Վերջերս հասարակական գործիչ Սարգիս Հացպանյանը, մամուլի ասուլիս հրավիրելով, լրագրողներին ասել է, թե Պոլսո պատրիարքական փոխանորդ Արամ արք. Աթեշյանը ներգրավված է Հովհաննես Այվազովկսու նկարներից մեկի հետ կապված մի քրեական գործում: Ըստ Սարգիս Հացպանյանի, տարիներ առաջ Կոստանդնուպոլսում լույս է տեսել մի գիրք՝ «Օսմանյան կայսրության հայ նկարիչները» խորագրով, որում գրքի հեղինակ Կարո Քյուրքմանը ներկայացնում է մի նկար, որն իբր տեղակայված է Պոլսո հայոց պատրիարքարանում, իսկ որպես նկարի հեղինակ գրքում նշված է նկարիչ Արամ Խաչատուրյանի անունը, նկարում պատկերված հոգևորականն էլ՝ Սարգիս Տեր-Սարգսյանն է:
Սարգիս Հացպանյանն ուսումնասիրել է նկարի պատմությունը և պարզել, որ այդ նկարն ընդհանրապես կապ չունի Արամ Խաչատուրյան անունով նկարչի հետ, և նկարում պատկերված մարդն էլ Սարգիս Տեր-Սարգսյանը չէ, այլ Գաբրիել Այվազովսկին՝ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու եղբայրը, իսկ կտավի հեղինակն էլ, ըստ Սարգիս Հացպանյանի շրջանառության մեջ դրված վարկածի, մեծ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին է: Սարգիս Հացպանյանը, որ տարբեր նախաձեռնություններով հաճախ է հանդես գալիս Պոլսո պատրիարքական փոխանորդ Արամ Աթեշյանի դեմ, ասում է, որ Արամ Աթեշյանը երկու տարի առաջ եկել է Հայաստան, գտել է Այվազովսկու՝ 1867 թվականին նկարած կտավի տիրոջը և ցանկացել գնել նկարը, սակայն չի ստացվել, քանի որ տերը նկարի դիմաց պահանջել է 1 մլն դոլար, ինչից հետո նկարը տարվել է Էջմիածին, Աթեշյանը կանչել է իրավապահ մարմիններին և հայտնել, որ նկարը գողացված է Պոլսո պատրիարքարանից:
Սարգիս Հացպանյանը, հիմնվելով իր ունեցած տվյալների վրա, մամուլին ասել է նաև, որ Պոլսո պատրիարքարանի Այվազովկսու նկարների հավաքածուից պակասորդ կա, Պոլսո պատրիարքի փոխանորդն այդ քայլով փորձել է լրացնել պակասը…
Պարզաբանումներ Պոլսից
Պոլսո պատրիարքությունը նշված հարցի վերաբերյալ հարցազրույց է տվել Պոլսո «Ժամանակ» օրաթերթին, որում պարզաբանումներ է ներկայացրել Հացպանյանի ասուլիսից հետո հայաստանյան մամուլում շրջանառվող վարկածների շուրջ: Հարցազրույցին մասնակցել են պատրիարքական փոխանորդ Արամ արք. Աթեշյանը, պատրիարքարանից Տ. Գրիգոր Ա. Քահանա Տամատյանն ու Վաղարշակ Սրկ. Սերովբյանը (վերջիններս, ըստ օրաթերթի, Պատրիարքարանի Դիվանում պատասխանատու պաշտոններ են վարել և տեղյակ են հարցի մանրամասնություններին):
Զրույցից տեղեկանում ենք, որ խնդրո առարկա նկարը, որ երկար տարիներ խնամված ու մաքուր վիճակում, բայց առանց շրջանակի, պահվելիս է եղել պատրիարքարանում, 2000-ականների սկզբին Տ. Մեսրոպ Պատրիարք Մութաֆյանի անձնական հրահանգով պատրիարքարանից դուրս է բերվել: Ըստ զրույցի, նկարում պատկերված է մի եպիսկոպոս, իսկ նկարի հեղինակն էլ գատըգյուղցի նկարիչ Արամ Խաչատուրյանն է, որ Երուսաղեմում աշակերտել է Շնորհք Պատրիարք Գալուստյանին: Յուղաներկի ձախ անկյունում, Պոլսից ստացված տեղեկության համաձայն, հստակ է եղել հեղինակի ստորագրությունն ու ստեղծագործության թվականը՝ 1903։
Կրկին հարցազրույցից տեղեկանում ենք, որ 2000-ական թվականներին, երբ Գումգաբուում գտնող պատրիարքարանի շենքն ու Գնալը կղզու պատրիարքարանի ամառանոցը վերանորոգվում էին, այդ գործը հայտնվել է Գնալը կղզու՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հովվատանը, որը վերածվել էր Մեսրոպ պատրիարք Մութաֆյանի ընդունարանի, և նկարը ծառայել է իբրև այդ ժամականավոր նստավայրի կահավորանք:
