image

Ձայներ ու մտածումներ Պոլսից

Ձայներ ու մտածումներ Պոլսից

-Կամա՛ց, հայերեն մի՛ խոսիր, կիմանան, որ հայ ենք։

-Հետո՞ ինչ, լավ էլ բարձրաձայն հայերեն կխոսեմ, դրանցից վախեցող չկա։


Արցախի պատերազմի օրերին Պոլսի Քուրթուլուշ հայաբնակ թաղամասում գտնվող շուկայում լսում եմ երկու հայաստանցիների ահա այս բովանդակությամբ զրույցը։ Հետո հայացքս հառում եմ թուրք զառամյալ վաճառականին, որ իր ճաքճքած, շատ աշխատած մատներով ինձ է վերադարձնում մանրադրամն ու ասում՝ շնորհակալ եմ աղջիկս, Աստված օրհնի։ Անմիջապես մտածեցի, որ իմանաս հայ եմ, պապիկ ջան, էլի կասե՞ս այն, ինչ լսեցի, թե՞ ինձ հետ միասին կանիծես նաև բոլոր հայերին։ Տունդարձի ճանապարհին մեղադրական հայացքներ ես ուղղում անցորդներին, լուռ խոսում նրանց հետ։ Նրանք անհոգ են, բնավ էլ տարված չեն  Ղարաբաղով, սակայն ես չեմ դադարում նրանց աչքերում փնտրել մեր զինվորների կյանքը խլած ոճրագործներին։  

Քիչ է ասել, որ պոլսահայերն ու հայաստանցիները պատերազմի 44 օրերի ընթացքում տագնապել են, այդ կեղեքիչ զգացողությունն առանց թուլտվության փողոցից ուղղակի բնակելի շենքի տարբեր բնակարաններ էր մտնում հեռուստացույցից հնչող բարձրագոչ «Ղարաբաղը Ադրբեջան է» սղոցող վանկարկումների ու հայերի հասցեին հնչող ատելության խոսքի ուղեկցությամբ։

Եթե Թուրքիայում ապրող հայերը չեն բարձրաձայնում Արցախի մասին կամ նպատակահարմար են գտնում լռությունը, սխալ է ասել, թե մեջտեղը ոչինչ չկա։ Լռության մեջ ընթերցում եմ պոլսահայ երգչուհու գրառումը՝ Սիրտս այրվում է․․

Հիշեցնենք, որ անցյալ տարի Ermenihaber.am-ի հետ զրույցում պոլսահայ երգչուհի Մարալ Այվազը պատմել էր իր Հայաստան կատարած այցի մասին։ Մարալը շատ երջանիկ էր հայրենիքում․«Երևանով զբոսնելիս ներսս լցվում է աննկարագրելի խաղաղությամբ»։ Մարալը շատերի պես անցյալ տարի երջանիկ էր․․․


 

Ես,  քաջատեղյակ լինելով մեղեդիների հոգեբուժման և միասնության ուժի մասին, պիտի շարունակեմ իմ սիրելի մայրենի լեզվով երգել։ Սա իմ սերն է, ամենամեծ ցանկությունն ու ուրախությունն է, որ պիտի նվիրեմ սգավոր ժողովրդիս։ Հայաստանը նորից պիտի վերականգնվի։ Ի՛նչ տառապանքների միջով անցած ազգ ենք մենք։ Բավական է միայն ձեռք ձեռքի տալ, միանալ։   

Պոլսահայ երգչուհի Մարալ Այվազ

 

               

 
   

 

«Մեկ ու կես ամիս շարունակ՝ ձեռքս սրտիս վրա հետևեցի Արցախի պատերազմը ներկայացնող հայկական և աշխարհի չորս կողմերի լրատվամիջոցների տեղեկություններին։ Իբրև Հայաստանը սիրող հայ երգչուհի, որ դեռ նախորդ տարի էր այցելել Հայաստան և այնտեղ հաստատել նոր բարեկամություններ, շրջել սիրուն փողոցներով, ներկա գտնվել հայկական տաքուկ մթնոլորտի մեջ, այս ամենն ինձ խորապես հուզեց։ Քանի որ Թուրքիան, որտեղ ես եմ ծնվել ու բնակվում, վճռորոշ տեղ ունեցավ Հայաստանի դեմ պատերազմում։ Որևէ բառ կամ նախադասություն ի զորու չէ նկարագրել այդ օրերի իմ զգացմունքները։ Պատերազմը բերում է մահ, ավերածություններ, գաղթ և ապագային հանձնված խավար։ Անխղճություն և անմարդկայնություն է սկիզբ տալ պատերազմին, աջակցել կամ պաշտպանել պատերազմը։

Պատերազմի ժամանակ Պոլսո Հայոց պատրիարքարանի շրջակայքով, որտեղ նաև բնակվում են հայաստանցի ընտանիքներ, ինքնաշարժեր շրջեցին ադրբեջանական դրոշակներ ծածանելով։ Թուրքիայի կառավարությունը արտահայտեց հետևյալ խոսքերը․«Երբեք չպիտի անտեսենք Թուրքիայի հայերի հանդեպ իրավախախտումներն ու պիտի չարտոնենք նրանց անվտանգությանն ուղղված վնասարար գործունեությունները»։ Բայց մենք ո՞ր մեկին պիտի հավատայինք կամ վստահեինք։ Այս նախադասությունների՞ն, թե՞սադրանքներին ու անհամ իրադարձություններին։ Մի պահ մտածենք՝ մեծ ու փոքրով Թուրքիա աշխատելու եկած Հայաստանի քաղաքացիների հոգեկան լարվածությունը Արցախի պատերազմի օրերին․․․ Համացանցում հայկական երաժշտության տեսագրության տակ անգամ հայհոյանքներ, վարկաբեկիչ խոսքեր էին գրում, եթե հայի հանդիպեի՞ն․․․

Մեծ պետություններն իրենց աղտոտ քաղաքականության հետևանքով սկիզբ տվին Արցախի պատերազմին։ Եվ պատերազմի ամբողջ ընթացքին աշխարհի լռությունը չխախտվեց։ Հազարավոր երիտասարդներ մահացան, հազարավոր ընտանիքներ կորցրեցին իրենց հարազատներին, գերիները անմարդկային վերաբերմունքի ենթարկվեցին։ Կործանվեցին պատմական և քաղաքային կառույցներ, ստեղծագործություններ կործանվեցին, գերեզմաններ կործանվեցին։

Հայաստանը շատ մեծ ցավ ունի։ Բոլոր այս իրադարձություններից՝ մայր լինելով սիրտս այրվում է։ Չէ՞ որ զավակը երբեք դյուրին չի մեծանում․․․

Այնտեղ, ուր «Ավազակ Հայաստան, Հայ» բառերը մշտապես սավառնում են օդում, այնտեղ հայերեն երգելը՝  չգիտեմ ինչպես կարող եմ բացատրել․․․»

Թուրքիայում հայատյացության քաղաքականության շուրջ իշխանականներ ու ընդդիմադիրներ չկան, գրեթե բոլորն էլ համամիտ են հայերի դեմ թշնամանքին։ Այլ հարց է, թե ով ի՞նչ շահ է հետապնդում այդ ճանապարհին։


 

Թուրքիայում մոտ ապագայում ընտրություններ են ծրագրվում, ու «Արդարություն և զարգացում» կուսակցությունը՝ Ղարաբաղի պատերազմի գոռում-գոչյունների դիմաց շահած մի ընտրություն է ուզում տեսնել։ Հետևաբար Ղարաբաղի հարցում ընդդիմադիր կուսակցությունների ձայն չհանելը նշանակում է իրենց հիմնական ընտրազանգվածը կորցնելն աչքի առաջ առնելը։ Իրականում, Ռեջեփ Թայիփ Էրդողանին բռնապետության մեջ մեղադրող ընդդիմությունը, նրան ներքաղաքական դաշտում տապալելով, նույնպես ուզում է այս պատերազմի «բարիքներից» օգտվել։ Ի վերջո նրանց բոլորի քվեարկող զանգվածը հայերի հետ թշնամանքին համակարծիք են։ 

                                            Թուրքիայում հայազգի գրող Ժակլին Չելիք

 
   

 

