Ավարտվեցին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և խորհրդարանական խմբակցությունների՝ ՀՀԿ, «Ծառուկյան», «Ելք», ՀՅԴ ներկայացուցիչների հետ ընթացող բանակցությունները:
«Քաղաքական կուլտուրայի առումով շատ կարևոր էր՝ նստեցինք, խոսեցինք։
Մենք ուզում ենք մի իրականությունը փոխել մեկ այլ իրականությունով։ Այն հին էջը փակված է։ Բարձրացանք Բաբլոյանի մոտ, ասեցինք, որ երկրում քաղաքական ճգնաժամ է, և մենք պետք է լուծենք, խմբակցությունները ևս նշեցին, որ պետք է մեր երկիրը շահած դուրս գա։ Առաջիկա օրերին հրաժարական կտամ վարչապետի պաշտոնից»։
Վարչապետը նաև նշեց՝ որպեսզի խորհրդարանը ավելի չգրգռի մարդկանց, հանրության մոտ ռեակցիա չառաջացնի, խմբակցությունները իր հրաժարականից հետո վարչապետի թեկնածու չեն առաջադրի։
«Ես կարծում եմ, որ լավ կլինի մենք ստորագրենք փաստաթուղթ, որ ես էսինչ օրը հրաժարական կտամ, իրենք չեն առաջադրի թեկնածու, երկրորդ անգամ էլ չեն առաջադրի, ինչի արդյունքում՝ դեկտեմբերին կունենանք արտահերթ ընտրություններ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը և հավելել․
«Իրենք չեն պատրաստվում, ոչ առաջին, ոչ երկրորդ փուլում առաջադրել վարչապետի թեկնածու։ Բանավոր ենք պայմանավորվել, որևէ գրավոր պայմանավորվածություն չկա»։
Այնուհետև կատակել է՝ դիմելով հավաքվածներին․
«Իրար հետ բա տենց խոսում ենք, ասում ենք եղբայր, հարազատ, ընկեր, Ձեր ձեռքը խանգարում է ինձ, եթե կարելի է, խնդրում եմ․․․»։
Նիկոլ Փաշինյանը նշել է , որ խորհրդարանական արտահերթ ընտրությունները քաղաքացիական, համաժողովրդական, համազգային պահանջ են և էն քաղաքական ուժը, ուժերը, ովքեր դեմ կգնան դրան, ուղիղ պատերազմ են հայտարարում սեփական ժողովրդին․
«Իմ տպավորությամբ՝ այդ ուղերձը ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի ՀՅԴ-ի կողմից ընկալված է, էսօր այդ խնդիրը լուծել ենք»։
Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ խոսել է նախագահ Արմեն Սարգսյանի հետ՝ նա ժողովրդի դեմ ոչ մի քայլ չի անի։