Լիբանանում ծնված բանաստեղծ եւ արվեստագետ Գրիգոր Մոմճյանն արդեն շուրջ 37 տարի է՝ ապրում եւ ստեղծագործում է Հոլանդիայում: Նրա նկարների եւ բանաստեղծությունների ժողովածուները, որ կրում են նույն՝ «Wanderings» («Պանդխտության մեջ») խորագիրը, մեծ գնահատանքի է արժանացել սփյուռքում: Արվեստագետը դրանք ներկայացրել է նաեւ Օքսֆորդի համալսարանում՝ համալսարանի Փեմբրոք քոլեջի Հայագիտության բաժնի պրոֆեսոր Թեո Մաարտեն վան Լինթի հետ համատեղ: «Արեւելքի» հետ զրույցում Գրիգոր Մոմճյանը, պատմելով իր մտահղացման մասին, ասաց.
«Երբ բանաստեղծությունների ժողովածուն տպագրվեց, ցանկություն առաջացավ կազմել եւ հրատարակել նաեւ իմ նկարների ժողովածուն, եւ երկուսը միասնաբար, իբրեւ երկվորյակներ՝ քույր ու եղբայր, ներկայացվեցին Օքսֆորդում»:
Հատկանշական է, որ նախորդ երկու տարիների ընթացքում, պրոֆեսոր Թեո Մաարտեն վան Լինթի գլխավորությամբ, Փեմբրոք քոլեջում կազմակերպվել էր հինգ սեմինար-հանդիպում, որոնց ընթացքում էլ բանաստեղծությունների ժողովածուն թարգմանվել էր անգլերեն:
Իսկ նկարների ժողովածուի մեջ, որը միեւնույն՝ «Wanderings» վերնագիրն է, ինչպես հեղինակն է նշում, ներկայացված է պանդուխտ հայի ողջ ուղին ու ճակատագիրը:
«Այն, ինչ բառերով անհնար է նկարագրել, գույների ու վրձնի միջոցով եմ արտահայտում, եւ՝ հակառակը: Նկարներիս զգալի մասը արտացոլում է պանդուխտ հայի ճակատագիրը, որը ես ներկայացնում եմ իմ անցած ուղու միջոցով»,- նշեց Գ. Մոմճյանը:
Ինչպես նկարներում, բանաստեղծություններում եւս Գ. Մոմճյանը զգալի տեղ է հատկացնում պանդխտության, տան կարոտի թեմաներին:
«Արտասահմանում ծնված հայերի մեջ կա տան կարոտը, եւ դրա պակասը միշտ զգալի է»,- հավելում է բանաստեղծ-արվեստագետը:
«Արեւելք»-ի հետ զրույցում Գ. Մոմճյանը անդրադարձավ նաեւ արեւմտահայերենի պահպանման կարեւորագույն խնդրին, նշելով, որ ներկայումս արտասահմանում ապրող հայերի համար այն ընկալվում է որպես երկրորդ լեզու, այնինչ այդպես չպետք է լինի: Արեւմտահայերենին նոր շունչ տալու եւ զարգացման կայուն հիմքեր ապահովելու համար, ըստ բանաստեղծ-արվեստագետի, անհրաժեշտ է նոր դպրոցներ բացել, Սփյուռքում լեզվի պահպանման համար նորանոր ծրագրեր մշակել: Գ. Մոմճյանը Սփյուռքում լեզվի պահպանման կարեւորագույն նախապայմաններ է համարում նաեւ տանը մայրենի լեզվով խոսելու եւ Հայաստանի հետ կապը պահպանելու հանգամանքները:
Գրիգոր Մոմճեանը նշում է նաեւ, որ այժմ զբաղված է բանաստեղծությունների եւ նկարների նոր ժողովածուների կազմման աշխատանքներով եւ մոտ ապագայում պատրաստվում է դրանք նույնպես հրատարակել: