image

Սիրիան, պատերազմը եւ ... մենք

Սիրիան,  պատերազմը  եւ  ... մենք

Սիրիան,  պատերազմը  եւ ... մենք

 

Ուղիղ մեկ տարի  առաջ  այսօր ՝ 2016-ի  հուլիսի  11-ին,    Հալեպում զոհվել է  Սիրիայի  բանակի   զինվոր Փանոս Աղազարյանը:     22-ամյա  Փանոսը  զոհվել է  զինյալ  ահաբեկիչների դեմ  տեղի ունեցած  մարտերի   ընթացքում՝  Հալեպի Հանանո   շրջանի մոտ:

Փանոսը  մեկն է   այն   հայ երիտասարդներից, որոնք զոհ են գնացել Սիրիայի պատերազմին: 

 

6 տարի է  անցել  Սիրիայի       պատերազմից:     Շատերի համար կարեկցանքի,  ոմանց համար՝  մտորումների,    ոմանց համար  դասախոսության  եւ տեսական  մտավարժանքների   առիթ ստեղծած   Սիրիայի տագնապը  իր   վերջնական հանգուցալուծմանը դեռ չի հասել:

 Միջին Արեւելքի  հայության  համար     առանցքային դեր ունեցած           սիրիահայ  համայնքը    այսօր    ցիրուցան  պատկեր է ներկայացնում:  Ու այնտեղ է նաեւ, որ հայությունը      միասնական կեցվածք չունեցավ:

Թերեւս   մեղադրելի չէր այն, ինչ տեղի ունեցավ, բայց  փաստ է:   Դեպքերի անսպասելիությունը եւ    երկրում    քաղցկեղի պես տարածված   մահվան  վտանգն ու արյունը   ստիպեցին  շատ-շատերին, որ  իրենց   հագի հագուստներն    առնեն ու հեռանան:

Հալեպի, Դամասկոսի,     Լաթաքիայի եւ  Քեսաբի  հայության մեծագույն մասը    հեռացավ  իր  բնօրրանից,  ու այսօր    ինչ որ կա, ինչ որ դեռ շնչում է,  փոքր մասնիկն է  այն  հզոր  գաղութի, որ երկար տարիներ        հանդիսանում էր սփյուռքի հայության   արյունատար   երակներից մեկը, թերեւս՝ ամենավավերականն ու    հզորը:

 

Մինչ շատերը  հեռացան, քիչ քանակով մարդիկ կային, որոնք  կառչած մնացին    այդ  երկրին՝ իրենց   արեւոտ ու բախտավոր  օրեր տված  այդ ափը  լքելը  համարելով դավաճանություն:

 

Նրանք փոխ առան  արաբական հայտնի խոսքը եւ ասացին. «Նա, որ  ուրանում է իր արմատները,  արմատ   չունի եւ    արժանապատվություն չունի»:

Սիրիայում  մնացողների եւ «պայքարողների» մոտեցումները  բավական բարդ,  առանձնակի եւ նույնիսկ խնդրահարույց մոտեցումներ են: Նրա համար է պարզ,  ով  ցայսօր էլ  սփյուռքում  ծնված,  գործած, ապրած եւ հարստություն ու բարօրություն կերտած    հայերի  մեծ մասի   համար   պատկանելիության, մնայուն կայքի   ու երկիր  ունենալու մոտեցումները    չեն ամրագրվել:

Մինչ  տարբեր մակարդակների վրա   լսելի   դարձան, որ «Սիրիայում  ընթացող  պատերազմը   մերը չէ»,    եղան նաեւ մարդիկ,  որոնք       Հալեպի ամենից «թեժ»  օրերին  ասացին, որ իրենց համար  այդ հողն  ու ջուրը    անփոխարինելի են:

Հարգելի են բոլոր մոտեցումները, ու այս  առումով «դաս տալու»  կամ  ավելի  լավը անելու կամ երկիրը լքել-հեռանալու կամ այնտեղ գոյատեւելու մասին հնչող բոլոր աղաղակները     անիմաստ են:

