Շվեյցարական 5 աստղանի Mövenpick ցանցի հայաստանյան պանդոկը Ծաղկաձորում նախատեսված է բացել 2026 թվականին:
Հյուրանոցային ոլորտի համաշխարհային Accor օպերատորը հայտարարել է պայմանագրի ստորագրման եւ մանրամասների մասին: Մասնավորապես, Ծաղկաձորի Mövenpick-ը ունենալու է 198 համար եւ որդեգրելու է բոլոր այն չափանիշները, որոնք ներդրված են աշխարհի տարբեր երկրներում գործող այս հյուրանոցային ցանցի 125 կետերում:
Ընկերությունը հայաստանյան ներդրումը կատարել է «4Ա կապիտալ» ՍՊԸ-ի հետ միասին: Սեփանակատերը գործարար Դավիթ Սոխակյանն է, որ հայտարարել է. «Նոր հյուրանոցը կունենա նրբաճաշակ ձեւավորում եւ կառաջարկի մի շարք հիանալի ծառայություններ՝ զարմացնելու, հիացնելու յուրաքանչյուր հյուրի: Այս նախագիծը ոչ միայն նոր աշխատատեղեր կստեղծի համայնքում, այլ նաեւ կխթանի նոր ներդրումները Հայաստանի անշարժ գույքի շուկայում՝ միաժամանակ նոր չափանիշներ սահմանելով հայկական զբոսաշրջության ոլորտում»: