Մինչ Հատիս լեռան գագաթին Հիսուսին ներկայացնող արձանի շուրջ քննարկումները շարունակվում են, Լիբանանից օրերս ցամաքային ճանապարհով Հայաստան բերվեց կաթոլիկ եկեղեցու սուրբ, նշանավոր վանական Սուրբ Շարբելի արձանը:
Համաքրիստոնեական սրբին խորհրդանշող արձանը դրվելու է Հայաստանում, բացումը նախատեսված է սեպտեմբերի 22-ին: Ցամաքային փոխադրումը տեւել է յոթ օր:
Արձանի տեղադրման շուրջ սոցիալական ցանցերում քննարկումներ են ընթանում. շատերը տարակուսում են, թե ի՞նչ կապ ունի լիբանանյան ծագումով մարոնի սուրբը Հայաստանի հետ, եւ ո՞վ է նրա արձանի տեղադրման նախաձեռնության հեղինակը:
«Արեւելք»-ի տեղեկություններով տասը մետրանոց արձանը տեղադրվելու է Եղվարդի շրջանում, եւ այն լինելու է Կովկասում Սուրբ Շարբելի առաջին ուխտավայրը:
Սուրբ Շարբելի բազմաթիվ ուխտավայրեր կան Լիբանանում, Վատիկանում եւ կաթոլիկ հավատքի այլ բնակավայրերում: Շուտով Սիդնեյում բացվելու է Լիբանանից հետո աշխարհում ամենամեծ սուրբշարբելյան ուխտավայրը: Սուրբ Շարբելի սրբատեղիները ուխտավայրեր են դառնում ոչ միայն կաթոլիկների, այլեւ՝ մյուս դավանանքների տեր հավատացյալների համար: Ուխտավայրերում կարելի է հանդիպել նույնիսկ իսլամադավանների, որոնք հավատում են Սուրբ Շարբելի հրաշագործություններին եւ ուխտի գնում նրա անվան սրբավայրեր:
Լիբանանցի մի խումբ գործարարներ որոշել են համակաթոլիկյան պաշտամունքի արժանացած սրբի արձանը տեղադրել նաեւ Հայաստանում եւ հանդես են եկել նախաձեռնությամբ:
Նախաձեռնությունը ողջունել են Հայաստանում կաթողիկե եկեղեցին եւ Լիբանանի մարոնիական ղեկավարությունը, ընտրվել եւ օրհնվել է վայրը, նրանց հովանավորությամբ էլ կատարվելու է արձանի եւ դրան կից ուխտավայրի բացումը:
Սուրբ Շարբելի հայաստանյան ուխտավայրի տեսքը
Հայաստանում Սուրբ Շարբելի ուխտավայր հիմնելու նախաձեռնությունը լիբանանյան «Գարդենիա Լեբնիզ ֆարմսի» ընկերության հիմնադիր Նիկոլաս Աբու Ֆայսալինն է, որը Հայաստանում ներդրումային խոշոր ծրագիր է իրականացնում: Ընկերությունը բարձրորակ բրենդային սննդամթերք է արտադրում, Եղվարդում, Բագրատաշենում հիմնել է այգիներ, տարբեր մշակաձեւերով ծառատեսակներ է աճեցնում, այդ թվում՝ Հայաստանում մինչ այդ չաճեցված մի շարք ծառատեսակներ (մայրու ընկույզ, շագանակենի, պեկան ընկույզ եւ այլն): Ընկերությունում աշխատում են ինչպես տեղացիներ, այնպես էլ՝ սփյուռքահայեր եւ արաբներ: Նրանց հիմնած այգիների տարածքում էլ հիմնվել է ուխտավայրը: Ըստ նախատեսվածի, այն նաեւ զբոսաշրջային նշանակություն է ունենալու Հայաստանի համար:
Գործարարը արձանը պատվիրել է լիբանանցի նշանավոր քանդակագործ Ջորջ Մախլուֆի արհեստանոցում, այն պատրաստված է ապակեպլաստիկից, խեժից եւ այլ նյութերից: Նախատեսվում է, որ նույն արհեստանոցում մի արձան էլ Վրաստանում դրվելու համար է պատրաստվելու:
Հայաստանում Սուրբ Շարբելի արձանի բացման արարողությանը հրավիրված են բազմաթիվ հոգեւորականներ եւ բարձրաստիճան հյուրեր ինչպես Լիբանանից, այնպես էլ՝ այլ երկրներից, արարողությունը հեռարձակվելու է լիբանանյան հեռուստաընկերություններով:
