image

Բերձորի Վահան Թեքեյանի անվան դպրոցի վերջին դասը՝ Երեւանում. դպրոցն անցել է Ադրբեջանին

Բերձորի Վահան Թեքեյանի անվան դպրոցի վերջին դասը՝ Երեւանում. դպրոցն անցել է Ադրբեջանին

 

Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձորի Վահան Թեքեյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցը պատերազմից հետո, Արցախի շատ դպրոցների հետ անցել է Ադրբեջանին: Դպրոցը, սակայն, իր շրջանավարտների համար Երեւանում կազմակերպում է «Վերջին դաս», որ կանցկացվի Երեւանի «Թեքեյան Կենտրոն»-ում՝  հունիսի 1-ին, ժամը 16։30-ին: Դպրոցի մանկավարժական կազմը հույս է հայտնում, որ մի օր  կրկին բոլորով կհավաքվեն Բերձորում: 

 

1994թ. սեպտենբերից Քաշաթաղի շրջանի մի քանի բնակավայրերում բացվեցին դպրոցներ, այդ թվում` Բերձորի թիվ 1 միջնակարգ դպրոցը: Առաջին դպրոցի հիմնադրումը շրջանի վերաբնակեցման ամենամեծ նվաճումներից էր:

2009 թվականից դպրոցը կրում է արեւմտահայ բանաստեղծ, հրապարակախոս Վահան Թեքեյանի անունը: 2010 թ. սկիզբ դրվեց դպրոցի եւ «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի միջեւ համագործակցությանը:

Դպրոցում գործում էին տեխնոլոգիայի, ՆԶՊ-ի, պատմության, հայոց լեզվի եւ գրականության, աշխարհագրության, մաթեմատիկայի, ֆիզիկայի, կենսաբանության, քիմիայի, ինֆորմատիկայի, անգլերենի կաբինետներ: Դպրոցում սովորում էր 220 աշակերտ, դասավանդում էին 28 ուսուցիչներ: