image

Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը. մասնակցում է 11 երկրի շուրջ 60 մանկավարժ

Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը. մասնակցում է 11 երկրի շուրջ 60 մանկավարժ

Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ամենամյա ծրագիրը, որին այս տարի մասնակցում են 11 երկրներից ժամանած շուրջ 60 մանկավարժներ։ 

Ողջունելով սփյուռքահայ ուսուցիչներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը խորին շնորհակալություն է հայտնել նրանց նվիրվածության համար՝ բարձր գնահատելով ամառային հանգստի շրջանը մասնագիտական զարգացմանը նվիրելու նրանց որոշումը։

«Ի դեմս ձեզ՝ մենք տեսնում ենք մարդկանց, որոնք տարբեր երկրներում, տարբեր լեզվական ու մշակութային միջավայրերում պահպանում և տարածում են հայոց լեզուն, պատմությունն ու մշակույթը։ Ձեր գործունեությամբ նպաստում եք, որ աշխարհի տարբեր մասերում ապրող մեր հայրենակիցներն ավելի ամուր կապվեն Հայաստանի հետ․ սա չափազանց կարևոր առաքելություն է, և Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է շարունակաբար խթանել ու աջակցել ձեզ»,— դիմելով ներկաներին՝ նշել է նախարարը։

Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստումը նախարարության կարևորագույն առաջնահերթություններից է։ Նա շեշտել է, որ սա փոխադարձ ուսուցման գործընթաց է, քանի որ Սփյուռքի յուրահատուկ միջավայրերում աշխատող մանկավարժների գործնական փորձն ու հմտությունները չափազանց արժեքավոր են հայրենիքի մասնագետների համար։

Նախարարությունը մտադիր է ակտիվ կապը պահպանել նաև ծրագրի ավարտից հետո՝ հեռավար ձևաչափով շարունակելով մասնագիտական աջակցությունն ու փորձի փոխանակումը։

Բացի մասնագիտական ու մեթոդական դասընթացներից, վերապատրաստման ծրագիրը ներառում է նաև հարուստ մշակութային բաղադրիչ։ Ուսուցիչների համար կկազմակերպվեն պատմամշակութային ճանաչողական էքսկուրսիաներ և տարաբնույթ միջոցառումներ, ինչը հնարավորություն կտա նրանց նորովի բացահայտել Հայաստանն ու էլ ավելի ամրապնդել կապը հայրենիքի հետ։

ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից իրականացվող սփյուռքահայ ուսուցիչների ամենամյա վերապատրաստման դասընթացներն անցկացվում են հուլիսի 1-ից 21-ը՝ Երևանի Ե․ Չարենցի անվան թիվ 67 հիմնական դպրոցում։