image

Կարելի է արդյո՞ք կանանց ձեռնադրել քահանա

Կարելի է արդյո՞ք կանանց ձեռնադրել քահանա

Եկեղեցին անշեղորեն հետևում է Տեր Հիսուս Քրիստոսի օրինակին:

 

2016թ. նոյեմբերի 1-ին Շվեդիա իր այցից վերադառնալիս Սրբազան Քահանայապետն, ըստ սովորության, հարցազրույց ունեցավ լրագրողների հետ, որտեղ նա խոսեց մի շարք թեմաների մասին` փախստականներին ընդունելը, կին քահանաների գոյության հնարավորության հարցը, խարիզմատիկ շարժումների հետ հարաբերությունները, Վենեսուելլայի նախագահի հետ իր ունեցած զրույցը, աշխարհիկացումը (secularism), իր մոտակա ճամփորդությունները և մարդավաճառությունը:

 

Հռոմ վերադառնալու ճանապարհին, նրա հետ ճանապարհորդող լրագրողների հետ իր ավանդական մամլո ասուլիսում Սրբազան Քահանայապետին հարցրեցին, թե ո՞րն է իր ուղերձը այն եվրոպական պետություններին, որոնք վախենում են փախստականների ներհոսքից,  հատկապես, Շվեդիային` մի երկիր, որն ի տարբերություն շատ երկրների,  առավել հյուրընկալ է եղել փախստականների ու գաղթականների հանդեպ, սակայն վերջերս սկսել է փակել իր սահմանները: Նշելով, որ չի կարելի մեր սրտերը փակել փախստականների առջև՝ Սրբազան Քահանայապետը գովաբանեց Շվեդիայի փախստականների հանդեպ հյուրընկալության օրինակը: Միևնույն ժամանակ նա ասաց, որ փախստականներին ու գաղթականներին ընդունելը շատ կարևոր է յուրաքանչյուր երկրի համար, որպեսզի քայլեր ձեռնարկվեն՝ ապահովելու նրանց պատշաճ կերպով ներգրավվածությունը իրենց հյուրընկալող ազգերի մեջ` ասելով, որ սա մի գործընթաց է, որը ժամանակ է պահանջում: Նա շարունակեց` զգուշացնելով, որ երկիրը կարող է վճարել քաղաքական գին, եթե ընդունի ավելի շատ փախստականներ` քան այնքան, որքան նրանք կարող են պատշաճ կերպով ընդունել: Այս համատեքստում նա դեմ արտահայտվեց փախստական կամ գաղթական համայնքների առանձնաթաղերի ստեղծմանը` ասելով, որ սա մի «վտանգավոր» զարգացում է, որից պետք է խուսափել:

 

Հաջորդ հարցին, թե գալիք տասնամյակներում ինչքանո՞վ իրատեսական կլինի Կաթողիկէ Եկեղեցում կին քահանաների գոյությունն ապագայում, և եթե ոչ, ապա ինչու՞ ոչ, Սրբազան Քահանայապետը պատախանեց, որ այդ հարցի վերաբերյալ վերջին խոսքն արդեն ասված է Սբ. Հովհաննես Պողոս  2-րդի կողմից:

 

Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը ի նկատի ուներ Սբ. Հովհաննես Պողոս Բ Քահանայապետի 1994թ. «Ordinatio Sacerdotalis՝ Սրբազան ձեռնադրություն» առաքելական  նամակը, որի Ա կետում նա հիշեցնում է Պողոս Զ Քահանայապետի նամակը Անգլիկան Եկեղեցու առաջնորդին, երբ Անգլիկան Եկեղեցում ուզում էին ձեռնադրել նաև կանանց: Պողոս Զ-ը գրում է.

 

«Կաթողիկէ Եկեղեցին վստահ է, որ ընդունելի չէ կանանց ձեռնադրել քահանա՝ շատ հիմնարար պատճառներով: Այդ պատճառներն են.

 Սուրբ Գրքում առկա օրինակը Հիսուս Քրիստոսի, ով իր առաքյալներին ընտրեց միայն տղամարդկանցից,

Եկեղեցու մշտական սովորությունը՝ նմանվել Հիսուսին և ընտրել միայն տղամարդկանց,

Եկեղեցու կենդանի վարդապետությունը, որը մշտապես վստահ է եղել, որ կանանց քահանայության մեջ չընդունելը համաձայն է Աստծո ծրագրին՝ Եկեղեցու համար»:

 

Այս առաքելական նամակին կարելի է ծանոթանալ ամբողջությամբ՝ այստեղ:

 

Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետն ավելացրել է, թե կնոջ դերը Եկեղեցում, այնուամենայնիվ, շատ կարևոր է, որ այս մասին ինքը խոսել է բազմիցս: Կան բաներ, որ կանայք նույնիսկ ավելի լավ են անում, քան տղամարդիկ, նաև աստվածաբանության մեջ: Եկեղեցին ինքնին իգական է և որ Եկեղեցու Հոգեգալստյան տոնի վերաբերյալ  աստվածաբանության ու միստիցիզմի տեսանկյունից Մարիամն ավելի կարևոր է քան առաքյալները: Նա բացատրեց, որ Եկեղեցին ունի իր պետրոսյան և մարեմական  կողմերը, և ասաց որ Եկեղեցին չի կարող գոյատևել առանց այս իգական կողմի:

 

Անդրադառնալով Խարիզմատիկ նորացնող շարժման և ավետարանական քրիստոնյաների և Եկեղեցու հարաբերություններին՝ Քահանայապետին հարցրեցին, թե ի՞նչ մտքեր ունի 2017թ. Հռոմում կայանալիք այդ հարաբերությունների 50-ամյակի մեծ իրադարձությանն ընդառաջ: Ի պատասխան, նա խոսեց իր ձեռնարկած նախաձեռնությունների մասին, որոնք ուղղված են Խարիզմատիկ և Վալդենսյան եկեղեցիների հետ կապերի ամրապնդմանն ու բարելավմանը, թե´ որպես Հռոմի Պապ, թե´ որպես Բուենոս Այրեսի նախկին եպիսկոպոս: Քահանայապետը նաև պարզաբանեց, որ չնայած սկզբում նա Արգենտինայի Հիսուսյաններին արգելել էր մասնակցել Խարիզմատիկ հավաքներին, այժմ նա հավատում է, որ «հակառակն է», քանի դեռ նրանք «լավ են աշխատում»:

 

Վենեսուելլայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի և ընդդիմության միջև եղած ճգնաժամում Վատիկանի միջամտության վերաբերյալ հարցը մյուս հարցն էր, որը տրվեց Քահանայապետին, ով իր պատասխանում հաստատեց, որ Սուրբ Աթոռին խնդրել են միջամտել այդ երկրում ընթացող վեճերին և նշեց, որ այս ճգնաժամից դուրս գալու միակ ուղին երկխոսությունն է:

 

Աշխարհիկացման երևույթի մասին հաջորդ հարցին, թե արդյոք դա անխուսափելի է, Քահանայապետն ասաց, որ նա վստահ է, որ սա առաջանում է այն ժամանակ, երբ հավատքը դառնում է գաղջ և նշեց, որ շատ մշակույթներում աշխարհիկացումը շատ ուժեղ է: Նա նաև զգուշացրեց հոգևոր աշխարհիկության հետևանքների մասին՝ ասելով, որ երբ այն ներթափանցում է Եկեղեցի, ապա դա «ամենավատ բանն է»,  որ կարող է պատահել Եկեղեցու հետ:

 

Քահանայապետին տրված վերջին հարցը մարդկային թրաֆիքինգի չարիքի մասին էր, որը վերջերս Վատիկանի Սբ. Մարթա խմբի կողմից անցկացված համագումարի թեման էր: Իր պատասխանում Քահանայապետը խոսեց այն մասին, թե ինչպես էր հուզվել, երբ Բուենոս Այրեսում ապրելիս առաջին անգամ տեսավ մարդկային թրաֆիքինգի զոհերի տառապանքները, սակայն նա նաև գովեց Իտալիայում այս չարիքի դեմ պայքարող կամավորական խմբերի աշխատանքները: Խոսելով հաջորդ տարի իր արտասահմանյան ճամփորդությունների ծրագրերի մասին, Քահանայապետն ասաց, որ «գրեթե վստահ է», որ գնալու է Հնդկաստան և Բուդապեշտ, սակայն հաստատ ծրագրեր դեռևս չկան:

 

Թարգմանեց` Նարինե Գալոյանը   armenianchurchco.com