Լիբանանում Սուրբ Շարբելի պաշտամունքը ավանդույթ դարձած իրողություն է. ամեն ամսվա 22-ին լիբանանյան Սուրբ Մարոնի Աննայա վանքը վերածվում է ուխտավայրի. հազարավոր մարդիկ այցելելով վանք՝ աղոթում են, խմում վանքի ջրից, թաթախվում այնտեղից հոսող յուղով (որը ճրագամանի մեջ լցվելով՝ բնական լույս է արձակում), իրենց հետ տանում ինչպես ջուրը, յուղը, այնպես էլ Ս. Շարբելի պատկերով մասունքներ, հուշանվերներ:
Ամեն տարի բազմաթիւ մարդիկ հանդես են գալիս հայտարարություններով, թե ինչպես է Սուրբը բժշկել իրենց, հարազատներին, կատարել անիրական թվացող երազանքներ: Սուրբ Շարբելի մասին գրքեր են լույս տեսել բոլոր լեզուներով, այդ թվում՝ հայերենով. այդ գրքերը ցուցադրվում են նրա ուխտավայրի գրադարանում: Լիբանանի նրա գլխավոր ուխտավայրում բացվել է նաեւ Սուրբ Շարբելի թանգարանը:
Սուրբ Շարբել Մախլուֆը ծնվել է 1828 թվականի մայիս 8-ին՝ Լեռնալիբանանի գյուղերից մեկում՝ Բըքահ Քաֆրայում, բազմազավակ ընտանիքում: Հայրը՝ Անթուն Մախլուֆը եւ մայրը՝ Բրիջիթան, եղել են բարեպաշտ մարդիկ: Շարբելը շատ փոքր էր, երբ մահացավ հայրը: Մայրն ամուսնացավ մի հավատացյալ մարդու հետ, որ հետագայում մեծ դեր ունեցավ Շարբելի կյանքում:
22 տարեկան տղան որոշում է մտնել Մայֆուքի Տիրամոր վանք ու նվիրվել աղոթական կյանքին: Այս վանքում էլ նա փոխում է իր մկրտության անունը՝ Յուսեֆ, ստանալով երկրորդ դարի նահատակ Շարբելի անունը: Նորընծայական շրջանը ավարտելուց հետո փոխադրվում է Սուրբ մարոնիական Աննայա վանք, ուր 1853 թվականի կատարում է ուխտը, այնուհետեւ տեղափոխվում է Լիբանանի Քիֆիֆանի վանք՝ փիլիսոփայություն եւ աստվածաբանություն ուսումնասիրելու համար:
1859 թվականին Շարբելը ձեռնադրվում է կուսակրոն քահանա: Իսկ 1875 թվականին մտնում է ճգնարան, ուր 23 տարի անցկացնում է լռության եւ աղոթքների մեջ՝ դառնալով Աննայա դարավոր վանքի մենավոր հայրերից մեկը:
Մենաստանում Շարբելն ապրում էր ժուժկալ եւ աղոթական կյանք, ինչի համար ստացավ «Աստծով արբած մարդ» անունը: Նա քիչ էր քնում, շատ աղոթում: Մարդիկ գալիս էին հրաշագործ Շարբելի մոտ՝ զանազան հիվանդություններից բուժվելու, արտերը բերքառատ դարձնելու եւ այլ նպատակների համար:
Ավանդույթն ասում է, որ 1898 թվականի Ծննդյան տոնին նախորդող շաբաթ օրը ճգնավորը պատարագ է մատուցում: Բարձրացնելով սկիհը՝ արտասանում է «Ճշմարիտ Աստված» աղոթքը, որի ընթացքում ձեռքերը կծկվում եւ անշարժանում են: Հայր Մակարիոսը նրան ուղեկցում է իր սենյակ: Ութ օր Սուրբ Շարբելը տառապում է անասելի ցավերից, սակայն չի դադարում աղոթել: Սուրբը մահանում է 1898 թվականին Ծննդյան տոնի երեկոյան:
Հայր Շարբելին հուղարկավորում են վանքի հանրային գերեզմանատանը: Հարեւանությամբ ապրող մարդիկ 45 գիշեր նրա շիրիմի վրա շողացող լույս են տեսնում: Գերբնական երեւույթների կրկնվելու պատճառով պատրիարք Էլիաս Էլ Հայեքը թույլատրում է բացել գերեզմանը, որի մեջ հայտնաբերում են Շարբելի չքայքայված մարմինը եւ կոնքից հոսող ջրախառն արյուն: 1926 թվականին մարմինը տեղափոխում են նոր գերեզման:
1950 թվականին ապրիլի 22-ին մարմինը զննում են բժշկական եւ եկեղեցական երկու հանձնաժողով: Նկատում են, որ այն մնացել է նույն վիճակում, բայց արնահոսում է:
1965 թվականին Հռոմի Պապ Պողոս VI-ը նրան դասում է երանելիների շարքը, իսկ 1977 թվականի հոկտեմբերի 9-ին՝ հռչակում Սուրբ: