեատուփերի 98%-ի դիտարկման արդյունքում «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը ստացել է 49,3 տոկոս` 8%-ով բարելավելով հունիսյան ընտրության ցուցանիշը: