image

Լաթաքիայում զոհված երկու հայերին ուղղակի սպանել են․ Մանրամասներ

Լաթաքիայում զոհված երկու հայերին ուղղակի սպանել են․ Մանրամասներ

Վերջին օրերին Սիրիայի ծովափնյա շրջաններում կառավարական ուժերի եւ նախկին նախագահի զինված կողմնակիցների միջեւ տեղի ունեցող բախումները մեծ ծավալների են հասել, երկու կողմից էլ կան բազմաթիվ զոհեր, ինչպես նաեւ անկանոն բախումների հետեւանքով  խաղաղ բնակիչներ են զոհվել։ Լրատվամիջոցները հայտնում են միայն խաղաղ բնակչության շրջանում ավելի քան 400 զոհի մասին։  Նրանց մեջ նաեւ հայեր կան։ 

«Արեւելք»ի տեղեկություններով, Լաթաքիայում այսօր զոհված հայերը ոչ թե պատահական կրակոցների զոհ էին (ինչպես նախապես հայտարարվել էր),  այլ նրանց սպանել են։

 «Արեւելք»-ը Լաթաքիայի իր աղբյուրից տեղեկացավ, որ հայր եւ որդի Բուտրոսներին Լաթաքիա վերադառնալուց կանգնեցրել եւ կրակելով  սպանել են։ Թե բախումներին մասնակից ո՛ր կողմն է սպանել՝ առայժմ հայտնի չէ։ 

Մեր տեղեկություններով, Բուտրոսներն այն քչաթիվ հայերից են, որ ծնվել են Ասադների ծննդավայր  Կարդահայում, եւ այսօր պատմական այդ գյուղի միակ հայ ընտանիքն են։  Սպանվածներից հոր ծեր ծնողները դեռեւս բնակվում են Կարդահայում։  Բուտրոսները տուն ունեն նաեւ Լաթաքիայում, իսկ դեպքի ժամանակ վերադառնալիս են եղել քրիստոնեական Կասապ (ոչ՝ Քեսաբ) գյուղից։ 

Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցում այսօր կատարվել է նրանց հոգեհանգստյան արարողությունն ու թաղման կարգը, որից հետո՝ հուղարկավորությունը։ 

Հայր եւ որդի Անտուան եւ Ֆադի Բուտրոսները, «Արեւելք»ի տեղեկություններով, պատկանում են Մերձավոր Արեւելքում գոյություն ունեցող մի ինքնատիպհայկական համայնքի, որը հայտնի է «հին հայեր»  անվամբ։

Լաթաքիայի հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին այսօր բացվել է զոհվածների հոգեհանգստյան կարգի համար, մեր տեղեկություններով, վաղը կիրակնօրյա պատարագ չի մատուցվելու։

Շրջանում իրավիճակը շարունակում է լարված մնալ։