Պատրիարքարանի աղբյուրները պնդում են, որ իրականում իսկապե՛ս հայտնի չէ, թե ով է նկարում պատկերված եպիսկոպոսը, բայց, հենվելով Կարո Քյուրքմանի՝ 2004 թվանակին հրատարակված, հայ նկարիչներին ու հայ նկարչությանը վերաբերող պատկերագրքից, նշում են, որ գրքում, Կարո Քյուրքմանի երկարատև ուսումնասիրություններից հետո պատրիարքարանի հավաքածուին պատկանող այդ նկարի տակ գրվել է՝ Սարգիս Եպիսկոպոս Տեր-Սարգսյան: Կարո Քյուրքմանը նաև նշում է կատարել, որ այդ տվյալն իրեն է փոխանցել հանգուցյալ Գևորգ Փամբուկճյանը մահից՝ 1997 թվականից առաջ: Չնայած պատկերագրքում նշված այդ տեղեկությանը, պատրիարքարանի աշխատողները վերապահումով են մոտենում դրան, նշելով, որ 1903 թվականին, երբ Արամ Խաչատուրյանը ստեղծել է դիմանկարը, Սարգիս Եպիսկոպոս Տեր-Սարգսյանը դեռևս եպիսկոպոս չէր ձեռնադրվել:
Երբ պատրիարքարանի շենքերը վերանորոգվել են, Մեսրոպ արք. Մութաֆյանը վերադարձել է Գումբափուի նստավայրը, հրահանգել է Գնալը կղզուց բերել նաև նկարը: Մութաֆյանը նշել է, որ այդ յուղաներկ գործում պատկերված եպիսկոպոսի վեղարը շատ տպավորիչ ու պատկառելի տեսք ունի, և ինքը պատրաստվում է պատվիրել երանաշնորհ Կոլոտ պատրիարքի դիմանկարը, ուզում է, որ նկարում Կոլոտ պատրիարքի վեղարը նկարվի Արամ Խաչատուրյանի նկարած վեղարի տեսքով: Ահա հենց այս պատճառով էլ, ըստ հարցազրույցի, նկարը դուրս է բերվել պատրիարքարանից…
Ո՞վ էր հայաստանցի նկարիչը
Իսկ թե ի՞նչ ճակատագիր է ունեցել նկարը հետագայում, կրկին պարզաբանել են Արամ Աթեշյանն ու նրա գործակիցները:
Ըստ հարցազրույցին մասնակցող Տ. Գրիգոր Ա. Քահանա Տամատյանի ու Վաղարշակ Սրկ. Սերովբյանի, իրենք նկարը հանձնել են Մութաֆյան պատրիարքի վարորդին՝ Հովհաննես Բայրամին, սակայն Հովհաննես Բայրամն այսօր չի հիշում այն հասցեն, որտեղ տարել է նկարը: Թերթի զրուցակիցները սակայն հիշում են, որ Մութաֆյանն ասել է, թե Հայաստանից եկած մի նկարիչ Բաքըրգյուղում պետք է կրկնօրինակեր նկարի վեղարը: Հայաստանից Պոլիս ժամանած նկարչի և պատրիարքարանի միջև կապ է հաստատել պոլսահայ համայնքի գործիչներից Մաժակ Օհանյան Չաքրը, որ գործի բերումով հաճախ էր Երևան ճամբորդում: Արամ Աթեշյանն իրադարձությունների վերջին ֆոնին կապ է հաստատել Մաժակ Օհանյան Չաքրի հետ, բայց վերջինս կրկին մանրամասնություններ չի մտապահել: Այդպես էլ, ըստ պոլսահայ հոգևորականների, անհետացել է նկարը…
Այս իրադարձություններից որոշ ժամանակ անց պատրիարքարան է այցելել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի՝ արդեն հանգուցյալ միաբաններից Տ. Ներսես արք. Պոզապալյանը: Նա հայտնել է, որ Հայաստանում վաճառքի է հանված մի եպիսկոպոսի դիմանկար՝ Պոլսից և նշվում է, որ նկարի հեղինակը աշխարհահռչակ նկարիչ Այվազովսկին է: Պոզապալյանը նաև ասել է, որ վաճառողները նշել են, թե նկարում պատկերված է Այվազովսկու եղբայրը՝ Գաբրիել Այվազովսկին: Վաղարշակ սրկ. Սերոբյանն անմիջապես Պոզապալյանին Կարո Քյուրքմանի գրքից ցույց է տվել հայտնի նկարը, և Ներսես արք. Պոզապալյանը հաստատել է՝ վաճառվողը հենց այդ նկարն է, որ կա, սակայն ասել է, թե նկարի ներքևի նշումներն այլ են կամ փոխված են: Պատրիարքարանում տեղեկացել են, որ նկարը դրվել է շրջանակի մեջ, ինչն էլ նրանց ենթադրել է տվել, որ շրջանակն արել են՝ ստորագրության ջնջած մասը հնարավորինս ծածկելու համար:
Թերթի զրուցակիցներն իրենց հարցազրույցում նշում են, որ նկարն արվել է 1903-ին, իսկ Այվազովսկին մահացել է 1900-ին, և դա մեկ անգամ ևս փաստում է, որ նա չէր կարող լինել այդ նկարի հեղինակը:
