image

Երեւանում տեղադրվել է Թաթուլ Կրպեյանի կիսանդրին

Երեւանում տեղադրվել է Թաթուլ Կրպեյանի կիսանդրին

Երեւանում բացվել է Ազգային-ազատագրական պայքարի նվիրյալ, պատմաբան, ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի կիսանդրին:

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն իր խոսքում,  նշել է. «Ասում են՝ այդքան կարեւոր չէ, թե քանի օր կա մարդու կյանքում, որքան կարեւոր է, թե ինչքան կյանք կա մարդու ապրած յուրաքանչյուր օրվա մեջ: Յուրքանչյուր ժողովրդի պատմության մեջ լինում եմ պահեր, երբ կենաց-մահու կռիվը միակ այլընտրանքն է անպատիվ կործանման։ Եթե շատերի համար դա ինքնաբուխ, պահի թելադրանքով ընդունված որոշումներ էին, ապա ԽՍՀՄ բանակում ծառայելուց հետո պատմաբանի մասնագիտություն ընտրած եւ հայրենի գյուղում պատմության ուսուցիչ աշխատող Թաթուլ Կրպեյանի համար խորը գիտակցված իմաստնություն էր։ Որ հայերնի հողի ամեն թիզի համար պետք է կռվել եւ անգամ սեփական կյանքի գնով պատրաստ լինել հատուցելու։ Դրանում հսկայական տարբերությունն է սխրանքի, խիզախության եւ հերոսության։ Հերոսության իրական բնորոշումը իմացյալ մահից անվախություն է, իմացյալ մահին պատրաստ լինելը՝ հասկանալով, որ դա միակ ուղին է։ Պարտադիր չէ զոհվել, այլ պատրաստ լինելն է կարեւոր։

Մենք չենք, որ հարգանքի տուրք ենք մատուցում հերոսներին։ Այդ նրանք են, որ թույլ են տալիս, որ նույնիսկ մահվանից հետո իրենց ապրած կյանքով իամաստավորել մեր ինքնությունը։

Մենք չենք, որ արդարություն ենք մատուցում Թաթուլ Կրպեյանին, այլ ինքն է, որ հերթական անգամ իր օրինակով մեր սերունդներին ասում է, որ Հայաստանի հողն անառիկ է, պետությունն ամուր, իսկ մեր ապագան միշտ պայծառ։ Շնորհակալություն, Թաթուլ»,- ասաց ՀՀ պաշտպանության նախարարը:

Թաթուլ Կրպեյանի դուստրը՝ Ասպրակ Կրպեյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել քանդակագործ Լեւոն Թոքմաջյանին՝ նշելով. «Նա, ոգեշնչված Թաթուլ Կրպյան հերոսի կերպարով կերտեց նրան արժանի քանդակ։ Սիրելի վարպետ, ձեր բարձր արվեստի շնորհիվ այսօր հայրիկիս կիսանդրին վեր է խոյանում իրեն բնորոշ խրոխտությամբ եւ վեհությամբ։ Անշունչ քարը Ձեր ձեռքերով կարծես շունչ է ստացել եւ հայրիկը խորհրդավոր ժպիտով ժպտում ու զրուցում է մեզ հետ»։

Թաթուլ Կրպեյանը զոհվել է 1991 թվականի ապրիլի 30-ին։ Նրան ազգային հերոսի կոչում է տրվել 1996 թվականին։