Խելք սովորեցնելը,  խորհուրդ տալը, խրատելը եւ      գայլի գլխին ավետարան կարդալը ընդունելի չեն:

 

Ապրողը մարդը  անհատն է: Իր ճակատագրի  տերը    մարդն է ՝ հալեպահայը, Դամասկոսում    ցայսօր իր     սեւ հացի  ետեւից վազող   կամ    Հասիչեում օրնիբուն պայքարող   հայը ՝ հայու այդ    պայծառ  տեսակը:

Որոշումը  նրանց է պատկանում: Ու այս առումով է  նաեւ, որ հնչած  ցանկացած   խոսք կամ  խրատ    դառնում է   ավելորդ  մտամարզանքներից  դուրս    բերված   խուսանավում:

 

Ըստ էության, ո՞վ   կարող է     ուրիշի փոխարեն   որոշել, ո՞ր հայն է, որ      մեզնից  ավելի լավ  հայ  է, երբ  խոսք է գնում արմատներ պաշտպանելու    առաջնահերթության  մասին:

Հարցը    շվարած,      դժվարին օր ու արեւ կիսող հալեպահայի հարցը   չէ միայն, այլ մեր  բոլորի հարցն է:

 

Այն բոլորի , որ ցայսօր էլ  փաստացի  չի  տեսնում  իրական  հայրենիք ունենալու ճշմարտությունը:

 Մեր արեւը  մի կողմ թողնելով՝ արմատներ  ենք  փնտրում:

Մեր հողը մի կողմ թողնելով՝ մեզ  հյուրաբար ընդունած      քաղաքների դռներն ենք պահում, ու   ընկնում ենք այդ դռների առջեւ, ինչպես ընկան Փանոսն ու իր ընկերները, երբ մի  տարի առաջ     ահաբեկիչները թակում էին   Հալեպի պատմական   դռները:

Խնդիրն այն է, որ հավաքական կամք չունենք:

Հավաքական  «ես»  չունենք:

 

Մեզնից յուրաքանչյուրը  իր արեւը, իր հողը, իր երկիրը, իր տունն ու դուռն է փնտրում:

 Բայց  որտե՞ղ  է մեր հավաքական տունը,  որտե՞ղ  է մեր  հավաքական     դուռը  եւ որտե՞ղ  մեր  մնայուն  տեղը, որի համար     պետք է ապրենք  ու  հարկ  եղած  ժամանակ մեռնենք:

 

Սիրիայում      300-ից  ավելի  զոհեր ունենք,   շատերն   այդ զոհերին նահատակ  անունն են տալիս:  Հարգում ենք այդ մոտեցումը, սգում ենք մեր մայրերի   ցավը եւ կիսում ենք     այրիացած ու որբացած մեր     եղբայրների ու քույրերի վիշտը:  Այդ զոհերի հիշատակի առաջ   հանենք մեր գլխարկները, բայց   նաեւ հարց   ենք  տալիս,   ինչ որ բան  սովորեցի՞նք  Սիրիայի  պատերազմից:

Ինչ-որ դաս  առե՞լ ենք  Հալեպն     «արյան  բաղնիքի»    վերածած    հորդաների  արշավանքներից:

Ինչ-որ          սկզբունք  ունեցա՞նք,  երբ թալանի ենթարկվեցին    Նոր  Գյուղի, Դեր Զորի,  Ղընեմյի,  Հոմսի    ու շատ այլ  վայրերի մեր   եղբայրները:

Պատասխանը   ձեզ ենք թողնում:

Այս բոլորի   մեջ     ամենից իրական    ցավն է: Այն ցավը, որ մեր սիրիահայերի  սիրտը խոցում է:

Այդ ցավը,  այդ  իրական    վիշտը  նաեւ մեր  ցավն է: