image

Հայ երգչուհին, որ ԱՄՆ-ի Սպիտակ տանը երգեց հայերեն

Հայ երգչուհին, որ ԱՄՆ-ի Սպիտակ տանը երգեց հայերեն

Այսօր ամերիկահայ օպերային երգչուհի Լիլի Չուքասզյանի ծննդյան օրն է: Նա ծնվել է 1921 թվականին՝ Չիկագոյում,  կյանքից հեռացել 2012-ին՝ Բրենֆորդում: 

Լիլի Չուգասզյանի ընտանիքը գաղթել է Սեբաստիայից:  Նա մանկուց երգել է երաժշտական երեկույթներում, դպրոցական համերգներում, տոնական միջոցառումների ժամանակ եւ այլն։ Չուգասզյանը աշակերտել է հայտնի երաժիշտ Ֆիլիպ Մանուելին։

1950-ական թվականներին երգել է հայկական եկեղեցիների երգչախմբերում։ 1959 թվականին հանդես է եկել Լիթլ Ռոք քաղաքի օպերային թատրոնում եւ արժանացել  մեծ ճանաչման։ Երգել է նաեւ Արկանզասի, Բալթիմորի օպերային թատրոններում։ 1961 թվականին կոմպոզիտոր Ջան Կարլո Մենոտտին Չուգասզյանին հրավիրել է երգելու Ապոլետոյի (Իտալիա) փառատոնում, որտեղ հասել է մեծ հաջողության։

1962 թվականից Լիլի Չուքասզյանը եղել է Նյու Յորքի «Մետրոպոլիտեն»  օպերային թատրոնի մեներգչուհի, 1980- ական թվականների վերջից՝ խորհրդատու, դասավանդել է Յեյլի համալսարանում։ Չուգասզյանը կատարել է շուրջ 30 գլխավոր դերերգեր: 

Երգչուհին համերգներով ելույթ է ունեցել աշխարհի լավագույն նվագախմբերի եւ անվանի դիրիժորների  հետ։ Բացառիկ ձայնածավալի շնորհիվ տարբեր ոճերի երգերի (Յոհան Սեբաստիան Բախ, Ֆրանց Շուբերտ, Յոհաննես Բրամս եւ ուրիշներ) հետ երկացանկում ունեցել է նաեւ մեծակտավ գործեր, կատարել է նաեւ հայկական երգեր(«Կռունկ», Ալեքսանդր Սպենդիարյանի «Օրորոցային» եւ այլն)։

1960-1970-ական թվականներին հայ երգչուհին  համարվում էր կոնտրալտո ձայն ունեցող առաջատար երգչուհիներից մեկը։ 

1967 թվականի սեպտեմբերին հանդես է եկել նաեւ Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ կատարելով Փառանձեմի դերերգը՝ Տիգրան Չուխաճյանի «Արշակ Բ» օպերայում։

1978 թվականին Վաշինգտոնում՝ Սպիտակ Տանը, Լիլի Չուքասզյանը  երգել է հայերեն։ Երգչուհին  արժանացել է ՀԽՍՀ մշակույթի նախարարության Պետրոս Ադամյանի անվան մրցանակի  (1981 թվականին):