Էջմիածնից Պոլիս ժամանած Ներսես արք. Պոզապալյանը Մեսրոպ պատրիարքին առաջարկել է իրեն լիազորագիր տալ, որպեսզի ինքը Հայաստանում զբաղվի այս հարցով, և նկարը վերադարձնի պատկանելիության վայր՝ Պոլսո պատրիարքարան: Սակայն, պատրիարքն այդպես էլ լիազորագիր չի տվել, իսկ թերթի զրուցակիցները նշում են, որ Մեսրոպ պատրիարքի հիվանդությունը նոր էր գլուխ բարձրացրել, նույնիսկ դեռ ախտորոշված չէր, և այդ պայմաններում հավանաբար, պատրիարքը չի կարողացել դատել իրավիճակը: (Նշենք, որ Պոլսո պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը ծանր Ալցհայմերով անգիտակից պառկած է Պոլսո Սուրբ Փրկիչ հիվանդանոցում):
Արամ Աթեշյանն ասել է, որ ինքն այդ հարցերին տեղեկացել է ընդհանուր փոխանորդ դառնալուց հետո, երբ երկու թե երեք տարի առաջ Ադանայում բնակվող իր ազգականը էլեկտրոնային նամակ է փոխանցել իրեն, որը վերաբերվել է մի յուղաներկ կտավի վաճառքի: Արամ Աթեշյանի ազգականը հենց Աթեշյանին է ուղարկել նամակը՝ նկատի ունենալով, որ վաճառվող նկարում պատկերված է հոգևորական: Արամ Աթեշյանը խորհրդակցություն է անցկացրել պատրիարքարանում, որի ժամանակ պարզ է դարձել, որ վաճառվող գործը պատրիարքարանի հավաքածուից անհետացած նկարն է: Ի դեպ, նամակում եղել են նաև նկարի տիրոջ տվյալները:
Ոստիկանությունն է միջամտել
Հայաստան իր առաջիկա այցի ժամանակ Արամ Աթեշյանը կապ է հաստատել այդ մարդու հետ և ժամադրվել: Ըստ Աթեշյանի տրամադրած տեղեկության, ինքը միևնույն ժամանակ նաև դիմել է ոստիկանություն, պահանջելով, որ իրենց այդ հանդիպման ժամանակ Պոլսո աթոռից գողացված գործն առգրավվի և վերադարձվի, սակայն ոստիկանությանը չի հաջողվել նրանց հանդիպման օրը տեսնել նկարը, քանի որ վաճառողն այն իր հետ չէր տարել: Աթեշյանն ասում է, թե ինքը նկարը վաճառողին հայտնել է, որ այդ նկարը պատրիարքությանն է պատկանում, սակայն վաճառողն ընդվզել է, ասելով, որ ինքը մի քանի նմանատիպ Այվազովսկիներ ևս ունի, այդ նկարը միակը չէ, և որ այն կապ չունի Պոլսո պատրիարքության հետ: Աթեշյանը ցանկություն է հայտնել տեսնելու Այվազովսկիները, սակայն, ինչպես նշում է պատրիարքական փոխանորդը, վաճառողը երբեք ցույց չի տվել իր մոտ գտնվող գործերը: Արամ Աթեշյանը պոլսահայ թերթին տված հարցազրույցում շեշտել է, որ եթե այդ նկարը միակն է, ապա այն պատրիարքարանին պատկանողն է, և որ քիչ է հավանականությունը, թե կան Այվազովսկու կողմից ստեղծված նմանատիպ այլ դիմանկարներ ևս, քանի որ, ինչպես հայտնի է, ծովանկարիչն իր կյանքում սահմանափակ թվով դիմանկարներ է արել, որից մեկն էլ իր՝ ծովանկարչի ինքնադիմանկարն է…
Ներկայացնելով այս պատմությունը՝ թերթը նաև նշում է, որ գործն այսօր ՀՀ ոստիկանությունում է, և այդ ընթացքում նաև այլ մանրամասներ են ի հայտ եկել: Մասնավորապես, պատրիարքարանին տեղեկություններ են հասել, որ խնդրո առարկա նկարն ուղարկվել է Ռուսաստան, ուր վաճառքի է հանվել կես միլիոն եւրոյով, որպես Այվազովսկու ստեղծագործություն: Արամ Աթեշյանի դիմումներին ի պատասխան, ՀՀ ոստիկանությունը խոստացել է Ռուսաստանում ճշտումներ կատարել և տվյալներ ներկայացնել, թե ի վերջո՝ ո՞վ է այդ ստեղծագործության հեղինակը:
Պատրիարքարանից նաև հայտնում են, որ Արամ Աթեշյանի դեմ կատարվում են զրպարտություններ, անհիմն են նկատում նրա անունը կապել նկար վաճառելու հետ, այն դեպքում, երբ հենց նրա պաշտոնավարության ժամանակ է տարբեր տեղերից հավաքվել բարձրաժեք գործեր և պատրիարքարանում ստեղծվել արվեստի գլուխգործոցների և պատմական ժառանգության՝ այսօր գործող եզակի թանգարանը: