image

Ամերիկացի աշխարհահռչակ աստղը՝ հայ ոսկերչի զարդերով

Ամերիկացի աշխարհահռչակ աստղը՝ հայ ոսկերչի զարդերով

 

Ամերիկացի աշխարհահռչակ երգչուհի եւ դերասանուհի Սոֆիա Քարսոնը նախօրեին Նյու Յորքում  իտալացի հռչակավոր տենոր Անդրեա Բոչելլիի հետ ելույթ է ունեցել՝  կրելով հայկական «Եփրեմ»  ոսկերչատան պատրաստած զարդերը: Աստղերը կատարել են  «Նախաճաշ Թիֆանիի մոտ» ֆիլմից «Լուսնային գետ» հայտնի երգը, իսկ երեկոն նվիրված էր Բոչելիի գործունեության 30-ամյակին:

 

 

Հայկական նշանավոր «Եփրեմ» ոսկերչական ընկերության զարդերը հաճախ են աստղերը կրում ելույթների ժամանակ:  Հայտնի են Ջենիֆեր Լոպեսի, Լեդի Գագայի, Մադոննայի, Ռիհաննայի եւ հարյուրավոր այլ աստղերի ելույթներ, երբ նրանք բեմ են բարձրացել «Եփրեմ» դրոշմը կրող զարդերով: 

 

 

Լիբանանում գործող եւ ամբողջ աշխարհում հայտնի «Եփրեմ» ոսկերչատունն աչքի է ընկնում իր նրբաճաշակ ու բարձրաշխարհիկ զարդերով, որոնց հանդեպ անտարբեր չեն նշանավոր մարդիկ: 

Հայկական միջավայրում հայտնի է «Եփրեմ» ոսկերչատան «Խաչքար» անվանմամբ ոսկյա եւ ադամանդակուռ ապարանջանը, որը տարիներ առաջ հայտնվել էր Շառլ Ազնավուրի դաստակին: Ազնավուրը նաեւ կոչ էր անում գնել հայ վարպետների պատրաստած զարդը, որի վրա «Եփրեմ» ոսկերչատան դիզայներները պատառիկներ են դրոշմել հայկական մշակույթից՝ խաչքար, հայոց այբուբենը, իսկ ապարանջանի ետնամասում՝ Վիլյամ Սարոյանի՝ հայ ժողովրդի մասին երկտողերից: Այսօր «Խաչքար» զարդն արդեն 10 տարեկան է: 

 

1964-ին Լիբանանում Եփրեմ Շխրդմյանի հիմնած ոսկերչատունն այսօր ղեկավարում են նրա ընտանիքի երկրորդ սերնդի անդամները: Այս տարի ոսկերչատունն իր հիմնադրման 60-ամյակը նշում է անսովոր պայմաններում: Մի կողմից Լիբանանի ծանր տնտեսական իրավիճակն ու պատերազմը, մյուս կողմից այդ մարտահրավերներին դիմագրավելու եւ ընտանեկան գործը առաջ տանելու կամքը չի լքում հայ ձեռնարկատերերին: