image

Փաշինեան. Մեղաւորը Ատրպէյճանն է

Փաշինեան. Մեղաւորը Ատրպէյճանն է

Վարչապետ Նիկոլ Փաշինեան այսօր Երեւանի մէջ՝ Կ. Դեմիրճեանի անուան մարզահամերգային համալիրին մէջ, մասնակցած է Եւրասիական միջկառավարական խորհուրդի ընդլայնուած կազմով նիստի աշխատանքներուն։

Նիստին կը մասնակցին Եւրասիական տնտեսական յանձնաժողովի (ԵՏՀ) վարչութեան նախագահ Միխայիլ Մյասնիքովիչը եւ ԵԱՏՄ անդամ երկիրներու կառավարութիւններու ղեկավարները` Ռուսաստանի կառավարութեան նախագահ Միխայիլ Միշուսթինը, Պելառուսիոյ վարչապետ Ռոման Կոլովչենքօն, Ղազախստանի վարչապետ Ասքար Մամինը, Ղրղզստանի վարչապետ Ալիկբեկ Ժապարովը։

Հայաստանի վարչապետը հանդէս եկած է ելոյթով, որուն մէջ նշած է.

 

«Կառավարութիւնների յարգելի ղեկավարներ,

Պատուիրակութիւնների յարգելի անդամներ,

Ողջունում եմ բոլորիդ Հայաստանում։ Մենք անկեղծօրէն ուրախ ենք՝ Եւրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը հիւրընկալելու հնարաւորութեան համար։

 

Յարգելի գործընկերներ,

Ցաւօք, այսօրուայ հանդիպումն անցնում է մեր երկրի համար լարուած իրավիճակում։ Չեմ կարող չնկատել, որ ինչպէս մէկ տարի առաջ, երբ մենք հիւրընկալում էինք միջկառավարական խորհրդի հերթական նիստը, այնպէս էլ այսօր Հայաստանը բախւում է իր անվտանգութեանն սպառնացող լուրջ մարտահրաւէրների։

Մեր տարածաշրջանը ներքաշուեց լարուածութեան նոր փուլի մէջ, որը, ցաւօք, յանգեցրեց մարդկային հերթական կորուստների։ Դրա պատասխանատուութիւնը կրում է Ատրպէյճանը, որի ռազմական սադրանքներն ուղղուած են մեր երկրի տարածքային ամբողջականութեան խախտմանը եւ 2020 թուականի Նոյեմբերի 9-ի եւ 2021 թուականի Յունուարի 11-ի եռակողմ յայտարարութիւններով ձեռք բերուած պայմանաւորուածութիւնների վիժեցմանը։

 

Յարգելի գործընկերներ,

Գրեթէ երկու տարի է, ինչ աշխարհը, այդ թւում եւ եւրասիական ինտեգրացիան, զարգանում են Covid-19 համավարակի հետեւանքով առաջացած նոր կլոպալ սոցիալ-տնտեսական մարտահրաւէրների ֆոնին։ Ծանր համաճարակաբանական իրավիճակի եւ առողջապահական համակարգերի վրայ մեծ ծանրաբեռնուածութեան հետեւանքները վեր հանեցին խնդիրների արագ լուծման անհրաժեշտութիւնը, այդ թւում՝ դեղագործական ոլորտում:

Այս համատեքստում կարծում ենք, որ երկարաժամկէտ հեռանկարում Միութեան անդամ պետութիւնները ռազմավարական նշանակութիւն ունեցող դեղամիջոցներով ապահովման մակարդակի բարձրացմանը միտուած գործողութիւնների ծրագրի հետեւողական իրականացումը թոյլ կը տայ ձեւաւորել դրանց արտադրութեան ողջ ցիկլը եւ բարձրացնել մեր պետութիւնների ինքնաբաւութեան մակարդակը։

Տեղաշարժի սահմանափակումները եւ հանրային առողջութեան պաշտպանութեան նպատակով ձեռնարկուած միւս միջոցառումներն ընդհանուր առմամբ բացասաբար են ազդել տնտեսութեան շատ ճիւղերի ակտիվութեան վրայ։ Այդ իրավիճակն արտացոլուած է «Եւրասիական տնտեսական միութեան անդամ պետութիւնների միջեւ՝ 2020 թուականին փոխադարձ առեւտրի վիճակի մասին» զեկոյցում։ Կարծում ենք, որ զեկոյցում ամփոփուած արդիւնքներն ու գնահատականներն օգտակար եւ պահանջուած են նաեւ այսօր, երբ մենք փորձում ենք խթաններ գտնել առկայ պայմաններում առեւտրատնտեսական յարաբերութիւնների հետագայ առաջխաղացման համար։

Այս առումով կը ցանկանայի նշել, որ 2021 թուականին Հայաստանն արդէն արձանագրել է ԵԱՏՄ երկրների հետ առեւտրի եւ համագործակցութեան ծաւալի աճի կայուն տեմպեր։ Թիւերն ինքնին խօսուն են. Հայաստանի եւ ԵԱՏՄ երկրների միջեւ արտաքին առեւտրաշրջանառութիւնը 2021 թուականի Յունուար-Սեպտեմբերին, 2020 թուականի նոյն ժամանակահատուածի համեմատ, աճել է 12,8 տոկոսով։ Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանման մատակարարումների ծաւալն այս տարուայ ինն ամիսներին աճել են 27,8 տոկոսով։ Ուրախ եմ արձանագրել, որ աճը գրանցւում է ԵԱՏՄ բոլոր գործընկերների գծով. դէպի Ռուսաստանի Դաշնութիւն արտահանումն աճել է 27,4 տոկոսով, դէպի Պելառուս՝ 19,2 տոկոսով, դէպի Ղազախստան՝ 89,5 տոկոսով, դէպի Ղրղզստան՝ 48,0 տոկոսով։

Դա վկայում է ոչ միայն ԵԱՏՄ շրջանակում առեւտրային համագործակցութեան զարգացման, այլեւ նոր հնարաւորութիւնների առկայութեան մասին, որոնք գործարկուել են համաշխարհային տնտեսութեան կլոպալ կառուցուածքային փոփոխութիւնների պայմաններում։

Այսպէս, ելեկտրոնային առեւտրի հնարաւորութիւնների ընդլայնումը փոքր եւ միջին պիզնեսին աջակցելու որակական նոր մեխանիզմ է, որը կարող է եւ պէտք է նպաստի Միութեան պետութիւնների միջեւ փոխադարձ առեւտրաշրջանառութեան աւելացմանը։

Միեւնոյն ժամանակ, անդրսահմանային ելեկտրոնային առեւտրի ծաւալի աճը մեր առջեւ նոր խնդիրներ է դնում եւ արդիւնաւէտ լուծումներ է պահանջում ապրանքների անվտանգութեան, սպառողների իրաւունքների պաշտպանութեան, ինչպէս նաեւ հարկային եւ մաքսային եկամուտների ամբողջականութեան ապահովման համար։

Թուային փոխակերպման համատեքստում պէտք է դիտարկել նաեւ ԵԱՏՄ-ում բեռնափոխադրումներին հետեւելու համար նավիկացիոն կնիքների կիրառման մասին Համաձայնագրի նախագծի համաձայնեցման բարդ եւ երկարատեւ գործընթացն աւարտին հասցնելը։ Այս կապակցութեամբ կը ցանկանայի նշել ԵԱՏՄ անդամ պետութիւնների ոլորտային գերատեսչութիւնների աշխատանքը ազգային մակարդակով թեստաւորման եւ համաձայնեցման գործընթացում։

Համաձայնագրի դրոյթների կիրառումը հնարաւորութիւն կը տայ անցում կատարել բեռնափոխադրումների թուային կառավարմանը, կրճատել տրանսպորտային-լոկիսթիկ գործընթացի մասնակիցների ժամանակի եւ ֆինանսական ծախսերը եւ օփթիմալացնել մաքսային ընթացակարգերը՝ չնուազեցնելով դրանց արդիւնաւէտութիւնը:

Կը ցանկանայի ընդգծել նաեւ ԵԱՏՄ շրջանակում վարկային պատմութիւններում ներառուած տուեալների փոխանակման կարգի մասին Համաձայնագրի կարեւորութիւնը։ Համաձայնագրի ստորագրումը պայմաններ կը ստեղծի ԵԱՏՄ ընդհանուր ֆինանսական շուկայում անդրսահմանային վարկաւորման զարգացման համար, ինչպէս նաեւ թոյլ կը տայ Միութեան քաղաքացիներին վարկեր ստանալ «հնգեակի» բոլոր պետութիւնների տարածքում։

 

Յարգելի գործընկերներ,

Որպէս ամփոփում՝ կրկին ցանկանում եմ ողջունել ձեզ բոլորիդ Հայաստանում։ Ողջունում եմ նաեւ Ուզպեքստանի վարչապետին, ով միացել է առցանց ռեժիմով։ Եւ հաշուի առնելով, որ սա ընթացիկ տարում Միջկառավարական խորհրդի վերջին նիստն է, ցանկանում եմ նաեւ շնորհակալութիւն յայտնել բոլորին՝ 2021 թուականին ակտիվ համագործակցութեան եւ ինթենսիվ աշխատանքի համար»։

Եւրասիական միջկառավարական խորհրդի նիստում քննարկուել են օրակարգային մի շարք հարցեր։ Մասնաւորապէս, արծարծուել են 2020թ. փոխադարձ առեւտրի հետ կապուած իրավիճակին, ակրոարդիւնաբերական համալիրի զարգացմանը, 2021-2024թթ. ԵԱՏՄ երկրների մետաղագործական ձեռնարկութիւնների հումքով ապահովման միջոցառումների ծրագրին, կլիմայական օրակարգի մասով Միութեան պետութիւնների դիրքորոշումների մօտարկման աշխատանքներին վերաբերող հարցեր։ Քննարկման առարկայ են դարձել ԵԱՏՄ-ում փոխադրումներին հետեւելու համար նավիկացիոն կնիքների կիրառման մասին Համաձայնագիրը, ԵԱՏՄ կենսաբանական անվտանգութեան ռազմավարութեան նախագիծը, ելեկտրոնային առեւտրի զարգացման եւ օրակարգում ընդգրկուած այլ հարցեր։ Նիստի արդիւնքներով ստորագրուել են փաստաթղթեր։

Որոշուել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի յաջորդ նիստն անցկացնել 2022թ. Յունուարին, Ալմաթիում։