«Վերջին տարիներին Թուրիքայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներսում պառակտումներ և լուրջ «արյան կորուստներ» են տեղի ունենում։ Թեև իշխող կուսակցությունը  ներքաղաքական ասպարեզում  օգտագործվող բոլոր խաղաքարտերը սպառել է, սակայն դեռ խաղասեղանի միակ տիրակալի պես է կենում, քանի որ ընդդիմությանը չի հաջողվել վերջինիս՝ 20 տարիների ընթացքում ձեռք բերած ուժը  տկարացնող քաղաքականություն վարել։ Չնայած իշխանությունը  ներքաղաքական դաշտում կորցրած վստահությունը Մերձավոր Արևելքի, Հայաստանի, Միջերկրականում և Էգեյանում նախահարձակ վարվելակերպով կրկին ջանում է կյանքի կոչել։ Այս եղանակով երկրի ներսում մեծացնում են մարդկանց ազգայնականության զգացմունքների ծավալները։ Իշխանական շրջանակներն ու մյուս կուսակցություններն ազգայնական-պահպանողական հոգեվիճակը դրվատանքի են արժանացնում։ Երբ իշխանությունը ներքաղաքական ասպարեզում ձեռքը վերստին ուժեղացնելու համար ներսում ազգայնամոլությունը բոցավառելու անունից արտաքին քաղաքականության մեջ նետեց բոլորի կողմից հավանության արժանացող Հայաստանի խաղաքարտը, եթե անգամ սկզբնական շրջանում Թուրքիայի՝ Ադրբեջանի հետ մերձեցումը, դեպի Ղարաբաղ վարձկան զինվորներ ուղարկելուն և Ադրբեջանին զենք մատակարարելուն դեմ ձայներ բարձրացան, ապա պատերազմի կոչերի մեջ դրանք մարեցին։ Ակնհայտ է, որ այս երկրում ոչ մի քաղաքական գործիչ ռազմավարական տեսանկյունից չի համարձակվի Արցախի հարցում անկողմնակալ ձևով խոսել, չի՛ կարող համարձակվել։ Քանի որ շատերի անիվը, ներկայացրածս իրողությունների պատճառով, իշխանության  իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության  ցեխում է պտտվում։ Այսօր Թուրքիայում այս թեմայի մասին իրենց մտքերը բացահայտ հայտարարող շատ թուրք և հայ մտավորականներ, գրողներ, ակտիվիստներ նույնպես կան։ Որքան էլ որ մյուսների համեմատ նրանց թիվը քիչ լինի, թեմայի առնչությամբ իրենց կարծիքներն են բացահայտ հայտնում, հոդվածներ գրում»։


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացը տապալելու հարցում իր հասցեին հնչող մեղադրանքներին ի պատասխան ասում է«Մենք ոչ թե դիվանագիտությունն ենք ձախողել, այլ վերջին 20-25 տարվա դիվանագիտական ձախողումների բեռի տակից դուրս գալու փորձերն ենք ձախողել»։  Պոլսահայ մտավորականը հիշեցնում է՝ Հայաստանի դիվանագիտությունը պատերազմից առաջ էր պարտված, և ինչ պատճառով էլ, որ ծագում է պատերազմը, ինձ համար այն անընդունելի է։


 

 

 

Որքան անցյալի մեջ մխրճվենք, այնքան պիտի պղտորվի մեր ապագան։ Անցյալը, այո՛, կարևոր է, բայց ապագա՞ն․․․ Ապագան կերտելու համար միասնության, միասնության համար էլ առողջ հարաբերությունների անհրաժեշտություն ունենք։

Պոլսահայ թարգմանիչ, մանկավարժ և խմբագիր ԱրլԷթ Ինճիտիզէն

 
   

 

 

«Ըստ իս Հայաստանի դիվանագիտությունը պարտվել էր պատերազմից առաջ, որովհետև չէր հաջողել Արցախի մասին մեր արդար պահանջներն ու իրավունքները համաշխարհային ուժերին՝ ԱՄՆ, եւրոպական երկրներ և այլն, ըստ արժանվույն պարզել և ստուգել։ Տարիներն անցան անորոշ մթնոլորտի մեջ, և մենք բոլորս, ներառյալ սփյուռքահայությունը, կարծես մոռացանք Արցախի բծախնդիր կացությունը։

Հայ ժողովուրդը համաշխարհային իրադարձություններին տեղյակ, ճարպիկ ու խոհեմ դիվանագետներ պատրաստելով պետք է լուծի իր հարցերը։ Այս տեսանկյունից նախկին իշխանավորները մեղավոր են։ Հանցավորը միայն այսօրվա կառավարությունը չէ։ Ավելին՝ Հայաստանը բազմաթիվ հարցեր ունի լուծելու, որոնց մեծամասնությանը տեղյակ ենք՝ տնտեսագիտական, մարդկանց իրավունքների վերաբերյալ և այլն։ Հիմա շատ նուրբ է ներքաղաքական վիճակը, և մենք մոռացել ենք մեր վերքերը, փնտրում ենք մեղավորներ։ Այսպիսով ջանում ենք մենք մեզ կրկին պատժել։ Կան մեզանից մեծ ուժեր։ Նախ պետք է ընդունենք այս իրականությունը և հետո տրամաբանական միջոցներով որոշենք, թե ի՛նչ կարող ենք անել և դրանք իրականացնելու ճամփաներ գտնենք։

