ՎԱԼԵՆՍԻԱ.-Ինչպես հայտնում է ՕՐԵՐ-ի թղթակից Արթուր Ղուկասյանը Վալենսիայից, այսօր իսպանական Վալլ քաղաքի մամուլը գուժել է 22-ամյա հայ ֆուտբոլիստ Գոռ Կարապետյանի ողբերգական մահը։ Շաբաթ օրը՝ հուլիսի 9-ին նա դարձել է ավտոճանապարհային վթարի զոհ։
«Վալը սգում է ճանապարհատրանսպորտային պատահարի զոհ ֆուտբոլիստ Գոռ Կարապետյանի համար». նմանատիպ վերնագրով են լույս տեսել տեղական թերթերը։ Ըստ մամուլի, Վալ դԱլաբաիդայի ֆուտբոլային աշխարհը ցնցված է ճանապարհատրանսպորտային պատահարին զոհ գնացած ֆուտբոլիստ Գոռ Կարապետյանի կորուստի կապակցությամբ։ Օնտինյենտից 22-ամյա երիտասարդը մահացել է անցյալ շաբաթ երեկոյան։ Ավտոմոբիլային վթարը տեղի է ունեցել Բոկայրենտում` Ալֆաֆարի եւ Վալի հանգույցի վրա։ Ֆուտբոլիստը եկել էր «Բոկայրենտ»ի թիմի հետ, նշելու մարզաշրջանի մեկնարկը եւ հետ վերադարձի ճանապարհին տեղի է ունեցել դժբախտ դեպքը։
Խաղալով տեղի տարբեր թիմերում, Գոռը քաջ հայտնի էր Վալի ֆուտբոլիստների շրջանում։ «Բոկայրենտ»ի ղեկավար Ռամոն Ֆրանսեսը պարզաբանում է տվել մամուլին. «Խնջույք էինք կազմակերպել սեզոնի բացումը նշելու համար ու շատ չանցած, նա մեկնեց, որպեսզի հասնի Օնտինյետ` իր աշխատավայրը, իսկ հետո ստացանք վթարի մասին լուրը։ Անմիջապես զանգեցինք իր բջջային հեռախոսահամարին։ Նրա մահվան մասին տեղեկացրել է ոստիկանությունը»:
«Մեծ մարդ էր նա»,-նշում էին զրույցի ընթացքում թիմի խաղացողները։
Միշտ կարելի էր` երբ դրա անհրաժեշտությունը լիներ, ապավինել իր վրա»։
«Բոլորին, ով ճանաչել է նրան` Գոռը շատ տխուր փաստի առջեւ կանգնեցրեց»,-ասում է Անխել Գուարները` մեկը, ով իսկապես լավ է ճանաչել Կարապետյանին։ Օնտինյենտեւմ կամ Բոկայրենտում մենք, վստահաբար, հիշատակի երեկո կանցկացնենք ի պատիվ սիրված մեր ֆուտբոլիստի՝ հարգանքի տուրք մատուցելով նրա հիշատակին։ Ամբողջ կիրակի օրը Գոռ Կարապետյանի աճյունին հրաժեշտ են տվել Օնտինյետի, Բոկայրենտի, FEBO-ի, Սան Ռաֆաելի, Ատսենետայի եւ Օնտինյետի բազմաթիվ ֆուտբոլիստներ եւ ֆուտբոլասեր հասարակությունը, մարզիչներ։
orer.eu