image

Թուրք երգիչ Ասարն ասում է, որ ինքը երգչուհի Ադելի իսկական հայրն է. Doğan News

Թուրք երգիչ Ասարն ասում է, որ ինքը երգչուհի Ադելի իսկական հայրն է.  Doğan News

Թուրք փոփ երգիչ, 52-ամյա Մեհմեդ Ասարը հայտարարել է, որ ինքը բրիտանացի նշանավոր երգչուհի Ադելի հայրն է: Ծնունդով բոդրումցի նախկին տաքսիստը, որ այժմ երգիչ է, ասում է, որ Ադելի մորը՝ անգլուհի Փեննի Էդքինսին հանդիպել է, երբ վերջինս Թուրքիա էր գնացել իբրև զբոսաշրջիկ և նա իր մեքենայով նրան տեսարժան վայրեր է տարել: Ըստ Մեհմեդ Ասարի, իրենց միջև սիրավեպ է ծագել, լավ ժամանակ են անցկացրել, սակայն անգլուհին ի վերջո հեռացել է: Նրա խոսքերով, կինը հետագայում կրկին Թուրքիա է գնացել, հորդորելով Մեհմեդին միասին հեռանալ երկրից: Մեհմեդը մնացել է Թուրքիայում, իսկ անգլուհին, որ ամուսնացած էր  Մարկ Էվանսի հետ, նորից Անգլիա է գնացել, որտեղ 1988-ին ծնվել է Ադելը, իսկ երկու տարի հետո Էվանսը լքել է ընտանիքին: 

Թուրք երգիչն ասում է, որ սիրավեպի և երգչուհու ծննդյան տարեթվերը համընկնում են: Նա թուրքական մամուլի համար հատուկ լուսանկարվել է՝ ցուցադրելով իր  մատները, որոնցից երկուսը, ըստ նրա, Ադելի մատներին շատ նման են:

Մեհմեդը նաև հին լուսանկար է տրամադրել մամուլին, որտեղ ինքը Ադելի մոր հետ է: 

Նախկին տաքսիստ երգիչը պնդել է, որ հենց իրենից է Ադելը ժառանգել երգելու շնորհքը: Մեհմեդը նաև ասել է, որ ինքը հատուկ սպասելիքներ չունի այս հայտարարությունից, ինքը ապրում է Բոդրումում, շատ երջանիկ է, միայն ուզում է, որ իր դուստրը իմանա ճշմարտությունը:

Ինչպես հայտնի է, 2015-ին մամուլին տված  հարցազրույցում երգչուհի Ադելն ասել է, որ իր արմատները Թուրքիայից, Անգլիայից և Իսպանիայից են: