Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Սուրբ Սարգսի տոնը: Այն նշվում է Սուրբ Զատկից 63 օր առաջ՝ սովորաբար հունվարի 18-ի եւ փետրվարի 23-ի միջակայքում՝ շաբաթ օրը։ Սուրբ Սարգիս զորավարը համարվում է երիտասարդ զույգերի եւ սիրահարների բարեխոսը։
Սուրբ Սարգիս զորավարը կարգված է համաքրիստոնեական աշխարհի սրբերի դասին։
Ավանդազրույցի համաձայն՝ նա իր որդու՝ Մարտիրոսի եւ 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի։ Կոստանդիանոս կայսրը, որ նույնպես համարվում է Հայ Առաքելական Եկեղեցու սրբերից, նկատելով սբ. Սարգսի արիությունը, կարգում է նրան հարեւան Կապադովկիայի իշխան եւ սպարապետ:
Սուրբ Սարգիսը զբաղվել է նաեւ քրիստոնեության քարոզչությամբ եւ եկեղեցաշինությամբ։ Երբ Հուլիանոս Ուրացողի թագավորության օրոք սկսվում են քրիստոնյաների հալածանքները, Սուրբ Սարգիսը հայտնություն է ստանում Աստծուց՝ հեռանալ կայսրությունից։ Նա իր որդու հետ հաստատվում է Հայաստանում, ուր թագավորում էր Խոսրով թագավորի որդին՝ Տիրանը։ Վերջինս Սարգսին հրամայում է ծառայության անցնել պարսից Շապուհ արքայի մոտ՝ զերծ պահելու երկիրը Հուլիանոսի արշավանքներից։ Այսպիսով, Սարգիսը նշանակվում է զորագնդերի հրամանատար։
Ավանդազրույցի համաձայն՝ նրա զինակիցները, տեսնելով Սարգսի ձեռքով Աստծո կողմից գործած հրաշքները, հրաժարվում էին հեթանոսությունից եւ ընդունում քրիստոնեությունը։ Սակայն պարսից շահը պահանջում է նրանից պաշտել կրակը եւ զոհաբերություններ կատարել։ Երբ Սարգիսը հրաժարվում է ուրանալ իր հավատքը եւ ավերում է բագինը, ամբոխը հարձակվում է նրա որդու՝ Մարտիրոսի վրա եւ սպանում նրան։ Սարգսին բանտարկում են, ապա՝ գլխատում։ Քրիստոնեական հավատքի համար նահատակվում են նաեւ Սարգսի 14 զիվորները։
Նահատակների մարմինները ամփոփվում են Համիան քաղաքում, որտեղից էլ, ըստ հայկական հայսմավուրքներից մեկի, Մեսրոպ Մաշտոցը վերցնում է Սուրբ Սարգսի մարմինը եւ ամփոփում Հայաստանի Կարբի ավանում։ Այնուհետեւ վերցնելով սրբի ատամներից մեկը՝ Մաշտոցը ամրացնում է այն խաչափայտին եւ մասունքի վրա Գագ լեռան գագաթին կառուցում Գագա Սուրբ Սարգիս վանքը։ Լեռը գտնվել է պատմանան Մեծ Հայքի Գուգարք նահանգում։ Այդ լեռն այսօր գտնվում է Ադրբեջանի Հանրապետության Ղազախի շրջանում։ Այս դեպքերը հիշատակվում են նաեւ Ներսես Շնորհալու «Շարական Ս. Սարգսի» շարականում։
Այսպիսով, Սուրբ Սարգսի պաշտամունքը Հայաստանում տարածվեց 5-րդ դարից, երբ Մեսրոպ Մաշտոցը Սուրբ Սարգսի մասունքներն ամփոփեց Կարբի ավանում եւ դրանց տեղում հիմնեց Ուշիի Սուրբ Սարգիս եկեղեցին եւ համանուն վանքը։ Հատկանշական է, որ Տեկորի տաճարը կրում է «Սուրբ Սարգիսի վկայարան» անվանումը։