Հայ աշխարհն իրար մեղադրելով ոչ մի տեղ չի կարող հասնել։ Այժմ պետք է Հայաստանը զորացնել ամեն տեսակետից։ Եթե Հայաստանը զորավոր լինի, այն ժամանակ մենք բոլորս զորավոր կլինենք։ Մեր գլխավոր ջանքն էլ այն պետք է լինի, որպեսզի նման պարտության զգացումներ կամ անհաջողություններ առաջիկայում չապրենք։

Նոր պատերազմների վտանգ միշտ էլ կա բոլոր ժողովուրդների համար։ Մի՞թե թույլատրելի է խնդիրը լուծել պատերազմով, զենքով։ Չեմ կարծում։ Չէ՞ որ լավ և հզոր դիվանագիտությամբ միանշանակ կկարողանանք խնդիրը լուծել՝ արձանագրելով Ղարաբաղի հիմնահարցի ամուր ու մնայուն լուծում»։

Ներքաղաքական ասպարեզից դեպի արտաքին քաղաքականություն Թուրքիայի քայլերը մարդկության գլխին կախված ռումբեր են։ Արդյո՞ք Թուրքիան մտադրված է ապագայում իր առջև ծառացած խնդիրները լուծել ջիհադականների օգնությամբ։

 


Թուրքիայում լույս տեսնող երկլեզու «Ակոս» շաբաթաթերթի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանն իր «Խնդիրը մերն է, ուժը՝ ուրիշի ձեռքին» վերնագրով խմբագրականում ահազանգում է․ 

 


«Այս պահին ձևավորվում են խիստ վտանգավոր զարգացումներ։ Վտանգավոր ոչ թե այս կամ այն ազգի կամ ժողովրդի, այլ առհասարակ՝ մարդկության համար։ Լոնդոնում գործող Մարդու իրավունքների դիտարկման կենտրոնի տեղեկություններով Սիրիայից դեպի Ադրբեջան փոխադրված ջիհադիստների թիվը հասել է 4 հազարի և ամենամտահոգիչն այն է, որ Էրդողանի կառավարությունն այժմ ուզում է նրանց ընտանիքներն էլ փոխադրել այնտեղ և ձևավորել հավատարիմ համայնք։ Կասկած չկա, որ այս ռազմավարությունը ձեռնտու չէ նաև շիա Ադրբեջանին, քանի որ փոխադրվողները սունիադավան թուրքմեններ և արաբներ են առհասարակ։ Այս երևույթը մեզ ծանոթ է նաև Լիբանանից, ուր հատկապես Այնճարը  շրջապատված է թուրքական ցեղախմբերով։ Այս վտանգը պիտի նկատի չունենա ո՛չ Ռուսաստանի Դաշնության նախագահը, ո՛չ Դաշնակցային Գերմանիայի վարչապետը և ո՛չ էլ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Բայդենը։ Սա ուրիշ աշխարհ է, ուրիշ պատմություն, որն ունի իրեն հատուկ հավասարակշռությունները։ Ահա այս հավասարակշռությունների խանգարումն է, որ մեծ սպառնալիք է տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար»։  
   

 

 

 

 

 

 

 

 

Հ․Գ․Պատերազմն ավարտվե՞լ է, չգիտե՛մ... իսկ Պոլիսն այժմ համավարակի կիզակետում է։ Համավարակը ոչ մի կերպ չխանգարեց Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ մասնակցել Բաքվի ռազմական տոնական շքերթին։ Մե՛նք, հիմա մե՛նք ենք առերեսվում պարտության բոլոր դրսևորումներին։ Հիմա մենք ի՞նչ պիտի անենք, որ մեր մեջքն ուղղենք, որ մեր որդիները տուն դառնան, որ միասնության կոչերի փոխարեն գործ անենք։

 

 

 

 


Լիլիթ Պողոսյան

Լիլիթ Պողոսյան

Լիլիթ Ռազմիկի Պողոսյանը ծնվել է 1981 թվականի...