Արաբական Միացյալ Էմիրության մեր աղբյուրը տեղեկացնում է, որ անցյալ շաբաթ ռուս լրագրող Վլադիմիր Պոզների՝ Դուբայի ամենաշքեղ վայրերից մեկում՝ Jumeirah Beach պանդոկում տեղի ունեցած ստեղծագործական երեկոյին մասնակցել են ոչ միայն Էմիրության ռուսական համայնքի ներկայացուցիչները, այլ նաև՝ տեղական էլիտան, որ հիացել է լեգենդար լրագրողի մտքերով:
Հանդիպմանը մասնակցած մեր զրուցակիցը տեղեկացնում է, որ Դուբայում Պոզների հետ հանդիպումը հայտարարված էր դեռևս տարեսկզբից, այն եղել է փակ ընթրիք, որի համար վաճառվել են տոմսեր: Հայտնի լրագրողը Դուբայ է այցելել առաջին անգամ:
Հանդիպումը կազմակերպել է ռուս-էմիրաթական M Premiere պրոֆեսիոնալ միջոցառումներ կազմակերպող ընկերությունը:
Ռուս լրագրողը պատմել է իր կյանքի, գործունեության, նախասիրությունների մասին, պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերվել են կյանքին, սիրուն, երջանկությանը, նույնիսկ՝ մահվանը: Ներկայացվել է նաև գրողի ինքնակենսագրական գիրքը:

Պոզներն ասել է, որ շատ քաղաքներում է եղել, բայց Դուբայը, որ համարվում է աշխարհի հնագույն, միաժամանակ՝ արագընթաց զարգացող գերքաղաքներից մեկը, իր համար նոր է բացահայտում: Վլադիմիր Պոզները նշել է, որ հիացած է այն բարձրորակ միջոցառումների, փառատոների, ցուցահանդեսների և համերգների առատությամբ, որ քաղաքի զարգացած ու ժամանակակից կենտրոններն ամեն օր առաջարկում են բնակիչներին ու հյուրերին:
Ռուս հայտնի լրագրողը, որ նաև խոհարարության հանդեպ մեծ սեր ունի, ասել է, որ սիրում է արաբական խոհանոցը, մանավանդ՝ լիբանանյանը, որը հռչակավոր է ողջ աշխարհում:
Տեղեկացանք նաև, որ Դուբայում Պոզներն այցելել է ռուսական մշակույթի կենտրոններ, ինչպես նաև հրավիրվել է The Dubai Mighty Camels տեղական հոկեյի ակումբ, ուր նրան նվիրել են ակումբի մարզաշապիկն ու առաջարկել դառնալ թիմի «դեմքն»՝ աշխարհում: Առաջարկն ընդունելու մասին դեռևս տեղեկություն չկա:
