image

Բոլորը չէ, որ անօթևանի կարգավիճակ ունեն. Գյումրու քաղաքապետարանի պաշտոնյան՝ տնակային ավանում բնակվողների մասին

Բոլորը չէ, որ անօթևանի կարգավիճակ ունեն. Գյումրու քաղաքապետարանի պաշտոնյան՝ տնակային ավանում բնակվողների մասին

Գյումրու քաղաքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Կնյազ Մանասյանը, ողջունելով Գյումրու անօթևանների համար բնակարան ձեռք բերելու SOSGyumri թիմի նախաձեռնությունը, նշում է, որ կարևորում է նման հասարակական շարժումը, որին արդեն մեծ թվով մարդիկ են միացել, բայց համաձայն չէ այն մտքին, որ այդպիսի նախաձեռնություններն ինչ-որ տեղ իշխանության աշխատանքի թերացումներն են լրացնում. «Թերացում բառը ես չէի օգտագործի,  հաշվի առնելով մեր երկրի այսօրվա վիճակը, նաև այն, որ անցնող տարիների ընթացքում իսկապես շատ բան է արվել Գյումրիի անօթևաններին բնակարանով ապահովելու ուղղությամբ: Կառավարությունը հիմնականում լուծել է անօթևանների հարցը, իսկ դեռևս անօթևան համարվող մի քանի ընտանիքների բնակարանների հարցն էլ լուծման ընթացքում է»- «Արևելքին» հայտնեց Կնյազ Մանասյանը: Խոսելով Գյումրու Անտառավան բնակավայրի (որտեղ ելույթ ունեցավ դաշնակահար Տիգրան Համասյանը) տնակններում ապրող ընտանիքների մասին՝ քաղաքապետարանի պաշտոնյան նշեց, որ նրանք բոլորը չէ, որ անօթևանի կարգավիճակ ունեն. «Երկրաշարժից հետո նրանցից շատերի ընտանիքները աճել են, մեծացել են, ընտանիքի մի մասը տեղափոխվել է նոր ստացած բնակարաններ, իսկ մի մասն էլ մնացել է տնակներում: Կառավարության որոշումն այն է եղել, որ բնակարան տրամադրվի կորցրած բնակարանների սենյակների չափով, ավելին չէր կարող, այս վիճակը նաև ընտանիքների անդամների աճելու հետ է կապված: Իսկ այս մարդկանց մեծ մասը տուն է ստացել և վաճառել տունը ու մնացել տնակում»,-ասաց Կնյազ Մանասյանը, նշելով, որ տնակներում ապրող մարդիկ տարբեր պատմություններ ունեն:  Ըստ նրա, տնակային ավանում նաև Գյումրու մերձակա գյուղերից բնակիչներ են ապրում, որոնք անօթևանի կարգավիճակ չունեն: Կ. Մանասյանը նաև հայտնեց, որ տնակներում կան  բնակարան ունեցող մարդիկ, որոնց համար ավելի հեշտ է տաքացնել տնակը, քան՝ բնակարանը, որտեղ նրանք թերևս չէին կարող  վառարան վառել,  ուստի նրանք նախընտրում են մնալ այդտեղ:    

Գյումրու քաղաքապետարանի պաշտոնյան մեզ հետ զրույցում ավելացրեց,  որ Անտառավան տնակային ավանի բնակիչները հաճախ են բնակարանի հարցով այցելում քաղաքապետարան: «Քաղաքապետարանը տիրապետում է բոլորի տվյալներին, ում հնարավոր է՝ օգնում ենք, ում էլ՝ չէ, ասում ենք տուն ես ստացել, գնա այնտեղ ապրի»:

 


Սուսաննա  Աթոյան/«Արևելք»

 

Անտառավանի  բնակչուհի 64-ամյա Սուսաննա  Աթոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ինքը ունի անօթևանի կարգավիճակ, սակայն տարիներ շարունակ իրեն նույն բանն են ասել՝ սպասիր, հերթդ դեռ չի հասել: «Տուն ենք ունեցել  Կոշտոյան փողոցի 22 շենքում, երկրաշարժից հետո  մեր շենքը վթարային կարգավիճակ ուներ, փլեցին, ասացին` սպասեք, կտանք: Անօթևանների ցուցակում եմ, էլ չեմ կարող սպասել»,-ասում է միայնակ կինը: Նա ապրում է նպաստով և այցելում է ծերերի բարեգործական ճաշարան:  «Երկրաշարժի ժամանակ երիասարդ աղջիկ էի,  ամուսնացած չէի, հետո էլ չստացվեց,  հիմա էլ  ծեր, միայնակ կին եմ»,-հուզվում է 64-ամյա Սուսաննա Աթոյանը:  

225  բնակելի ավանի բնակչուհի Անահիտ Հովհաննիսյանն էլ ասաց, որ իրենց ընտանիքը  թեև չունի  անօթևանի  կարգավիճակ, բայց, ըստ նրա,  բոլորն էլ տեսնում են, որ ընտանիքը բնակարանի խիստ կարիքի մեջ է. «Երկրաշարժի ժամանակ տուն չենք ունեցել, վարձով ենք ապրել, այսօր դրսում ենք: Բազմանդամ ընտանիքով ապրում ենք  տնակում, տղաս, ամուսինս հիվանդ են, չեն աշխատում, տանը հիվանդ ծեր ունենք,  աղջիկս ամուսնալուծված է, երեխայի հետ մեզ հետ է ապրում, հետո՞ ինչ որ այն ժամանակ տուն չենք ունեցել, այն ժամանակ էլ տան կարիք ունեինք, հիմա էլ…»


 


 

Անահիտ Հովհաննիսյանը՝ դստեր հետ/«Արևելք»

 

 

 

Նշենք, որ Գյումրու անօթևանների համար բնակարան ձեռք բերելու դրամահավաքը շարունակվում է  www.crowdfunder.co.uk կայքում: